ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՝ 2018-Թ.-ԻՑ ՆԱԽԸՆՏՐԵԼ Է ԱՐՅՈՒՆՈՏ ՁԵՌՔԻ ՆԿԱՐԸ
23.11.2020 21:50

     ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ    

ԱՆՏՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻ ԹՂԹՈՎ ԱՐՑԱԽԻ

1000-ԱՎՈՐ ՀԱՅԵՐԻ ՏՆԱԶՐԿԵՑ՝ ՀՕԳՈՒՏ ԹՇՆԱՄՈՒ

Այն ահռելի կորուստը, որ պատճառվեց մի ստորագիր թղթով մոտ 150000 բնակիչ ունեցող Արցախին, պահանջում է հետաքննել իրողությունը՝ կանխելու համար հետագա հնարավոր կորուստները:  2018թ.-ին նախքան վարչապետ դառնալը՝ Ն. Փաշինյանն իրեն միակը համարելով՝ որպես ապագա վարչապետ, արյունոտ ձեռքի նկարը սոցցանցում էր դրել ու պահում է մինչ օրս: Եթե որևէ անծանոթ այցելի այդ էջը և տեղեկանա, որ երկրում  պատերազմ է, կկարծի, թե Փաշինյանը վիրավորվել է ռազմի դաշտում հող ազատագրելիս: Մինչդեռ դա ընդամենը ներքաղաքական դաշտում պատգամավորից վարչապետ դառնալու ճանապարհին է եղել:

Դրանից հետո սովորական բնակարանից ընտանյոք նախընտրեցին Կառավարական շքեղ առանձնատունը, ուր ապրում են պետության հաշվին: Վարչապետ Փաշինյանն՝ ըստ պաշտոնի հայտարարագրի չունի անշարժ գույք: Կարո՞ղ էր արդյոք մարդն, ով ափսոսել է անգամ հայենիքում մի ավտոտնակ գնել կամ խրճիթ ՀՀ սահմանամերձ որևէ մարզում, ծանր տանել ու երբեք չգնալ քայլի՝ ստորագրելու ուրիշներին գույքից զրկող փաստաթուղթը, իհարկե, ոչ: 

Ադրբեջանին հարմար ժամկետում՝ մինչև Ամանոր, դեկտեմբերի 1-ը, ՀՀ վարչապետ Փաշինյանը, չունենալով լեգիտիմ իրավունք ստորագրել Արցախի անունից, մի գրչով գրավոր համաձայնություն է տվել՝ հանձնելու Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջանները, որոնք ոչ թե սոսկ ամայի հարթավայրեր են, այլ բովանդակում են  հազարավոր արցախահայերի գույք-սեփականություն. տներ՝ ողջ ունեցվածքով հանդերձ, որը տեղահանելու համար անգամ 1 տարին է քիչ: Նման որոշում աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի կայացնել առանց ՄԱԿ-ի,՝ առանց նախապես որոշելու, թե ու՞ր պիտի տեղափոխվեն տասնյակ հազարավոր բնակիչներ: Նրանցից առնվազն մի քանի հազարն, օրինակ, կարող էին տեղավորվել Փաշինյանին հատկացված կառավարական առանձնատանը՝ ՄԱԿ-ի գրասենյակի հսկողությամբ:

Հարց է ծագում, եթե Փաշինյանը որոշել էր հանձնել այդ շրջանները, ինչու՞ մահվան տարավ 1637 հերոսների: Երբ դեռ 2018թ.-ին նրա քաղաքացիական կին Աննա Հակոբյանը ելույթ ունեցավ՝ զինվորների մահն անիմաստ համարելով: Նա ստացավ համարժեք հակադարձում, ապա շարունակեց զինաթափման և զենքի փոխարեն զարդեր պատրաստելու սադրիչ քայլերը, իբր խաղաղության համար ընդհուպ Մեհրիբանին թեյ խմելու հրավիրեց: Այսօրինակ սադրանքներով նա շարունակ բորբոքում էր ժողովրդին, հավանաբար, ըստ ամուսնու, ստուգելով մարդկանց ռեակցիան: Ադրբեջանը պաշտոնապես միայն պատասխանեց Աննա Հակոբյանին, որ խաղաղություն կլինի, ըստ իրենց ձևակերպման, այն ժամանակ, երբ Հայաստանն Արցախը հանձնի ադրբեջանցիներին: 

Եվ ահա, պատերազմի ընթացքում, երբ տղամարդկանց հերթ էր կամավորականների հավաքագրման կետերում, սպասում էին հրամանի, Փաշինյանը ելույթներ էր ունենում, որոնցից կարելի էր կարծել, թե մարդիկ չեն գնում կռվի: Անգամ կինը սկսեց կոչ ուղղել, թե կանանց ջոկատ է կազմում, տպավորություն գործելով, կարծես,  սպառվել էր զինապարտների կազմը, որոնց վրա պետությունը մինչ այդ ներդրում էր արել՝ նախապատրաստելով անհրաժեշտ հմտությունների: Պատերազմի կեսին, Իսկանդերն այդպես էլ չկիրառված, ամուսինը զինաթափման մասին հայտարարեց՝ արդարացնելով ալիևների սպասումները:

50 օր է, ինչ անհետ  կորած ու գերեվարված  զինծառայողների հարազատները ՊՆ-ի դիմաց բողոքում են՝ պահանջելով հրատապ հարցերի պատասխան: Նրանք պահանջել են նորանշանակ պաշտպանության նախարարի Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում, որը նրանց չի ընդունել։ Նախարարության շենքի մոտ հարազատներին վարչապետի օգնականն ու մարտական գործողությունների ընթացքում  անհետ  կորած   ու գերեվարված  զինծառայողների հարցերով զբաղվող  հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը խոստացել են, թե վաղվանից նրանց կընդունի Նիկոլ Փաշինյանը, սակայն ինչպես ավելի վաղ նա անարդյունք հանդիպել էր սևազգեստ մայրերին՝ խոստանալով նրանց որդիների մահվան բացահայտում, չկա երաշխիք որ այս անգամ էլ այդպես չի վարվի՝ ձգելու իր աթոռի ժամկետը։ 

Նշենք, որ այս ողջ ընթացքում նա չընդունեց նաև  գույք-սեփականությունից զրկված արցախցիներին, այդ թվում՝ հադրութցի կանանց, որոնք իրենց երեխաներով, տնից-տեղից կտրված, հայրենազրկված, դեսպանատնից դեսպանատուն նամակներ են փոխանցում՝ ուշադրություն հրավիրելով իրենց ոտնահարված իրավունքներին:

,,Գործընթաց,, թերթ
Հեղինակ՝ Ինարա Դանիելյան