ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ ԸՆՏՐԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՀԻՄՔԸ
07.07.2021 16:12

        ՔԱՂԱՔԱԿԱՆ        

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԻՇԵՐՎԱ ԿԵՍԻՆ Է «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ», ԿԸՀ-Ն ԱՌԱՎՈՏ 10-ԻՑ ՀԵՏՈ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ ԱՅՆ

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրության օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերվա ժամը 02:00-03:00-ին ժամանելով ՔՊ շտաբ՝ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը մատնել է նախապես գծված սցենարով ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրարդյունքի կեղծման փաստը՝ իբրև ամփոփված ներկայացնելով ընտրությունների արդյունքները և բառացի արձանագրելով, որ արդեն հաղթել են, ավելին՝ ստացել մանդատ կառավարության ձևավորման, մինչդեռ այդ ժամին ԿԸՀ-ն դեռ ամփոփել էր ընտրողների 1/3-ի քվեները: Դրա 60%-ն՝ իբրև ՔՊ-ի օգտին տրված, կազմում էր ընդամենը մոտ 230000 քվե, ինչը համազոր է ընտրության մասնակիցների թվի ընդամենը 18%-ին: Հետևապես՝ ՔՊ-ն դրանից իրավունք չուներ եզրահանգելու, թե հաղթել է, առավել ևս համարել, որ ունի մանդատ կառավարության ձևավորման, քանզի այն պահանջում է 50%+1 ձայն:

Ստացվում է, որ ընտրողների 2/3-ի քվեարդյունքը, որ կարող էր արմատապես փոխել ձայների բաշխման ինֆոգրաֆիկան, լինելով անհայտ ու դեռ չամփոփված, ԿԸՀ կողմից որպես ամփոփիչ արդյունք չարձանագրված, ՔՊ-ի պարագլուխն իրեն հռչակել է՝ իբրև հաղթող՝ դրանով իսկ թքած ունենալով ոչ միայն ժողովրդի 2/3-ի վճռորոշ քվեների վրա, այլև ԿԸՀ-ի, որը միայն ժամեր անց պիտի ավարտեր քվեների հաշվարկի ամփոփումն ու առավոտյան նիստով արձանագրեր նախնական արդյունքները: Հարց է ծագում, թե որտեղի՞ց էր Փաշինյանին հայտնի այն, ինչ արձանագրելու էր ԿԸՀ-ն քվեների հաշվարկից հետո 7,5 ժամ անց:

Արդյո՞ք ավարտվել էր քվեների հաշվարկը գիշերվա ժամը 3:00-ին, «Գործընթաց» թերթի հարցին ի պատասխան՝ ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինեն պատասխանեց, որ ոչ, շարունակվում է, բայցև խուսափեց նշել, թե արդյո՞ք ԿԸՀ-ն կարձագանքի կամ պաշտոնապես կդիմի վաղաժամ իրեն հաղթող հռչակածի հայտարարության առնչությամբ: Ի դեպ, արդեն իսկ կայացած համարելով իր հաղթանակը՝ ՔՊ-ն ընդհուպ հրավառություն էր արել այդ հավաքից հետո: Այս փաստը ցանկացած նորմալ երկրում լուրջ հիմք կհանդիսանար դադարեցնելու քվեների հաշվարկը կամ ընտրության կազմակերպիչ կառույցի՝ ԿԸՀ-ի կողմից կարժանանար կոշտ հակադարձման, կանխելու համար ընտրության արդյունքների չեղարկումը:…ԿԸՀ մամլո քարտուղարը մեր հետ զրույցում նախ նշեց, թե տեղյակ չէ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությանը, կծանոթանա և կարձագանքի, ապա նրա հեռախոսահամարն անհասանելի դարձավ: 

Փաշինյանի վերոնշյալ անուղղելի սայթաքումն իրականում հիմք է ընդդիմությանը շախ և մատ անելու նրան, ինչից կարող էին օգտվել՝ անհապաղ տարածելով դատապարտող կոչեր, հանրային հավաք կարող էին անել, որ չարեցին: Գուցե առաջիկա ՍԴ բողոքի ժամանակ քննության առարկա դարձնեն ընտրարդյունքի չեղարկման վերը նշված կարևոր փաստը, դեռ հայտնի չէ: Անվստահության ակնարկով հայտարարություն Փաշինյանի այդ ելույթից հետո տարածել էր ,,Հայաստան,, դաշինքը, բայց դա համարժեք չէր այն արտառոց երևույթին, որն այլ երկրներում հիմք կտար դադարեցնելու քվեների հաշվարկը:

ԿԸՀ պաշտոնական ամփոփումից 7,5 ժամ առաջ սուպերվարչապետի լծակներ ունեցող անձի կողմից կանխակալ արդյունքների հրապարակումը, որը 7,5 ժամ անց համընկնում է ԿԸՀ-ի դակած ցուցանիշի հետ, փոխադարձ գործարքի կասկած է հարուցում և ընտրությունն էապես իմաստազրկող երևույթ է: Ցանկացած մրցութային գործընթաց, որը ենթադրում է արդյունքների ամփոփում, որ ոլորտում էլ լինի, սկզբունքորեն առոչինչ է, երբ դրա արդյունքը թեկնածուներից մեկը կանխավ հրապարակում է պաշտոնական ամփոփումից ժամեր առաջ: Մրցույթի տրամաբանությունն էապես խաթարվում է, երբ դեռ արդյունքները չամփոփված, հայտարարվում է 1-ի հաղթանակը: Տվյալ դեպքում Փաշինյանի ելույթը, որի թվային ապացույցն ունենք և այն նաև հրապարակվել է,  բառացիորեն որպես արդեն իսկ կայացած իրողություն է մատուցել ՔՊ-ի հաղթանակը և կառավարություն ձևավորելու համար պահանջվող չափով մանդատ ստանալը: Տվյալ դեպքում ԿԸՀ-ն պարտավոր էր անհապաղ՝ մոտ ժամը 3:00-ին տարածել դատապարտող կոչ-հայտարարություն՝ հորդորով ՔՊ-ին, որ զերծ մնա կանխակալ, ընտրարդյունքի օբյեկտիվությունը կասկածի տակ դնող հայտարարությունից, ինչը չարվեց անգամ ,,Գործընթաց,,-ի պահանջած պարզաբանումից հետո: Փոխարենը մինչ առավոտ մի քանի նիշով նվազեց ՔՊ-ի տոկոսը 60-ից իջնելով 53,6%-ի…:

Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանը վարչական լծակներ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա է՝ իր ենթակայությամբ ԱԱԾ, ոստիկանություն և այլ ուժայիններ ունեցող, ԿԸՀ-ից 7,5 ժամ առաջ նրա ուղիղ եթերով կազմած ընտրական ,,արձանագրությունը,, ոչ այլ ինչ էր, քան հրապարակային հանձնարարական, որն ուղղվել էր ԿԸՀ՝ մինչ լուսաբաց ՔՊ-ի քվեարդյունքն առնվազն 51% ապահովելու առերևույթ հրամայականով: Նման քայլի գլխավոր դրդապատճառը ոչ միայն իշխանության վերարտադրությունն էր, այլև դավաճանության համար չդատապարտվելու և պատժից խուսափելու ձգտումը…:

Փաշինյանն ընտրարշավին նախանշել էր 60%-անոց նշաձող, որը տապալվեց Երևանում, Կոտայքում, Սյունիքում, Վայոց ձորում և Լոռու մարզում, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկության արդյունքում: Եվ որպեսզի վերջնականորեն չտապալվի 50%+1 ստանալու նպատակը, Փաշինյանը չսպասեց ԿԸՀ պաշտոնական ամփոփմանը և դիմեց առերևույթ ապօրինության:

Ավելի ուշ նկատեցինք, որ ՔՊ շտաբում Փաշինյանի գիշերվա ելույթը նրա ֆեյսբուքում այնքան էին շտապել հրապարակել, որ այն թվագրվել է հունիսի 20-ի ժամը 14:55 դրությամբ: Ըստ այդմ՝ ստացվում է, որ բուն քվեարկության ավարտից դեռ 5 ժամ առաջ է ՔՊ-ն ընտրարդյունք ամփոփել և կառավարություն ձևավորելու մանդատ ստացել:

Եթե սա վրիպում է, ապա հունիսի 21-ի գիշերվա կեսի տեսանյութը փաստ է, որը պահանջում էր անհապաղ արձագանք, բայց ընդդիմությունը շանսը բաց թողեց: Օրինակ, կարող էր նաև գրություն ուղղել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական կազմակերպությանը՝ կոչ անելով արձանագրել ընտրությունների չեղարկման համար լրջագույն հիմք հանդիսացող այդ փաստը, որ ցանկացած այլ երկրում, հատկապես՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում սկանդալի կվերաճեր ու քվեների հաշվարկը կդադարեցվեր: Մինչդեռ ԱՄՆ-ի պետդեպը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չտեսնելու տվեցին, ավելին՝ կոչ-հորդոր ուղղեցին ընդդիմությանը: Թեմայի առնչությամբ, ,,Գործընթաց,, թերթն ԱՄՆ-ի դեսպանի մամլո խոսնակ Թագուհու հետ զրույցում տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է նրանց աչքից ,,վրիպել,, այդչափ արտառոց փաստն, այն է՝ քվեների հաշվարկի կեսին վարչապետի ժ/պ-ի ինքնահռչակումը՝ որպես հաղթող: Թագուհին քար լռությամբ լսեց, որևէ հակադարձում չարեց՝ խոստանալով մեր նկատառումը փոխանցել դեսպանին…: 

ՀՀ ԿԸՀ-ն լուռ ու խոնարհ վավերացրել է Փաշինյանի գիշերվա ժամը 2:00-3:00-ի արձանագրումը, ավելին՝ մերժել ընդդիմադիր 3 ուժի դիմումներն ընտրության արդյունքի չեղարկման: Վերոնշյալ փաստերն իրենց ամբողջության մեջ ամրապնդում խորացնում են կասկածը ԿԸՀ-ՔՊ փոխադարձ գործարքի, նման պայմաններում անհնար է պարզել ընտրության իրական պատկերը: Հուսանք, ընդդիմադիր ուժերը ՍԴ-ում քննության կդնեն ընտրության չեղարկման կարևոր հիմք հանդիսացող վերոնշյալ փաստերը: 

Առավել ամբողջական հրապարակումը ,,Գործընթաց,, թերթի N300-րդ համարում: