ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱՎԹՈՒՄՆԵՐԸ 0 ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ, ՄԱԿ-Ը ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԷՐ
09.12.2020 19:43

      ՔԱՂԱՔԱԿԱՆ    

ՌԴ-Ն ԽԱԽՏԵԼ Է ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՕԳՈՒՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ՝

ՉԱՐԱՇԱՀԵԼՈՎ  ՄԻՋՆՈՐԴԻ, ԽԱՂԱՂԱՊԱՀԻ, ԴԱՇՆԱԿՑԻ ԴԵՐԸ

Նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո ՌԴ նախագահ Վ. Պուտինի և ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի բացած փակագծերը հիմք են տալիս եզրահանգման, որ պատերազմի 1-ին օրերից մինչև վերջին օրը Ալիևի հետ Արցախի շրջանների հանձնման տարբերակների պարբերական քննարկմամբ վեր են ածել թեման ,,թուրքական բազարի,,: ՄԱԿ ԱԽ անդամ երկրի առաջնորդի և Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի կարգավիճակը Պուտինին պարտավորեցնում էր առնվազն Շուշիի, Հադրութի ալիևյան պահանջներին հակազդել զգուշացմամբ, որ դա դուրս է բանակցային օրակարգից և ՌԴ-ն չի ստորագրի նման հայտարարություն, ավելին՝ կդիմի համանախագահ այլ երկրներին՝ ՄԱԿ-ի հետ համատեղ զինված ուժերով կանխելու բանակցային օրակարգից դուրս զարգացումները, սակայն Պուտինը դա չի արել: Ավելին՝ ստորագրելով բանակցային օրակարգից դուրս պահանջներ ամրագրող հայտարարության ներքո՝ ՌԴ-ն սահմանազանցել է իր կարգավիճակը և դրանից բխող պարտավորությունները՝ հօգուտ Ադրբեջանի ստորագրելով միջազգային մի քանի սկզբունք շրջանցող, ակնհայտ միակողմանի՝ պրոադրբեջանական, դրանով իսկ պրոտեռորիստական հայտարարություն: Փաստացի ՌԴ-ն չարաշահել է հայկական կողմի՝ որպես իր ռազմավարական դաշնակցի վստահությունը, համոզված, որ ՀՀ քաղաքական ուժերից շատերը քծնվող են և չեն բարձրաձայնի ճշմարտությունը, խախտել է չեզոքության իր պարտավորությունը՝ որպես միջնորդ ու խաղաղապահ:

Իր մի քանի հարցազրույցներում Վ. Պուտինն ընդհուպ թույլ տվեց իրեն քանիցս կրկնել ոչ կոռեկտ ձևակերպում հայերի հասցեին, թե նրանք իրենց լքված չզգացին /հիշեցնելով իր խաղաղապահ ծառայությունը/, մինչդեռ գիտեր, որ ավելի վաղ եղել էր սկանդինավյան խաղաղապահների առաջարկը, որը մերժել էր Ադրբեջանը: Ի գիտություն ՌԴ-ի՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայիս քաղաքակիրթ աշխարհում փաստում է, որ հայերը ոչ միայն լքված չեն, այլև լիակատար մեկուսացման են մղվում տեռորիստական Թուրքիան և Ադրբեջանը՝ ենթարկվելով պատժամիջոցների, ընդհուպ Շվեյցարիան պահանջեց սառեցնել ալիևների կլանի հաշիվներն իր երկրում: Հետևապես լքված լինելու իր բնորոշումները Պուտինն օբյեկտիվ կլիներ հասցեագրել նրանց: Աշխարհում ՌԴ-ն է մնացել Էրդողան-Ալիև զույգի կողքին, Ուկրաինայում հասունացող ագրեսիան՝ Դոնբասի դեմ շուտով ՌԴ-ին էլ կստիպի փոխել իր դիրքորոշումը:

Արցախյան պատերազմի սցենարը, որը կեսին ընդհատվեց Ալիևի զավթածը կրկնապատկելով հանձնված շրջաններով, կազինոյում խաղադրույքի ու շահույթի կրկնապատկման սցենարի է նման, և խոր կասկած է հարուցում, որ խաղամոլ Ալիևը միջնորդ Պուտինի և դավաճան Փաշինյանի հետ, հնարավոր է, գործել է նախապես մշակված սցենարով: Դրանով հանդերձ, Ֆրանսիայի Սենատի կողմից Արցախի ճանաչման նախօրեին զազրելի էր տեսնել, թե ինչպե՞ս է Պուտինը ,,մատ թափ տալիս,,՝ փորձելով կանխել Արցախի ճանաչման ակտը՝ ինքնին լինելով միակը, որ պրոադրբեջանական հայտարարության ստորագրմամբ խախտել է չեզոքությունը:

Ակնհայտ է, որ ՌԴ իշխանությունն ունի իրավիճակի անհամարժեք ընկալում, ավելին՝ Պուտինը կոչ է արել ՀԱՊԿ ժողովում աջակցել Փաշինյանին, որին հայ ժողովուրդը պետական դավաճան է համարում՝ պահանջելով օր առաջ նրա հրաժարականը: Տեղեկացնենք, որ օրեր առաջ՝ նոյեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինին, որպես անկախ հանրային կարծիքի պատասխանատու, ուղղել ենք ևս մի նամակ /ռուսերեն/՝ հաշվի առնելով մեր պետական ու ազգային շահերի պաշտպանության հրատապությունը, նամակի բովանդակությունը և ընթացքի մասին տեղեկատվությունը հրապարակված է ,,Գործընթաց,, թերթի դեկտեմբերի 3-ի համարում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ մեր նամակում թվարկված են այն իրավական հիմքերը, որոնք նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունը դարձնում են դե յուրե և դե ֆակտո առոչինչ: Միաժամանակ դրանում որպես ԶԼՄ, պատասխանատու հանրային կարծիքի համար, կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն ՌԴ կողմից, թե իբր Ղարաբաղը ճանաչված է Ադրբեջանի մաս, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ ՌԴ-ն դիլեմայի առջև է և ՄԱԿ-ը չի բացում գրասենյակներ հանձնված շրջաններում: Հիմքերից 2-ը համառոտ տե՛ս ստորև.

1. Ադրբեջանը խախտել է ՄԱԿ մի քանի բանաձևեր, սկզբունքներ, այդ թվում՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման, պատերազմը սկսել Արցախի քաղաքացիների դեմ հրթիռակոծմամբ, օգտագործել միջազգային տեռորիստների, կիրառել արգելված կասետային, ֆոսֆորային զենքեր, խոշտանգել ռազմական և քաղաքացիական գերիներին և այլն: ՄԱԿ-ը բազմիցս ընդգծել է, որ ԼՂ հարցը չունի ռազմական լուծում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի բոլոր զավթումներն, այդ թվում այն տարածքները, որոնք հանձնվել են 09.11.2020թ. հայտարարությամբ, ունեն 0 արժեք:

2. Հայտարարությունը չի ստացել ՄԱԿ-ի հաստատումն, ինչը նշանակում է՝ ա/ այն չի համապատասխանում միջազգային իրավանորմերին և չի ճանաչվելու ՄԱԿ-ի կողմից, բ/ փաստաթղթում /կետ 7/ ՄԱԿ-ի պարտավորությունը նշված է կամայականորեն, առանց հիմքի: ՄԱԿ-ը ԼՂՀ-ն դիտարկում է միջանկյալ կարգավիճակով: Եթե ԼՂՀ-ն ճանաչված լիներ՝ որպես Ադրբեջանի մաս, ապա ՌԴ-ն չէր բախվի դիլեմայի և ՄԱԿ-ը կբացեր գրասենյակներ ԼՂ հանձնված շրջաններում, բայց եթե անգամ բացեր, որպես ՀԿ չէր կարող երաշխիք լինել Արցախի հայ փախստականների համար Ադրբեջանի կազմում, որը հայ գերիների խոշտանգմամբ հաստատել է, որ Արցախում իրականացնելու է էթնիկ հայերի զտում:

Հ.Գ. Մեր սույն հոդվածի հրապարակումից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովը փորձեց ՄԱԿ-ի հետ ինչ-որ պայմանավորվածության գալ, բայց որ նրան հասկացրել են, թե ո՞ր դեպքերում է ՄԱԿ-ը գրասենյակներ բացում, վկայում են ավելի ուշ ՌԴ ԱԳՆ հրապարակումները և ՌԴ ջանքերը՝ վերսկսելու ընդհատված բանակցությունը, որի ձևաչափը Թուրքիան փորձում է ձևախեղել ռուս-թուրքական կենտրոնով: 

Հոդվածն ամբողջությամբ ,,Գործընթաց,, թերթի դեկտեմբերի 3-ին հրապարակված համարում: