ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց. Ա. Այվազյան
06.05.2021 20:19

    ԱՐՏԱՔԻՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ   

Շուշիի Մայր Տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած պաշտոնական երկօրյա այցի շրջանակում կայացած համատեղ մամուլի ասուլիսին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը նշել է. <<Քննարկված հարցերի շրջանակը բավական լայն  և ներառական էր՝ պայմանավորված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ներկա մակարդակով։ Անկեղծության և վստահության մթնոլորտում կայացած բովանդակային բանակցությունների ընթացքում անդրադարձ կատարվեց ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում գործընկերությանն առնչվող հարցերի…Բնականաբար, առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնենք համատեղ ջանքերը։ Մանրամասն քննարկեցին այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ ուղղված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում։ Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության ջանքերը, որոնցում խիստ արդիական է  մնում ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը: Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց։ Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրեցի միջազգային հանրության մոտեցումները և մեր հարևան երկրին հասցեագրված կոչերը՝ կատարելու իրենց միջազգային պարտավորությունները: Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը: Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։ Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»: Անդրադարձ կատարվեց  նաև Արցախում առկա հումանիտար խնդիրներին: Արցախում կենսապայմանների վերականգնման նպատակով ձեռնարկվող քայլերի համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ երախտագիտությամբ նշել ռուսական կողմի ջանքերը: Այսօր արցախցիների համար առավել քան կարևոր է մարդկանց իրենց տուն վերադառնալու, ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի վերականգնման, բնականոն կյանքի հաստատման, առողջապահության հետ կապված խնդիրների լուծումը։ Միջազգային համապատասխան կազմակերպությունների՝ Արցախի վերականգնման գործընթացին միանալու հարցի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում վերահաստատեցի, որ Արցախ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի. խոսքը համընդհանուր մարդու իրավունքների պաշտպանության մասին է, որը չպետք է պայմանավորված լինի կարգավիճակի վերաբերյալ ընկալումներով: Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված բազմաթիվ մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը շարունակում է մնալ առավել քան արդիական։ Ադրբեջանական կողմից շարունակվող վանդալիզմի դեպքերի լույսի ներքո այս խնդիրը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավում: Անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման հարցերը նույնպես եղել են մեր քննարկումների կենտրոնում>>:

Ապա նշել է, թե անդրադարձել են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցին, ինչը նկատենք խիստ անհամահունչ է առկա իրավիճակին: Վերջերս ՀՀ վերադարձան 3 գերիներ, իսկ մոտ 185-ը, եթե ոչ ավելին շարունակում են կտտանքների ենթարկվել Բաքվում: Նման պայմաններում անտեղին էր քննարկել ապաշրջափակման, առևտրային բնույթի հարցեր: Հարց է ուղղվել նախարարի ժ/պ Այվազյանին՝ Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի դեպքերի հետ կապված: Հարցին ի պատասխան Ա. Այվազյանը նշել է. << Ապրիլի 13-ին Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաև պատմամշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման անհրաժեշտությանը։ Մենք սերտորեն համագործակցում ենք UNESCO-ի հետ՝ ակնկալելով, որ առաջիկայում տեղի կունենա գնահատման առաքելության այցը տարածաշրջան, և լիահույս ենք, որ UNESCO-ն գործուն քայլեր կձեռնարկի այդ առաքելությունը կյանքի կոչելու ուղղությամբ։ 

Տեսեք, պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը, ընդհանրապես,  նախ և առաջ, մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց՝ Ադրբեջանին ուղղված կոչով։ Իրենց նամակում նրանք ընդգծել են հոկտեմբերի 8-ին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր Տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են Մայր Տաճարի վերակառուցման աշխատանքներում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։ Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը, ավելին՝ նա միակողմանի կոպիտ միջամտությամբ ի ցույց է դնում, որ արհամարհում է միջազգային կառույցների, հատկապես՝ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի նորմերը։ Պետք է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր Տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտանմունքի վայր>>։ 

<<Գործընթաց>> թերթ