ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ֆրանսիայի նախագահը Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ
24.04.2021 22:16

     ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ     

Երևանում Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը, որը 2020թ. ընդունեց Արցախի ճանաչման բանաձևն, այցելել է Ծիծեռնակաբերդ

Այսօր՝ ապրիլի 24-ին, որը Ֆրանսիայում 2019 թվականից ի վեր նշվում է որպես 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ <<Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են դեպի պատմության զրկանքները կրած Հայաստանը։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, ում ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա>>,-նշել է Մակրոնն իր ուղերձում՝ հավելելով,-<<Անցյալը հիշելը՝ ընդունելով ճշմարտությունը, հանգուցյալներին հարգանքի տուրք մատուցելը և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու համար մոռացումը, ժխտումը, սուտը։ Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք նաև հանձնառու ենք ապագայի հանդեպ այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեր կողքին Ֆրանսիան մղել է և կշարունակի մղել, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։ Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը>>։

Նշենք, որ Երևանում է Ֆրանսիայի ներկայացուցչական պատվիրակությունն՝ ի դեմս Ֆրանսիայի Սենատի նախագահի՝ Ժերար Լարշեի, որը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ: Ավելի վաղ, Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել ՀՀ Արտաքին Գործերի նախարարությանը կից գործող Մշակութային Դիվանագիտական հարթակի կողմից կազմակերպված «Վտանգված ժառանգություն. Արցախ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, 2020թ. Արցախյան պատերազմից հետո նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը՝ 1994թ. սահմաններով:

ՀՀ նախագահի նստավայրում կայացած պարգևատրման արարողության ժամանակ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշել է,-«Մենք ցանկանում ենք անցնել Լեռնային Ղարաբաղի ճանաչման ճանապարհով, անցնել քաղաքական բանակցությունների ճանապարհով, որը կհանգեցնի տևական և կայուն խաղաղության»։ Ապա հավելել է, որ <<Մենք կարծում ենք, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, համապատասխան պատասխանատվություն է կրում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին և այս շրջանակում է մեր բանաձևը, որ նախ ընդունվեց Սենատում, հետո՝ Ազգային ժողովում։ Մենք ցանկանում ենք դրան հաղորդակից դարձնել Եվրոպական խորհրդարանին ու եվրոպական այլ երկրների խորհրդարաններին, և սա ճանապարհ է հարթում», - ասել է Ֆրանսիայի Սենատի նախագահը։ 

<<Գործընթաց>> թերթ