ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԴԱՎԱՃԱՆԻ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԴԱՍ ԿԼԻՆԻ ԹՇՆԱՄՈՒՆ ՈՒ ՀՈՐԴՈՐ ՀԱՋՈՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
06.12.2020 16:10

    ՔԱՂԱՔԱԿԱՆ  

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆԲԵԿԱՆԵԼԻ Է,

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔՇԱԲԹԻ

Դեռ 2,5 տարի առաջ էինք կանխատեսել այն, ինչի ընդունակ եղավ Նիկոլ Փաշինյանը: Ժողովուրդը հապաղեց փոխել իշխանությանն, արդյունքում ունեցանք կորուստներ, որոնց մի մասն անդառնալի է: Եթե Փաշինյանի համար Արցախի 75%-ը թշնամուն հանձնելը միակ ելքն է, դա չի նշանակում, որ չկան այլ լուծումներ: Նիկոլ Փաշինյանը չի էլ զղջում անգամ ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող Նախիջևան-Ադրբեջան ուղեգծին հավանություն տալու համար, ավելին՝ պարզվում է այդ պանօսմանական ծրագրի ջատագովն է: Նրա նորանշանակ նախարարն օրերս ընդգծել է, թե ի՞նչ նյութական հոսքեր են լինելու, դրանով իսկ հաստատելով, որ իրենք ընդունակ են հայրենքը վաճառել, կարևորը լավ գին տվող լինի:

Այս ամենով հանդերձ, Ն. Փաշինյանը խուլ է ձևանում, թե հանրահավաքները մարդաշատ չեն, մինչդեռ ինքն էր 2 ամիս արգելել դրանք, կայացող հավաքների ենթադրյալ կազմակերպիչներին էլ մեկուսացնում էին: Բացի այդ, պետք է նկատել, որ հանրահավաքը հանրային կարծիքի դրսևորման ձևերից մեկն է: Այլ տարբերակներ են ստորագրահավաքը, փողոցների արգելափակումը, իշխող ուժի պատգամավորների և այլ ,,Իմ քայլ,,-ականների բակերում ,,Դավաճան, հեռացի՛ր,, վանկարկումները, որ ներկայում քաղաքացիներն անում են մասսայաբար: Ի դեպ, դեռ 1 տարի առաջ՝ անցած տարվա կեսին, հոդված էինք հրապարակել, որ քաղաքական իրավիճակը կարող է զարգանալ՝ ընդհուպ Փաշինյանի հրաժարական, որի ստորագրահավաքին կմասնակցեն ավելի, քան 1700000 քաղաքացի: Հիմա կարող ենք վստահեցնել, որ նրանց թիվը 2 մլն-ից ավել կլինի:

Հավաքների արգելքը նոյեմբերի 27-ից հետո վերացվեց: Նախ՝ ,,Մեկ Հայաստան,, կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի հայցով վարչական դատարանի կայացրած ակտով, որից հետո անիմաստ էր հավաքներն արգելող որոշման գոյությունը և կառավարությունն այն չեղարկեց: Այսուհետ համաժողովրդական հավաքներն ավելի բազմամարդ կդառնան: Պահանջն անբեկանելի է՝ օր առաջ ազատվել 1000-ավոր հերոսների արյամբ պահված հողերը մի գրչով թշնամուն հանձնած դավաճանի գլխավորած խունտայից, որը բյուջեից սնվող ուժայիններին ծառայեցնում է՝ որպես իր թիկնազոր: ՄԻՊ-ը կոչ է արել՝ բացառել խաղաղ հավաքների ժամանակ դիմակավոր անձանց՝ իբրև ոստիկանական ուժի կիրառումը:

Փաշինյանը կառչել է աթոռից, ինչպես ժամանակին փշալարերից: Նա, կարծես, երդվել է երաշխիք լինել թշնամու երազանքի՝ ամեն գնով իրագործման համար: Էրդողանն ու Ալիևը վախենում են Փաշինյանի հեռացումից, որին կարող է հաջորդել արդյունավետ բանակցող: Նրանից կպահանջվի ամրապնդել հայկական կողմի արդար իրավունքներն՝ ընդհուպ միջազգային դատարանում վերականգնելով դրանց մի մասը:

Փաշինյանի հրաժարականը պահանջում են ոչ միայն արտախորհրդարանական, այլև խորհրդարանական ուժեր, կրթական, գիտական հաստատություններ, բազմաթիվ մտավորականներ, այդ թվում՝ մշակույթի, արվեստի, սպորտի գործիչներ և այլն: ԱԺ ,,Իմ քայլ,,-ի պատգամավորներից մի քանիսը դուրս են եկել խմբակցությունից: Ըստ որոշ լուրերի, նրանց թիվը կարող է հասնել 25-ի:

Նիկոլի հրաժարականից հետո կձևավորվի ժամանակավոր կառավարություն, մինչև 6 ամսվա մեջ կկայանա արտահերթ ընտրություն: Դավաճանի հեռացումը դաս կլինի թշնամուն և հորդոր հաջորդ վարչապետին: Ժողովուրդը միշտ ունի այլընտրանք, իսկ որակյալ առաջնորդ ընտրելու համար պետք է առաջադրվի լայն ընտրանի՝ շեշտը դնելով մտավոր ու գործնական կարողությունների, դինամիկ զարգացումներում արագ, ճկուն արձագանքման, ճիշտ կողմնորոշման վրա, պետք է լինի արտաքին ազդակներից զերծ, այնպիսի կոմպլեքսներից զերծ, որոնք հնարավոր է, կխոչընդոտեն քաղաքական ու տնտեսական դաշտի կոնսոլիդացիային՝ հանրային, պետական շահերի շուրջ: Պետք է բացառել միակության սինդրոմ ունեցողներին: Այս օրերին շրջանառվում են անուններ, որոնց շարքը համոզված ենք պետք է ընդայնվի: ԱԺ-ում ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանի անունն է շրջանառվում, ԱԺ-ից դուրս Վազգեն Մանուկյանի՝ ըստ երևույթին ժամանակավոր կառավարության համար:

Սույն հոդվածը հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 289 համարում

Հ.Գ. Դեկտեմբերի 5-ին կայացավ հերթական բազմամարդ հանրահավաքը, որի ժամանակ ընդդիմությունը՝ որպես ժամանակավոր կառավարության ղեկավար առաջադրեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ինչպես հաստատեցին ,,Հայրենիք,, կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ-ից Իշխան Սաղաթելյանը, առաջադրված թեկնածուն համաձայնվել է արտահերթ ընտրությանը չմասնակցել իր կուսակցությամբ, փոխարենը կապահովի պայմաններ 1 տարում արտահերթ ընտրության անցկացման համար: Ըստ որոշ տվյալների՝ ցույցին մասնակցել է 40000-50000 մարդ: Հանրահավաքին հնչել է վերջնաժամկետի օրը, որ եթե մինչև երեքշաբթի Փաշինյանը հրաժարական չտա, ավելի լայնամասշտաբ ակցիաներ կիրականացվեն: