ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԿՈՆՖԼԻԿՏԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՄԱՄԲ ՊՈՒՏԻՆՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է՝ ՈՐՊԵՍ ԻՐ ԴԵՄ ՀԱՐՎԱԾ
06.12.2020 15:22

     ՔԱՂԱՔԱԿԱՆ     

Ի ՀԱՄԵՄԱՏ 09.11.20Թ. ՓԱՍՏԱԹՂԹԻ՝ 1994Թ. ԶԻՆԱԴԱԴԱՐՈՎ ԱՐՑԱԽԸ 30 ՏԱՐԻ ԱՊՐԵՑ՝ ԱՌԱՆՑ ԽԱՂԱՂԱՊԱՀ

Մինչ պատերազմը ,,Գործընթաց,, թերթը քանիցս հրապարակել էր վերլուծություններ՝ ընդգծելով Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը: Հոկտեմբերի 1-ին ևս՝ պատերազմի 4-րդ օրը, հրապարակել էինք ,,Զենքի բազար, թե՞ շրջանների հանձնման նախապայման: Հանուն գոյապայքարի Արցախի անկախության ճանաչումը հրատապ է,, վերլուծական հոդվածը՝ ՀՀ իշխանությանը կոչ անելով չհապաղել: Եվ ահա ՌԴ նախագահ Վ. Պուտինը, որ երբեք չէր հիշատակել ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման մասին, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո որոշեց տարբեր հարցազրույցներում մի քանի անգամ շեշտել, թե ՀՀ-ն չի ճանաչել Արցախի անկախությունը: Այս օրերին ասվում է, թե ՀՀ-ի փոխարեն ՌԴ-ն է դարձել Արցախի անվտանգության երաշխավոր: Չթերագնահատելով խաղաղապահ ծառայության կարևորությունը, պետք է չմոռանալ, որ կա ահռելի տարբերություն. Հայաստանը երաշխավորել է Արցախի ազատագրությունը, մինչդեռ խաղաղապահ ՌԴ-ն հսկում է կրակի դադարեցմանը, պահպանում շփման գիծը: Փաստացի երաշխավորել Արցախի ազատագրումն ավելին է, քան ճանաչումը, բայցև երբեք ուշ չէ դե յուրե ամրագրել ՀՀ կողմից Արցախի ճանաչումը, հետևապես՝ ՌԴ-ում սխալ են կարծում, թե Հայաստանն այլևս կորցրել է շանսը: Ճանաչումը միշտ ակտուալ է և ցանկացած երկրի, այդ թվում՝ ՀՀ կողմից նման ակտի ընդունումը միայն նպաստում է Արցախի բուն ժողովրդի՝ հայերի գոյապայքարին իրենց բնօրրանում:

Այս առումով Արցախի տարածքը 4 անգամ կրճատած նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տարօրինակ էր տեսնել ՌԴ նախագահ Վ. Պուտինի ջղաձգումները՝ Ֆրանսիայի օրենսդիր մարմնի կողմից 1994թ. սահմաններով Արցախի անկախության ճանաչման նախօրեին: Պարզվում է, Պուտինը՝ որպես ՄԱԿ ԱԽ անդամ և Մինսկի խմբի անդամ երկրի առաջնորդ, դաշնակից Հայաստանին փոխարինելով Արցախի անվտանգության երաշխավորի դերում, վերադասելով ընդամենը գործընկեր հանդիսացող Էրդողան-Ալիև զույգի շահերը՝ Արցախի 75% տարածքի հանձնմամբ, միջազգային իրավանորմերի հիմքով ճանաչման ակտը ընդունում է որպես հարված իր դեմ Արևմուտքից: Ըստ երևույթին, նա իր մենաշնորհն է համարում Արցախի տարածքի ու ժողովրդի ճակատագրի շուրջ որոշումների կայացումը, ինչը դուրս է միջազգային ընդունված իրավակարգերից ու նորմերից: Ի դեպ, ՌԴ-ում այլ գործիչներ, օրինակ քաղաքագետ, ՌԴ պետդումայի պատգամավոր Կ. Զատուլինը հակառակը՝ ողջունում է Ֆրանսիայի և այլ երկրների պետական տարբեր կառույցների կողմից մինչ օրս ընդունված ճանաչման ակտերը՝ դրանք գնահատելով՝ որպես թշնամուն զսպող և խաղաղությունն ամրապնդող: ՌԴ նախագահը, սակայն, կտրուկ այլ վարքագիծ է դրսևորում՝ վերարտադրելով լենին-ստալինյան հնուց եկող սխալները:

Ըստ Պուտինի՝ 4 անգամ կրճատելով Արցախի տարածքը և նրա 2 հումանիտար միջանցքից՝ Քարվաճառ, Լաչին, թողնելով 1-ն, այն էլ՝ տեռորիստների նշանակետի ներքո՝ ՌԴ-ն ապահովել է ՙարդար՚ պայմաններ կոնֆլիկտի լուծման համար: Այս անհեռատեսությունը Պուտինին բերում է նոր խնդիրներ՝ կապված Դոնբասի հետ: Նա դժվարանում է ընդունել, որ Ադրբեջանի ,,տարածքային ամբողջականության,, անվան տակ իր գործողություններն արդարացնում են Ուկրաինայի ագրեսիան՝ Դոնբասը վերականգնելու նոր թափ ստացած լարվածությամբ: Եվ կարող է իրավիճակը ՌԴ-ի համար զարգանալ անցանկալի ուղղությամբ նաև Մերձդնեստրում, Ղրիմում և այլն: Այս ուղղությամբ արդեն իսկ ազդակներն ակտիվացել են՝ զուգահեռ Պուտինի պրոադրբեջանական դիրքորոշման:

Անազնիվ է ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովի կողմից այն պնդումը, թե Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները ևս համամիտ են իրենց լուծման հետ: Անհամաձայնությունն ակնհայտ է անգամ Մինսկի խմբի անդամ Իրանի կողմից՝ կապված Նախիջևան-Ադրբեջան ուղեգծի հետ, որը հակասում է ինչպես իրենց, այնպես էլ մեր շահերին:

Վերլուծությունը՝ քաղաքագետ Ինարա Դանիելյանի

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի թիվ 289 համարում