ԻՐԱՎԱԿԱՆ
ՎԻՃԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ԴՐԱՆՔ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՎ
Արդեն իսկ Սահմանադրական դատարան են մուտքագրվել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած 4 քաղաքական ուժի դիմումներ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հարենիք» կուսակցությունների: «Պատիվ ունեմ» 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով է դիմել։ «Հայաստան» դաշինքը վիճարկելու է ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը, փաստական հանգամանքները։ Դաշինքը պաշտոնապես մուտքագրել է դիմում Սահմանադրական դատարան՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով։ Այս դիմումը ներկայացվել է 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ հիմնավորումներով։ «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու, մինչ օրս ընտրական վեճերով քննություն ՍԴ-ում չենք ունեցել»,- ասել է Վարդևանյանը։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումի համաձայն խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ազատությունը և հավասարությունը: Նրանք ՍԴ-ին 5 միջնորդություն են ներկայացրել պետական մարմիններից որոշակի տեղեկություններ պահանջելու կապակցությամբ: Ըստ այդմ՝ պահանջում են
- ԱԱԾ-ին՝ ներկայացնել այն քաղաքացիների քանակը, որոնք ընտրության օրը ստորագրել են ցուցակներում, սակայն ըստ ԱԱԾ տվյալների փաստացի Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվել.
- ՀՀ ՊԵԿ-ին և ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց ընդհանուր քանակը.
- ՀՀ ՊՆ-ին՝ ներկայացնել տեղեկություն, թե որքան զինծառայող է մասնակցել 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին.
- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. հունիսի 20-ին, ո՞ր ընտրական տեղամասերն են հոսանքազրկվել, որքա՞ն ժամանակով և ի՞նչ պատճառներով.
- Գլխավոր դատախազությանը՝ ներկայացնել տեղեկություն, թե 2021թ. մայիսի 25-ից առ 22.06.2021 թվականը ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ քանի՞ հաղորդում է ստացվել իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև այդ հաղորդումներից յուրաքանչյուրի բովանդակությանը համարժեք ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել, քանի՞ քրեական գործ է հարուցվել, ո՞ր հոդվածի հատկանիշներով:
ՍԴ-ն 15 օր ունի քննելու այս դիմումները: