ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՑԱՎՈՏ ԶՐՈՒՅՑ ԱԹՈՌԻ ՀԵՏ
30.12.2020 20:35

     ՔԱՂԱՔԱԿԱՆ     

ԴԺԳՈՒՅՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ` ԿԱՇԱՌՔԻ ԹԵՄԱՆ ՓԱԿԵԼՈՒ,

ԹՇՆԱՄՈՒՆ ՊԼԱՆԸ ՎԵՐՋՆԱԿԵՏ ՁԳԵԼՈՒ 

Հայաստանը փոքր երկիր է, բայց Փաշինյանին ուշ հասավ այն փաստը, որ նոյեմբերի 9-ի պետական դավաճանությունը ժողովրդի համբերության վերջին կաթիլն էր, և որ իրավիճակն արմատապես փոխված է: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ևս հավակնում է ԱԺ արտահերթ ընտրության երաշխավոր լինել, բայց մտադիր չէ հրաժարվել այդ ընտրությանը մասնակցելուց իր ,,Իմ քայլով,, հանդերձ, Հայրենիքի փրկության շարժման թեկնածուն` Վազգեն Մանուկյանը համաձայնել է չմասնակցել արտահերթ ընտրությանը: Եռաբլուրի բախումներից, ապա Սյունիք ձախողված այցից, ԱԺ-ում ԲՀԿ-ի ձեռնարկած իրավիճակի քննարկումներից, չդադարող բողոքի ակցիաներից և մի շարք այլ զարգացումներից հետո Ն. Փաշինյանն առաջարկել է խորհրդակցություն ԱԺ և այլ քաղաքական ուժերի հետ` քննարկելու 2021թ.-ին ԱԺ արտահերթ ընտրության անցկացման հարցը: Նրա առաջարկը մերժվել է Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից: Փաշինյանն այդ առաջարկով փորձում է համոզել, որ թույլ տան մի քանի ամիս էլ իրավիճակը ձգել, ըստ երևույթին կիսատ պլաններ կան, բացի այդ մտադիր է կրկին  վարչական լծակներով սորոսականներին լցնել ԱԺ` ապահովելով իր ձախողված իշխանության վերարտադրությունը, որը կարծես, հանուն պարգևավճարների է եկել իշխանության: Ամենաթարմ օրինակով, Երևանի բակերում օրերով չմաքրված ձյունը սահադաշտի վերածված` Երևանի քաղաքապետ Հայկոն 1 մլրդ-ից ավել պարգևավճար է ,,սղղացրել,, 2021թ. բյուջեով: Եվ սա արվում է պատերազմից հետո Նիկոլի թիմակցի ղեկավարած կառույցում:

Մինչդեռ զինծառայողները թեժ մարտերի են մղվել առանց պաշտպանիչ ժիլետների,  հազարավոր զոհեր են տվել, Արցախի 75%-ն է նվիրվել Ալիևին, հայրենազրկվել, ունեզրկվել են բազմահազար քաղաքացիներ, այդ թվում` Հայաստանում: Այս ամենով հանդերձ` Երևանում Փաշինյանը ճակատամարտ է մղում հանուն աթոռի, թիկնազոր գունդն է ընդլայնվել, ավտոշարասյունը: Հետաքրքիր է, որ Փաշինյանն Ալիևի հետ փակ վերելակ էր մտել 1 թիկնապահով, իսկ հայ ժողովրդի մեջ շրջում է անհաշվելի քանակի թիկնապահներով, որոնք կարող են մեքենայից անգամ զենք ուղղել դեպի ժողովրդի կողմ: Եթե Ալիևն ավելի վստահելի է Փաշինյանի համար, քան հայ ժողովուրդն, ինչու՞ է Փաշինյանը ձգում իր հրաժեշտի զրույցը վարչապետական աթոռի հետ, որը կարծես, նրա համար խոնարհման արժանի միակ ատրիբուտն է:

Խնդիրն այն է, որ կան կիսատ պլաններ, որոնք հավանաբար Փաշինյանն ուզում է ձգել մինչև վերջնակետ, օրինակ, Նախիջևանից Ադրբեջան ճանապարհի կառուցումը, որի ժամկետը նոյեմբերի 9-ի արյունոտ գործարքով 3-4 տարի է: Գործարքի միջնորդ ՌԴ-ից վերջին օրերին հնչած ակնարկներն ինչ-որ շտապողականություն են արտացոլում: Ալիևը հայտարարել է, որ մինչև գալիք տարվա ապրիլի 15-ը նախատեսել է զորացրում անել, իսկ Ն. Փաշինյանը նշել է, թե 6 ամիս է իրեն պետք, հետո արտահերթ ընտրություն կարվի: Այս փաստերի համադրությունը հիմք է տալիս եզրահանգելու, որ հնարավոր է, մոտավոր մինչև ապրիլի կես պայմանավորվել են արագացնել նշյալ ճանապարհի կառուցումը: Ուշագրավ է, որ 1 շաբաթում ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովը  մի քանի անգամ զանգել է ՀՀ ԱԳ նախարար Ա. Այվազյանին: Ապա հաջորդել են հեռախոսազրույցներ Ֆրանսիայի ղեկավարների հետ: Տարածված հաղորդագրություններից ակնհայտ է, որ ՌԴ-ին հետաքրքրել է նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքն, իսկ ՀՀ ԱԳ նախարարի և ֆրանսիական կողմի շեշտադրումները եղել են տեղահանված հայերի` իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը: Ենթադրելի է, որ Լավրովը փորձում է ինտենսիվ քայլերով հասնել տրանսպորտային ուղեգծերին, որոնք փրկօղակ են արևմտյան պատժամիջոցներից խեղդվողների համար: 

Իր ելույթներից մեկում Շուշին իբրև դժգույն քաղաք բնորոշած Ն. Փաշինյանը դժգույն պատրանքներ ունի, թե աթոռին հրաժեշտ կտա թշնամուն ստորագիր տված խոստումները մինչև վերջնակետ ձգելուց հետո: Ժողովուրդը պահանջում է օր առաջ հրաժարական տալ: Սա թույլ կտա բացահայտել Արցախի հողերի հնարավոր վաճառքի խոշորագույն քաղաքական սկանդալը` 5 մլրդ դոլարի ոդիսականը: Այս հիմքով, պարտավոր էին վարույթ հարուցել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ՀՀ դատախազությունը` հիմք ընդունելով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գաղտնազերծված զրույցը, որը հրապարակվել էր համացանցում, և որը չէր հերքվել  վերջինիս գրասենյակի կողմից: Դրանից ակնհայտ է, որ Լուկաշենկոն` իբրև միջնորդ փոխանցել է Ալիևի առաջարկն Արցախի 7 շրջանի դիմաց 5 մլրդ դոլար տալու, որը Սերժ Սարգսյանը մերժել է, հեգնելով, թե ինքն էլ պատրաստ է 6 մլրդ տալ, որ նա հրաժարվի այդ մտքից: Թերևս, առավել ճիշտ կլիներ փոխանցել, որ մեր հողերն առուվաճառքի ենթակա չեն: Ինչևէ…փաստացի ՀՀ նախկին և ոչ մի ղեկավարի օրոք չի եղել հողերի հանձնում: Փաշինյանը եղավ միակ հող հանձնողը, գուցե կարծելով, թե բացառված են նման գաղտնազերծումները: Հավելենք, որ նախկինում Ռոբերտ Քոչարյանին էին վերագրում 4 մլրդ դոլարի ունեցվածք, մինչդեռ նրա օրոք պահպանվել է սահմանային կայունությունը: Ըստ երևույթին, Ալիևը տարեցտարի բարձրացրել է կաշառքի խոստումը: Բանակում չծառայած Փաշինյանը կարող էր ընդունակ լինել նման կաշառքի` ելնելով այն վստահությունից, որ 2,5 տարի խոսելով կաշառքից` իրեն չէին կասկածի դրանում: Սյունիքյան դեպքերից հետո էլ պարզ դարձավ, որ ՀՀ շահերը ստորադասված են  Ադրբեջանի շահերին:

Հոդվածն ամբողջությամբ՝ ,,Գործընթաց,, թերթի դեկտեմբերի 28-ի թիվ 291 համարում