ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱՀՄԱՆԻՆ 3 ԶՈՀ, 4 ՎԻՐԱՎՈՐ
28.07.2021 17:30

     ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ     

Ադրբեջանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բանակցություններից առաջ զինված հարձակում է գործել Հայաստանի դեմ` ի հաշիվ ՀՀ տարածք ներխուժած իր զինյալների

<<Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր>>,-այս մասին հաղորդվել էր ՀՀ ՊՆ կողմից կեսգիշերին: Դրան հաջորդեց հաղորդումն այն մասին, որ մարտերը շարունակվում են և ժամը 07։00-ի դրությամբ, նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաջորդիվ տեղեկացրեց, որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն: Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ժամը 07։30-ի դրությամբ հայկական կողմն ուներ երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում էին։ Արդյունքում ժամը 08։30-ի դրությամբ պարզվեց, որ հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։ Մարտական գործողությունների արդյունքում ժամը 09։20-ի դրությամբ, թշնամին տալով կորուստներ, ետ է շպրտվել ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվել է։

ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ ՊՆ-ն պաշտոնապես հաստատել է, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը: ՊՆ տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է:

Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին: Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է: ՀՀ ՊՆ