ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ նախագահը չստորագրեց վարչապետի առաջարկը
27.02.2021 19:25

     ՊԱՇՏՈՆԱԿԱՆ      

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու

վարչապետի առաջարկն առերևույթ հակասում է ՀՀ Սահմանադրությանը

2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին է ներկայացվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով: Առաջարկության կապակցությամբ Հանրապետության նախագահը խորհրդատվություններ և հանդիպումներ է ունեցել իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Հրամանագրի նախագիծն ուսումնասիրվել է Հանրապետության նախագահի աշխատակազմում, ամենայն մանրամասնությամբ քննարկվել է առաջատար իրավաբանների և անկախ փորձագետների հետ: Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

Մեկ անգամ ևս շեշտում ենք, որ Հանրապետության նախագահը չի պաշտպանում որևէ քաղաքական ուժի և որոշումները կայացնում է՝ առաջնորդվելով բացառապես համապետական և համազգային շահերով: Անվիճելի է, որ զինված ուժերը քաղաքական հարցերում պետք է պահպանեն չեզոքություն: Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել: Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:

Հիշեցնում ենք, որ հրամանագրի նախագիծը Հանրապետության նախագահին է ներկայացվել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և գլխավոր շտաբի ավելի քան չորս տասնյակ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հայտարարությունից հետո, ռազմական դրության իրավիճակում, քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում: Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է հրամանագրի նախագիծը: Հանրապետության նախագահը հետապնդում է մեկ նպատակ՝ երկիրը զերծ պահել սահմանադրական կարգին ու անվտանգությանը սպառնացող վտանգներից, ապահովել երկրի կայունությունը և զինված ուժերի բնականոն գործունեությունը: