ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՀԱՂԹԱՏՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ 26 ՏԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆՕՐՐԱՆ ԱՐՑԱԽՆ ԱՊՐԵՑ ԽԱՂԱՂ
07.05.2021 19:18

        ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ    ՉԿԱՐ ԽԱՂԱՂԱՊԱՀԻ ԿԱՐԻՔ, ՔԱՆԻ ՈՐ ԿԱՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ

Այսօր առավել, քան երբևէ ակնհայտ է Արցախյան ազատամարտում 1992թ. մայիսի 8-9-ի Շուշիի հաղթական շրջադարձի կարևորությունը, որին հաջորդած հաղթատոների շարքն արդյունքում ապահովեց հայոց բնօրրան Արցախում տևական խաղաղությունը՝ շուրջ 26 տարի: Խաղաղապահներ ներգրավելու անհրաժեշտություն չեղավ, քանի որ ապահովված էր անվտանգության գոտին, հետևապես՝ չկար տեղաբնիկների՝ հայերի բնաջնջման վտանգ: Ինչպես հայտնի է, նախկին ԼՂԻՄ-ում՝ ըստ ԽՍՀՄ վիճակագրության՝ հայերն 90% էին կազմում, մնացածն այլազգիներ էին, ուստի Արցախյան հարցի արդար լուծման համար սկզբունքային կարևորություն ունի ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս առումով արդեն իսկ կայացած հանրաքվեն ապացուցել էր, որ հայերն իրենց գոյության լուրջ վտանգ են տեսնում և դեմ են Ադրբեջանի կազմում լինելուն, որը մինչ այդ արդեն իսկ ապօրինի որոշմամբ բռնազավթել էր Նախիջևանը և իրականացրել հայերի էթնիկ զտում: 1920թ. էլ հայտնի են Շուշիի հայկական ջարդերը, որի արդյունքում Ադրբեջանը ԽՍՀՄ հետագա տարիներին փորձեց փոխել այստեղ էթնիկ կազմն՝ արհեստական բնակեցնելով ադրբեջանցիների: Արցախի այլ հայկական բնակավայրերի նույն ճակատագիրն էր սպասվում Ադրբեջանի կազմում, ուստի ԽՍՀՄ փլուզումը հիմք եղավ հանրաքվեով ինքնորոշվելու: Հետագա սանձազերծված պատերազմն ավարտվեց Ադրբեջանի պարտությամբ:

1994թ. զինադադարից հետո, երբ մեր կամավորներն ու բանակն արել էին իրենց պարտքն՝ ապահովագրելով Արցախի բնակչությանը բնաջնջումից, պետք էր բանակցային գործընթացը ՀՀ կողմից տանել՝ ի դեմս պրոֆեսիոնալ կադրերի, որոնք պետք է ունակ լինեին ամրագրելու պատերազմի հաղթական արդյունքը: ՄԱԿ-ի բանաձևերը, ապա Արցախի դուրսմղումը բանակցությունից, ոչ ճիշտ, կամայական կադրերի ընտրությունը դանդաղեցրին բանակցային առաջընթացը: Մինսկի խմբի կողմից մշակվեցին առաջարկներ, որոնք քննարկվել, բայց 26 տարում չեն ստորագրվել…: 2018թ. նոր եկած Փաշինյանի իշխանությունը նախորդների պահպանած հարաբերական խաղաղությունն անկարող եղավ պահել…: 1 թիզ հող անգամ ազատագրած չլինելով՝ ,,դասալիքների,, իշխանությունը նոյեմբերի 9-ի անգրագետ հայտարարությամբ թշնամուն հանձնեց Արցախի 75%-ը: Դա դուրս էր ՄԱԿ-ի բանաձևերից և 26 տարվա բանակցային առաջարկներից: Միայն դավաճանը կարող էր դրանց գումարել անվտանգության գոտու զիջումը…

Ու դեռ Բաքվում այս օրերին փորձում են ցույցեր անել՝ ընդդեմ ռուս խաղաղապահների, որոնք կանխարգելում են Ցեղասպանությունն Արցախում: Միաժամանակ Ադրբեջանը կոչ է անում՝ Ֆրանսիային դուրս մղել Մինսկի խմբից, որը խոշորացույցով աշխարհին մատնանշում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավանորմերի խախտումները: Այս տեսանկյունից նաև համեմատելով 1994թ. և 2020թ. իրողությունները՝ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց 1994թ. ազատագրված Արցախի Հանրապետությունը: Մինսկի խմբի մյուս երկրից՝ ԱՄՆ-ից ևս իշխանությունն արձանագրել է, որ 2020թ. պատերազմի արդյունքն ընդունելու դեպքում հարց կծագի, թե ինչու՞ չի ընդունվում 1994թ. պատերազմի արդյունքն, այն դեպքում, երբ դրա հետևանքով խաղաղապահների կարիք չեղավ մի ողջ 26 տարի:

Ադրբեջանը փաստացի խախտել է բանակցության հիմքում դրված սկզբունքները, փորձում է կազմաքանդել Մինսկի խումբն՝ արժեզրկելով Երկրորդ աշխարհամարտի արդյունքում ստեղծված ՄԱԿ-ի բանաձևերը, կանոնակարգն ու որոշումները: Այս զարգացումները վերահաստատում են Մայիսի 9-ի հաղթատոնի կարևորությունը՝ որպես ֆաշիզմի դեմ կրկնակի հաղթատոն: Փա՛ռք Հայոց բանակին և 1990-ականների հաղթանակը կերտած նահատակ, թե կենդանի կամավորականներին, հերոս-ազատամարտիկներին, նրանց թվում են՝ Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Թաթուլ Կրպեյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Մանվել Գրիգորյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Վիտալի Բալասանյանը, Սեյրան Սարոյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Շահեն Մեղրյանը, Վուրգը, Մանվել Եղիազարյանը, Արթուր Առաքելյանը, Հովիկ Ազոյանը, Աշոտ Մինասյանը, Սուրիկ Բաղդասարյանը, Մովսես Հակոբյանը, Մանվել Օհանյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Մանվել Վարդանյանը, Արամ Ավանեսյանը Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը և այլք: Անկախ ունեցած տարբեր հայացքներից՝ նրանք կռվել են՝ հանուն 1 ընդհանուր նպատակի՝ ազատագրել հայրենիքը թշնամուց՝ ադրբեջանա-թուրքական ուժերից:

Սույն հրապարակումն արված է որոշ կրճատումներով:

Հոդվածն ամբողջական հրապարակված է ,,Գործընթաց,, թերթի ապրիլի 30-ի համարում

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան