ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԵՎ ԻՆՉՈՒ՞
16.07.2021 19:28

     ՍՅՈՒՆԻՔ                    Սյունիքի ներկա մարզպետ Մ. Պողոսյանը չի հերքել իր որդու մասնակցությունը

ՔԿ-Ն ԳՈՐԻՍՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԴԵՊՔՈՎ ՔՈՂԱՐԿԵԼ Է ԱՆԳԱՄ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

2021թ. հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ են հնչել: Դեպքի առնչությամբ ՔԿ-ն տարածել է հաղորդագրություն, ըստ որի` ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, զենքի և որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խախտել են հասարակական կարգն` իրենց մոտ ապօրինի պահվող հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ կրակոցներ են արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չեն հասցրել վերջիններիս  սպանելու հանցավոր դիտավորությունը, քանի որ նրանք տեղափոխվել են <<Գորիսի>> բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել  ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:

Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ դեպքն առնչվում է նախկին ու ներկա մարզպետների հարազատներին, մասնավորապես՝ նշվում է, որ վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի աներորդին՝ Մ. Բարսեղյանը, որի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվում է ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարապետ Պողոսյանը: Սյունիքի մարզպետը Tert.am-ի հետ զրույցում չի հերքել իր որդու մասնակցությունը՝ նշելով, թե ինքը Կապանում է գտնվում, որդու մասնակցությամբ կրակոցներ հնչելու միջադեպի մասին տեղեկություն չունի:

Ըստ որոշ լուրերի՝ վիրավորվել է նաև Հարություն Վարդանյանը, որն ըստ ֆոտոլրագրող Գ. Շամշյանի՝ Սյունիքի ներկայիս մարզպետի որդու ընկերն է:

Շատերին է հայտնի, որ Սյունիքի ներկա ու նախկին մարզպետները մարտական ընկերներ են եղել դեռ 1990-ականների Արցախյան ազատամարտի օրերից: Սուրիկ Խաչատրյանի երկարատև մարզպետության օրոք, Սյունիքն իր անառիկ սահմաններով ապրել է տևական խաղաղություն: 2020թ. Արցախյան պատերազմի արդյունքում ներկայիս իշխանությունը թշնամուն նվիրաբերեց զգալի տարածքներ ոչ միայն Արցախից, այլև Սյունիքի մարզից: Եվ մարզը, կորցնելով իր անվտանգության գոտին, իր միջպետական ճանապարհներով հանդերձ, հայտնվեց թշնամու շուրջօրյա նշանառության ներքո: Ներկայիս անվտանգային սպառնալիքներին զուգահեռ՝ Բաքուն Զանգեզուրյան պլաններ է կազմում, իսկ ՀՀ իշխանությունը մուրճ թափահարում ընդդեմ ժողովրդի 74%-ի, որը չի ընտրել ՔՊ-ին: Նշենք, որ անձամբ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 20-ի նախօրեին կոչ էր տարածել՝ ընտրել <<Պատիվ ունեմ>> դաշինքին:

Հիմք ընդունելով Փաշինյանի ձգտումը՝ պանթուրանական ճանապարհի բացմամբ թշնամուն հանձնել Սյունիքի բանալին՝ հետընտրական այս շրջանում դրսևորվում է մարզում բոլոր հնարավոր ընդդիմացողներին չեզոքացնելու ջանադիր քայլերով, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ հետապնդումներով, կալանավորումներով, արհեստական կոնֆլիկտների հրահրմամբ և ամենամտահոգիչ հարցից՝ <<թշնամուն Սյունիքի միջանցքը հանձնելու>> թեմայից  շեղելու այլ ջանքերով:

,,Գործընթաց,, թերթ

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան