ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Պուտին-Փաշինյան հանդիպմանը փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
07.07.2021 15:18

      ՔԱՂԱՔԱԿԱՆ     

Չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իսկապես չորեքշաբթի հանդիպման ժամանակ կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, բայց որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են հայկական ԶԼՄ-ների այն հրապարակման վրա, որ երկու երկրների ղեկավարները հանդիպման ժամանակ իբր կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման տարբերակները եւ ստորագրել համապատասխան փաստաթուղթ։

«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովն ի պատասխան տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքի։ «Հասկանալի է, ե՛ւ Ղարաբաղը կքննարկվի, ե՛ւ ռուսաստանցի զինվորականները, որոնք հիմա այնտեղ տեղակայված են, կքննարկվեն, ե՛ւ առհասարակ երկկողմ հարաբերությունները։ Բայց որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- ընդգծել է նա։