ՏՆՏԵՍԱԿԱՆ
Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտ 70 %-ով, կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ընդունվել է որոշում «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», որով ևս 6 ամսով երկարացվում է թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Նշվում է, որ սա ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը։
Որոշումն ընդունվել էր՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային պայմանագրի համապատասխան դրույթը, որում ասված էր, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով: Ըստ էկոնոմիկայի նախարարի ժ/պ-ի՝ ուսումնասիրություն է կատարվել պարզելու, թե ինչ է արձանագրվել նախորդ վեց ամիսների ընթացքում: Թուրքիայից ընդհանուր ներմուծման ծավալները նվազել են մոտավորապես 70 տոկոսով, կտրուկ փոխվել են ներմուծվող ապրանքների կազմը: Եթե առաջ այդտեղ եղել են ավիավառելիք, ցիտրուսային մրգեր, բանջարեղեն, մաքրող միջոցներ, տրիկոտաժ, գործվածք, ապա այժմ՝ հիմնականում շինանյութ, տրիկոտաժ, բամբակե գործվածք և բնական կաշի: Բնական կաշիի վերաբերյալ արտահանման արգելք են դրել: