ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԴԱՍՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՇԱՀԵՐԻ
05.01.2021 18:46

    ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ    

GPS-Ն Ի ՍԿԶԲԱՆԵ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԱՄՆ-Ի, ՆԱՏՕ-Ի ՌԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ՝

ՀՐԹԻՌՆԵՐԻ ԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀՀ սահմանային կետերի տեղորոշումը GPS-ով ստորադասում է մեր պետական, ազգային անվտանգությունն օտարերկրյա շահերի, ինչը դատապարտման ենթակա արարք է: Որպես հանրային իրազեկում, հարկ ենք համարում տեղեկացնել, որ GPS-ը տեղորոշման գլոբալ համակարգ է, նավիգացիոն սպուտնիկային համակարգ, որը մշակվել և կյանքի է կոչվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից, ուստի GPS ազդակների ստացումն այլ օգտվող սուբյեկտների կողմից ուղիղ կախում ունի ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունից: Այս համակարգի ստեղծման պատմությունը վկայում է, որ այն ի սկզբանե մտածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-յի ռազմական նպատակների համար դեռևս ԽՍՀՄ-ի դեմ սառը պատերազմի տարիներից:

Ռազմական նպատակներն այս համակարգի կիրառության բավականաչափ լայն են ու վտանգ են ներկայացնում այլ պետությունների համար, քանզի GPS համակարգով կարող են թիրախավորված կիրառել բալիստիկ և այլ հրթիռներ, ատոմային զենք, օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ և այլ ռազմական տեխնիկա օդում, ցամաքում և ստորջրյա ռեժիմով: Այս համակարգը տարեցտարի զարգացվել է՝ հաշվի առնելով ԽՍՀՄ-ի, ավելի ուշ՝ ՌԴ-ի, Չինաստանի և այլ պետությունների զինված ուժերի կողմից GPS ազդակների ապակոդավորման խնդիրները:

Ներկայում ԱՄՆ-ՌԴ վերաֆորմատավորված պատերազմի, սպառազինությունների մրցավազքի պայմաններում վերարթնացել են նոր հակադրություններ ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Չինաստան և այլն: Եվ պատահական չէ, որ GPS-ը հընթացս թույլ է տրվել կիրառել նաև քաղաքացիական շրջանակներում, այդ թվում՝ սմարթֆոններում, ընդլայնելով այդ ազդակներով սպառնալիք հանդիսացող գոտիներից տվյալների ստացման և կառավարելիության մակարդակը: Հայաստանի դեպքում GPS-ի օգտագործումն ուղղակիորեն սահմանային կետերի տեղորոշման պատրվակով, մեր երկիրը կառավարելի և խոցելի է դարձնում  օտարերկրյա շահերի տեսանկյունից:

Եթե առավել համառոտ և մատչելի ներկայացնենք. GPS-ը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչներից.տիեզերական, կառավարչական և կիրառական: Տիեզերական բաղադրիչը բաղկացած է մոտ 32 սպուտնիկներից, որոնք հընթացս նաև տեխսպասարկում են անցնում այն կառավարող սուբյեկտների կողմից: Կառավարչական բաղադրիչը բաղկացած է կառավարման գլխավոր կայանից և մի քանի լրացուցիչ կայանքներից, նաև պետության ներսում տեղակայված ալեհավաքներից և մոնիթորինգի կայանից: Կիրառական բաղադրիչը GPS ընդունիչ սարքերն են, որոնք գտնվում են պետական ինստիտուտների կառավարման ներքո, և այլ օգտագործողների կողմից կիրառվող ընդունիչ սարքերն են:

Հանդիսանալով ԱՄՆ-ի պրոյեկտը՝ 1990-ականներին որոշվեց GPS կիրառել  նաև բջջային հեռախոսներում: Արցախյան վերջին պատերազմի ժամանակ էլ այդ ազդակները խիստ բացասական դեր խաղացին՝ հիմք տալով թիրախավորել  թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինված ուժերին:

Եվ պետք է ՀՀ իշխանությունը խոստովաներ, որ իրականում պարտվել են ,,Թվային Հայաստան,, հայեցակարգի պատասխանատուները: Պարտվել է սոցցանցային կառավարությունը, քանզի նրա անդամները՝ Փաշինյան, Ավինյան և այլք, շարքային մասնիկների, նեյրոնների պես կառավարվել ու կառավարվում են թվային օրակարգ թելադրող արևմտյան սուբյեկտների կողմից: Եվ տգիտությունը շարունակվում է՝ ընդհուպ սահմանային կետերի GPS-ով տեղորոշում: Մինչդեռ այս համակարգի տեխբնութագրից ակնհայտ է, որ GPS ուղեծրից փոքր-ինչ շեղումը /մոտ 550/ էականորեն նվազեցնում է դրանով չափագրումների ճշգրտությունը, հատկապես եթե նաև տեղանքում շենքեր, լեռներ և այլ բարձր օբյեկտներ կան: ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը հանդիսանում են բարձրլեռնային տարածաշրջաններ, ուստի ակնհայտ էր, որ չափումների ճշգրտության մասին խոսք լինել չէր կարող: Առավել ևս, որ քարտեզագիրներն էլ պնդում են, որ GPS-ը գործում է՝ ըստ նախապես գծանշված քարտեզի, նրանում նշված այս կամ այն կետերի տեղորոշմամբ: Ի՞նչ քարտեզ է օգտագործվել Գեղարքունիքի Սոթքի դեպքում և ՀՀ-Իրան միջպետական Սյունիքի մարզի Կապան-Գորիս ճանապարհի վրա GPS կիրառելիս անհայտ է հանրությանը: Նման ապօրինության թողտվությունը ոչ միայն վարչապետի, այլև ԱԱԾ տնօրեն Աբազյանի պատասխանատվության տիրույթում է:

Ի վերջո, Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-յի անդամ ու նրա եղբայր Ադրբեջանն ԱՄՆ պաշտպանական գերատեսչության հետ կարող էին ունենալ գաղտնի գործարք, որը կարող էր ունենալ կոռուպցիոն բաղադրիչ և ԱՄՆ շահերից բխող մոտիվացիա՝ կապված Իրանի դեմ պատերազմ սկսելու նպատակահարմարության հետ: ՀՀ իշխանությունը թույլ տալով սահմանային կետերի տեղորոշման պատրվակով  GPS-ի կիրառում՝ դրանով իսկ թույլ է տվել նաև անվտանգային տվյալների արտահոսք, որի արդյունքում ըստ կոորդինատների տեղորոշվել է դեպի Իրան գրեթե ողջ ճանապարհը, որը հիմնականում ծառայում է բեռնափոխադրումներին, այդ թվում՝ ՀՀ բյուջե զգալի հարկ վճարող հանքերից տեղափոխվող բեռների, դրա հետ մեկտեղ բնակավայրերն են թիրախավորման ռիսկի ներքո հայտնվել: Հիշեցնենք, ավելի վաղ հրապարակել էինք մեր համեմատական վերլուծությունն, ըստ որի՝ ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսին, ի համեմատ ՀՀ-ում գործող այլ օտարերկրյա դեսպանների, ամենահաճախն է վերջին տարում այցելել Սյունիքի մարզ: Այս ընթացքում էլ ՀՀ վերադասի հետ ամենահաճախ հանդիպած դեսպանն է, որը մինչ օրս որևէ հոդաբաշխ կարծիք չի հայտնել, դիցուք, դատապարտելու  տեռորիստական Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնակարգի և միջազգային իրավանորմերի կոպտագույն խախտումները, նշելու, թե ի՞նչ կարգավիճակով է պատկերացնում Արցախը-դեօկուպացված, թե՞ իբրև Ադրբեջանի մաս: Առայժմ հայտնի է, որ ամերիկացի դեսպանուհու համար Սյունիքը  մոշ հավաքելու վայր է, իսկ GPS-ով սահմանային կետերի տեղորոշումը լիովին ԱՄՆ շահերի ու կառավարման տիրույթում է, ինչը սակայն թույլ չէին տա, եթե իրենց  երկրի սահմանները որոշվեին այլ պետության սպուտնիկային համակարգերով:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 291 համարում