ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍԱՀՄԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ԻՍԿ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՓՈՇԻԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
27.07.2021 21:11

     ԵՐԵՎԱՆ     

Ավագանուց «Իմ քայլը»-ը նոր նախագծով առաջարկում է աշխատավարձերի կտրուկ աճ 2000 աշխատողի հաշվով

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր նախագծով նախատեսվում է Երևանի ավագանու հուլիսի 29-ի արտահերթ նիստում քննարկել Երևանի քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը: Ըստ այդմ՝ Երևանի քաղաքապետի աշխատավարձը կդառնա 1 մլն 320.000 դրամ՝ նախկին 575.000 դրամի փոխարեն, այսինքն՝ աշխատավարձը կավելանա 745.000 դրամով՝ ավելի քան 56 տոկոսով: Հայկ Մարությանը ձևական հայտարարություն է արել, թե իբր դեմ է իր աշխատավարձի բարձրացմանը և չի մասնակցելու քվեարկությանը: Այն տպավորությունն է ստեղծվում, թե քաղաքապետը գործում է «Իմ քայլի» մուրճի ներքո, և իր կամքին հակառակ պարտավոր է փոշիացնել մայրաքաղաքի բյուջեն այն էլ սահմանային լարվածությամբ գոյատևող երկրում՝ փոխանակ ավելացած գումարն ուղղելու այդքան անհրաժեշտ երկրի պաշտպանական ծախսերին: 

Փաստորեն մինչ Ալիևը Երևանը զավթելու պլաններ է կազմում, Երևանի ավագանին խիստ հրատապ է համարում աշխատավարձերի կտրուկ աճը: Որպես կանոն, մասնավոր ոլորտում ընդունված է նման քայլի դիմել, եթե ապացուցվում է կադրային բարձր որակն ու աշխատանքի արդյունավետությունը, իսկ պետական հատվածում նման քայլի որպես կանոն գնում են  բացառապես կայուն զարգացող և խաղաղ պայմաններում բարեկեցիկ ապրող երկրների պետական կառույցները: Մինչդեռ Երևանի բազում խնդիրներ անկարող լինելով լուծել՝ քաղաքապետարանը զբաղված է <<ինքնապարգևատրմամբ>>: Ըստ նախագծի աշխատավարձերը կաճեն հետևյալ կերպ.

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը կդառնա 1 մլն 20.000 դրամ՝ նախկին 478.000 դրամի փոխարեն, աշխատավարձը կավելանա 542.000 դրամով՝ ավելի քան 53 տոկոսով: Քաղաքապետի տեղակալների և գլխավոր ճարտարապետի աշխատավարձը կավելանա 509.000 դրամով՝ 443.000 դրամից դառնալով 952.000 դրամ: Գլխավոր ճարտարապետի օգնականը նախկին 237.000 հազարի փոխարեն կստանա 306.000 դրամ: 

Քաղաքապետի 7 խորհրդականների աշխատավարձը կբարձրանա 220.000 դրամով՝ նախկին 358.000 դրամի փոխարեն դառնալով 578.000 դրամ: Մամուլի քարտուղարը կստանա 331.000 դրամով ավելի՝ նախկին 298.000-ի փոխարեն 629.000 դրամ: Քաղաքապետի գրասենյակում օգնականների աշխատավարձը կավելանա 246.000-ական դրամով՝ նախկին 298.000-ի փոխարեն դառնալով 544.000 դրամ: Երկու գործավարների աշխատավարձը կկազմի  357.000 դրամ՝ նախկին 261.000 դրամի փոխարեն:

Քաղաքապետի տեղակալի օգնականները կստանան 323.000-ական դրամ՝ նախկին 250.000 դրամի փոխարեն, իսկ առաջին տեղակալի գործավարը նախկին 201.000 դրամի փոխարեն կստանա 261.800 դրամ: Աշխատակազմի քարտուղարը 382.000 դրամի փոխարեն կստանա 952 հազար դրամ: Նրա երկու տեղակալները 346.000-ի փոխարեն կստանան 612.000-ական դրամ: