ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿՆ՝ ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ
24.03.2021 23:30

    ՀՈԳԵՎՈՐ //  ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ  

Հայ Առաքելական եկեղեցին՝ տոնի վերաբերյալ ավանդական հարցերի շուրջ մանրամասներով

Այս տարի ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Հայաստանում բացի տոնական ավանդույթներից արդիական են նաև տոնի վերաբերյալ ավանդական հարցերը: Պահքից դուրս գալու համար պետք է Ս. Զատկի ճրագալույցին՝ շաբաթ օրը, առավոտից ծոմ պահել (ոչինչ չուտել և չխմել՝ բացի ջրից, ծոմ չեն պահում առողջական խնդիր ունեցողները, երեխաները, կերակրող մայրերը կամ հղիները), իսկ երեկոյան մասնակցելով Ճրագալույցի Պատարագին՝ (ժամը 18:00) Ս. Հաղորդություն ստանալ, որից հետո դուրս գալ պահքից։

Ս. Զատկին հավկիթ ներկում են տոնի նախորդ՝ շաբաթ օրը, իսկ երեկոյան Ճրագալույցից հետո պատրաստում զատկական սեղանը։ Հավկիթը ներկում են, իսկ փլավը եփում չամիչով։ Կարմիր հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Հետևաբար, չկա նման կանոն, որ Ս. Զատկին, եթե տանը ննջեցյալ կա, ապա հավկիթ չեն ներկում։Հավկիթ ներկելը սգի նկատմամբ անարգանք չէ: Սուրբ Զատկին միմյանց շնորհավորում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով: 

Սխալ է այն կարծիքը, թե Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ են ներկում և ուտում։ Ավագ հինգշաբթին պահքի շրջան է։ Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ Պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:

Գերեզմանատուն գնալը Ս. Զատիկի օրը խստիվ արգելվում է։ Հոգեհանգստի և գերեզմանատուն այցելության օրը մեռելոցն է։ «Հին ննջեցյալ» կամ «նոր ննջեցյալ» հասկացողություն չկա․ բոլորը հավասար են, և բոլորի շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է ՝ այս տարի ապրիլի 22-ին: Այդ օրը` մեռելոցին, պետք է գնալ եկեղեցի, մասնակցել հոգեհանգստյան Պատարագին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին