ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ոռոգման ջրի հարցով ի նշան բողոքի՝ Արմավիրում փակել են ճանապարհը
26.06.2021 15:05

      ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ         «Չէինք ուզում դիմել այս ծայրահեղ միջոցին, բայց էլ ելք չկա»,-նշում են 15-ից ավելի գյուղերի բնակիչներ

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում. Հովտաշատ գյուղի մոտ 15-ից ավելի գյուղերի՝ Այգեշատ, Ամբերդ, Դողս, Աղավնատուն, Արագած, Ծաղկալանջ, Հայթաղ, Ակնալիճ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Լեռնամերձ, Ֆերիկ և այլն բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը՝ պահանջելով  հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի և մարզպետի հետ: Բողոքի վայրում կուտակվել են մեծ թվով ոստիկաններ՝ տարածքի ոստիկանապետի գլխավորությամբ:

Ոռոգման ջրի չլուծված վիճակը լրջորեն վնասում է գյուղատնտեսական աշխատանքներին: Մարդիկ պնդում են, որ ոռոգման ջրի համար կանոնավոր վճարումները կատարել են, սակայն, ջուր չեն ստանում, ինչի պատճառով էլ հեկտարներով ցանած բերքը փչանում է, որոշ տեղերում արդեն փչացել է։ «Չէինք ուզում դիմել այս ծայրահեղ միջոցին՝ ճանապարհը փակելու պահով, բայց էլ ելք չկա։ Ո՞ւմ դիմենք, չգիտենք, մարզպետարանին դիմում ենք, ասում են՝ մեր իրավասության մեջ չի, դիմեք Ջրային կոմիտե, Ջրային կոմիտեին դիմում ենք, ոչ գվվում են, ոչ բվվում են։ Հիմա դիմում ենք նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասելով. «Եթե մի քիչ մտածում էիք գյուղացու մասին, հիմա պետք է ստեղ լինեիք, ոչ միայն դուք, այլև Ջրային կոմիտեի կաբինետներում փափուկ աթոռների վրա իրենց թափանները լցնող պաշտոնյաների հետ, իսկ դրա փոխարեն ոստիկանական ուժեր եք բերել էստեղ ու հրահրում եք, որպեսզի ուժի գործադրմամբ ճանապարհը բացենք։ Մենք ամեն պահի էլ պատրաստ ենք ճանապարհը բացել, բայց մեր խնդրին լուծում տվեք։ Բոլորս վարկ ենք վերցրել ու հիմա ջուր չունենալու պատճառով ի՞նչ բերք ենք հավաքելու, որ վաճառենք, էդ անտեր վարկի տակից դուրս գանք։ Հեսա, մի քանի օր հետո վարկային կազմակերպությունից սև թուղթը կուղարկեն, դրանից հետո էլ հարկադիրը կգա ու էս էլ ձեզ՝ ապագա։ Ասում էիք՝ կա ապագա, եթե էս տեսակ  ա լինելու, ձյուն գա ձեր գլխին»,-նշել են բողոքի մասնակիցներն՝ ըստ ֆոտոլրագրող Գ. Շամշյանի։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ նշված վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները, ու հիմա Ռ. Պողոսյանի գլխավորությամբ բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ են տարվում, որպեսզի ճանապարհը բացեն։