ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՐԱԿՈՂԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ (Գռզո) ԵՂԲԱՅՐՆ Է
21.07.2021 20:18

      ԻՐԱՎԱԿԱՆ           

ՆԱ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է ԻՐ ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԸ, ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ին տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների դեպքով ձերբակալվել է Ռոբերտ Սուքիասյանը, որը «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու, գործարար, հանրությանն առավելապես Գռզո մականվամբ հայտնի  Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: Նշենք, որ կրակոցները հնչել են Ամիրյան փողոցի` դեպի Սարյան հատվածում, ՀՀ ԱԱԾ Երևանի վարչության դիմաց:

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։