ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՅԴԵՆԻ ԱՐԴԱՐԱՄԻՏ ՈՐՈՇՈՒՄԸ՝ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
24.04.2021 22:49

      ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՊԱՀԱՆՋՈՒՄ     

Երկար սպասված ճանաչումը փոթորկել է Էրդողանին և Ալիևին

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հաստատակամ և արդարամիտ գտնվեց իրերն ու երևույթներն իրենց անուններով կոչելու հարցում՝ապրիլի 24-ի իր ուղերձում 1915թ. կատարվածը բնորոշելով Ցեղասպանություն.

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում։

Վերապրածներից շատերը ստիպված եղան նոր տներ և նոր կյանք գտնել աշխարհով մեկ՝ այդ թվում Միացյալ Նահանգներում: Ուժով և տոկունությամբ՝ հայ ժողովուրդը վերապրեց և վերստին կառուցեց իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի:

Այսօր, երբ մենք ողբում ենք մեր կորուստները, եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մի աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր ժողովուրդները կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ կյանքով։ Եկեք վերահաստատենք ապագայում վայրագությունները կանխելու մեր հաստատակամությունը՝ աշխարհի որ անկյունում էլ լինի։ Եվ եկեք հասնենք աշխարհի բոլոր ժողովուրդների հաշտեցմանն ու ցավերի ամոքմանը։ Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով»,-նշված է նրա ուղերձում:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն ասել էր, թե այդ ճանաչումն իրավական հետևանք չի ունենա՝ նմանվելով հանցագործի, որը խոստովանում է իր արարքը՝ միաժամանակ հուսադրում ինքն իրեն, որ պատիժ չի կրի: Մինչդեռ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման որոշումից հետո Չավուշողլուն իր նախագահ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ փոթորկվել են՝ ըստ տարածվող լուրերի: