ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
2020Թ.-Ը ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԻՄԱԶԵՐԾՄԱՆ ՏԱՐԻ
05.01.2021 18:30

    ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ԵՌԱԲԼՈՒՐ ԴԱՎԱՃԱՆԻ ԶԻՆՅԱԼ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ

ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ

Ավարտվող 2020թ.-ը վերահաստատեց դեռևս 2,5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի հնարավոր գործելաոճին տրված մեր բնութագիրը, և նա բացահայտվեց իր բոլոր գույների մեջ, բազմաշերտ դիմակներով: Տարին առաջադրեց այնպիսի իրավիճակներ, որոնց լուծումը պահանջում էր իրական վարչապետական կարողություններ, ինչը չուներ Փաշինյանն՝ ի հեճուկս իր 2018թ. այն պնդման, թե կամ Հայաստանը վարչապետ չի ունենա կամ ինքը պետք է դառնա վարչապետ: Նրա ձախորդությունների շարքին այս տարի ավելացան կորոնավիրուսի դեմ պայքարում պարտությունը և Արցախյան 3-րդ պատերազմի արյունոտ ելքն ու ստորագրած նոյեմբերի 9-ի եռակողմ անգրագետ փաստաթղթով հողերի անհիմն հանձնումն՝ ընդհուպ ներկայում ՀՀ տարածքային ամբողջականության վտանգումը:

Նրան՝ որպես դավաճան, հորդորել էին չգնալ Եռաբլուր՝ հարգելով բազմաթիվ զոհերի հարազատների, սևազգեստ մայրերի, 17 ՀԿ-ների պահանջը, սակայն, պարզվեց, նա հենց նման առիթի էր սպասում՝ սադրելու հանրային առճակատում հենց Եռաբլուրում: Գիտակցելով, որ 3-օրյա սգի 1-ին օրը Եռաբլուրը լի է քաղաքացիներով, նա իր դասալիքների գնդով, զինյալ թիկնազորով ներխուժեց սրբատեղի հանդիսացող Եռաբլուր՝ բախվելով զոհերի հարազատների ու ազատամարտիկների հետ, խաթարելով խաղաղ սուգը: Երբեմնի ,,հեղափոխական,, Փաշինյանին ժողովրդից պաշտպանելու համար թիկնազորը կրում էր փամփուշտներից պաշտպանող ճամպրուկ և անձրևանոց: Նրա ճանապարհն ուժային կառույցները բացեցին բիրտ ուժով: Այս քայլով Նիկոլն ապացուցեց իր մեղքը 2008թ. մարտի 1-ի զոհերի հարցում, ձեռագիրը նույնն է:

Եռաբլուրից հետո բազմաթիվ դատապարտումներ եղան: Եվ որքան էլ տարօրինակ է, հենց հաջորդող օրերին Սյունիքի մարզում նահանջի հրահանգ իջեցվեց՝ զիջել թշնամուն կարևոր դիրքեր, որոնց հետևանքով տարածքային ամբողջականության խաթարմամբ, ՀՀ-Իրան միջպետական ճանապարհի կարևոր հատվածներ հանձնվում են թշնամուն, ՀՀ քաղաքացիները զրկվում գույք-սեփականությունից:

Սյունեցիները խոչընդոտեցին նրա այցը մարզ, և Սիսիանից նա չկարողացավ առաջանալ դեպի Գորիս: Ավելին, նրան մերժեց ընդունել նաև Սիսիանի քահանա Տեր Պարգևը: Ավելի վաղ, դավաճանից Մայր Աթոռն էր պահանջել հրաժարական տալ: Եվ նա թույլ տվեց իր հետևորդներին վրեժխնդիր լինել՝ հաշիվ պարզելով Սիսիանի քահանայի հետ: Նման դեպքերում դժվար է տարբերել եկեղեցու և հոգևորականի դեմ ,,արշավողներին,,  տեռորիստ մոջահեդների ,,Ալլահ, աքբար,, կոչերից ու գործելաոճից:

Մայր Աթոռի դիվանապետը պարզաբանելով հրաժարականի պահանջը՝ նշել է. ,,Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ բարձրաստիճան եկեղեցականների՝ վարչապետին ուղղված հրաժարականի պահանջը մի ու միայն թելադրված է ազգային, պետական շահերից,,՝ հավելելով, որ հաշվեհարդարներով հնարավոր չէ լռեցնել Եկեղեցուն: Եկեղեցին հալածանքին դիմակայելու պատմական հարուստ փորձ ունի:

Դեկտեմբերի 27-ի պատարագից առաջ էլ լուրեր էին շրջում, թե հրահանգվել է հարձակվել Մայր Աթոռի վրա, բայց ՀՀ դատախազությունը հայտարարեց, որ նման ցանկացած փորձ քրեական գործի հիմք կդառնա: Եվ միջադեպը կանխվեց: ,,Ամուր կանգնենք եկեղեցու կողքին,, կարգախոսով բազմաթիվ քաղաքացիներ այցելեցին Մայր Տաճար և Ս. Գայանե եկեղեցի՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի 28.12.2020թ. թիվ 291 համարում