ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՆՉՈՒ՞ ՌԴ-Ն ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԴԱՂՍՏԱՆԸ ՉԻ ՏԱ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՊՆԴԵՑ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ ԶԻՋԵԼ ՆՐԱՆ
22.11.2020 18:27

     ԱՐՑԱԽ    

ՌԴ ՎԵՐԱԴԱՍԻՆ ՀԱՐՑԵՐ ,,ԳՈՐԾԸՆԹԱՑ,,-ԻՑ, ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼ, ՄԵՐԺԵԼ ԵՆՔ, ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Դեռևս նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինին  ու ԱԳՆ ղեկավար Ս. Լավրովին ,,Գործընթաց,, թերթից ուղղել էինք պաշտոնական էլեկտրոնային գրություններ /ռուսերենով/, որոնք ընթացք են ստացել: Հարցերի զգալի մասը շարունակում է մնալ ակտուալ, պատասխանի ժամկետը 30 օր է, մինչև դեկտեմբերի 5-ը: Հարցերը  հրապարակում ենք ստորև ամբողջությամբ.

  1. <<2018թ. Սոչիում ստորագրվել էր Իդլիբի հարցով համաձայնագիր ՌԴ-ի և Թուրքիայի միջև, Թուրքիան պետք է դուրս բերեր Իդլիբից տեռորիստական խմբերը՝ համաձայն Աստանայում, Սոչիում և Մոսկվայում ՌԴ-ի հետ համաձայնության: Մինչ օրս նրա իրական ջանքերն ուղղված են եղել այդ խմբավորումների վերաֆորմատավորմանը: Ձեր պայմանավորվածություններում կա արդյո՞ք կետ, որը կնախանշեր, թե ու՞ր պետք է տեղափոխվեին Իդլիբից դուրսբերված այդ խմբավորումները: Եթե ոչ, ստացվում է, որ Թուրքիան կարող է այդ խմբերը տեղափոխել, ուր որ նպատակահարմար գտնի՝ Ղարաբաղ, Եվրոպա, ՌԴ և այլն:
  2. Ըստ Ձեզ, կա՞ տարբերություն Իդլիբի տեռորիստների և Արցախի դեմ կռվող տեռորիստների միջև, եթե նրանք հրապարակել են իրենց մոտիվացիաները, կարծես, Արցախում կռվում են ընդդեմ ռուսների, թեպետ այնտեղ նրանց դեմ կռվում են միայն հայերը, և ոչ միայն իրենց համար, այլև անվտանգ տարածաշրջանի: ՌԴ-ն հակատեռորիստական միջոցներ է ձեռնարկում հեռավոր Սիրիայում, դրանով իսկ բախվելով Թուրքիայի հետ, բայց իր հարավային սահմաններում խուսափում է առավել մեծաքանակ տեռորիստների հետ պայքարելուց, որոնց ոչնչացնում է Արցախը, որի անկախությունը ճանաչված չէ ՌԴ կողմից, բայց Արցախն ազատագրում է Ձեզ 1000-ավոր տեռորիստներից:
  3.  Ադրբեջանի նախագահ Ալիևը ռուսական РБК ալիքին տված հարցազրույցում /11.10.2020թ./ ասել է, որ կան երկրներ, որոնց հետ ռազմաքաղաքական պայմանագրեր ունի և որոնք երբեք չեն ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը: Կա՞ այդպիսի պայմանագիր ՌԴ-ի և Ադրբեջանի միջև, որը կաշկանդում է ՌԴ-ին՝ ճանաչել Արցախի անկախությունը: Եթե ոչ, ինչու՞ չհերքեցիք Ալիևին, որը տարածում է ակնարկներ, կարծես, իր ռազմաքաղաքական գործընկերներն  ,,իր գրպանում են,,:
  4. Կրեմլը և հայկական կողմն ունեն անհերքելի փաստեր առ այն, որ Ղարաբաղում ԽՍՀՄ տարիներին հայերը կազմել են բնակչության ավելի քան 80%-ը: 10.12.1991թ. ԼՂՀ-ում անց է կացվել անկախության հանրաքվե, որի ընթացքին հետևել են անկախ դիտորդների խմբեր, լրագրողներ հետևյալ ԶԼՄ-ներից՝  ,,Радио Россия”, ,,Эхо Москва, ,,Известия”, ,,Московские новости”, ,,Мегаполис-экспресс”, ,,Столица”, ,,Панорама”, ,,Le Quotidien de Paris”, ,,France-Press”, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի հեռուստաալիքներից: Քվեարկությանը մասնակցել է 82,2%-ը, հօգուտ անկախության քվեարկել է 99,89%-ը: Ադրբեջանցիները /ԼՂՀ բնակչության 20%/ հրաժարվել են մասնակցել: Ընտրություններում, հանրաքվեներում բոյկոտ լինում է ամենուր, տարբեր երկրներում կազմում է ոչ թե նույնիսկ 20%, այլ ավելի քան 40%: Արդյո՞ք Դուք նորմալ կհամարեք, եթե 20% բոյկոտողները սկսեին կռվել ողջ Ռուսաստանի դեմ, ընդդեմ բնակչության 80%-ի: Ի՞նչ հիմնավորումներ ունեք կասկածելու և չճանաչելու ԼՂՀ հանրաքվեի արդյունքները: Դա էթնիկ խտրականության դրսևորում է:
  5. Ալիևներն արդեն 29 տարի փորձում են բոլորին համոզել, թե չի եղել ԽՍՀՄ փլուզում, Լենինը ողջ-առողջ պառկած է Մավզոլեյում, ողջ է անգամ Ստալինը, ու հերթական անգամ պատերազմ է վարում՝ ընդդեմ Արցախի Հանրապետության: Մեզ բազմաթիվ կորուստներ պատճառելով՝ ԽՍՀՄ հնագույն հայկական տարածքները՝ Նախիջևանն ու Ղարաբաղը նվիրեց նորաստեղծ Ադրբեջանին՝ ցեղասպանագործ Թուրքիայի հանցակցին: Ադրբեջանը Նախիջևանն էթնիկ զտումներից հետո բնակեցրեց ադրբեջանցիներով: Ղարաբաղը դիմադրություն ցույց տվեց, սկսվեցին հայերի կոտորածներ Ադրբեջանի քաղաքներում՝ որպես Ցեղասպանության շարունակություն: Իմանալով այս ամենն՝ ինչու՞ է հետխորհրդային Ռուսաստանը շարունակում լենին-ստալինյան սխալները՝ 29-ամյա բանակցությունների ընթացքում պնդելով ,,շրջանների հանձնման,, նախապայմանը՝ հաշվի չառնելով, թե որքա՞ն զոհ ենք տվել Արցախի մի մասն ազատագրելու համար:
  6. 1991-1994թթ. մենք ինքնուրույն ազատագրեցինք Լեռնային Ղարաբաղի մի մասն՝ առանց Ձեր օգնության: Ի՞նչ է արել ՌԴ-ն Արցախի համար՝ որպես ՄԱԿ ԱԽ անդամ, Ցեղասպանությունը կանխարգելելու համար: Չէ՞ որ մենք օգնեցինք Ռուսաստանին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ընդդեմ Գերմանիայի, բայց ՌԴ-ն 29 տարի խոսում է Արցախի ,,շրջանների հանձնման,, մասին, որը կռվում է ներկայիս հիտլերների՝ Էրդողանի և Ալիևի+միջազգային տեռորիստների դեմ:
  7. ՄԱԿ ԱԽ բանաձևերը Լեռնային Ղարաբաղին վերաբերվող 29 տարի հետ են մնացել տեղի ունեցած ռազմաքաղաքական գործընթացներից: Որպես ՄԱԿ ԱԽ անդամ, արդյո՞ք չեք կարծում, որ ,,շրջանների հանձնումը,, հակասում է ինքնորոշման սկզբունքին, համարժեք չէ ներկա իրավիճակին և նպաստում է Ցեղասպանության շարունակությանը:
  8. Պարզաբանեք, խնդրեմ, ո՞րն է ,,շրջանների հանձնման,, Ձեր նախապայմանի տրամաբանությունը, որ Ղարաբաղի շրջանները խլվեն 80% բնակչությունից և հերթական անգամ նվիրվե՞ն 20%-ին, որը 1991թ. պարզապես բոյկոտել էր անկախության հանրաքվեն: Ինչու՞ չեք խրախուսում կոնֆլիկտի լուծման առավել տրամաբանական տարբերակին, որ Ադրբեջանը վերադարձնի շրջաններն Արցախի բնակչության 80%-ին /ներկայում 100%/:
  9. Նախիջևանն Ադրբեջանի կազմում արդեն իսկ ահռելի զիջում է, բացի այդ, Շահումյանի շրջանի մի մասն էլ է նրանց վերահսկողության տակ: Դուք կարծում եք, 20% քոչվոր ցեղախմբերի՝ ադրբեջանցիների տեղավորման համար դա քի՞չ  է: Ինչու՞ պետք է 80%-ը զիջի իր բազմադարյա ողջ հողերը 20% քոչվոր ցեղախմբերի, որոնք ի դեմս Թուրքիայի և Ադրբեջանի նաև դարձել են տեռորիստների տուրգործակալություն:
  10. Պնդելով ,,շրջանների հանձնման,, նախապայմանը՝ Դուք ակնհայտորեն շահագրգիռ եք Ադրբեջանի տարածքային ընդլայնմամբ: Ինչու՞ դա չեք անում առավել ընդարձակ ՌԴ-ի հաշվին, օրինակ, Դաղստանի հաշվին, առավել ևս, որ այնտեղ մուսուլմաններ են և չեն լինի կրոնական հակասություններ:
  11. Ի տարբերություն Թուրքիայի՝ Ուկրաինան չի գործել ցեղասպանություն, բայց Ձեր համար դժվար է լսել անգամ ակնարկներ Ղրիմի հաշվով, դրանով հանդերձ, Դուք շատ հեշտ եք խոսում ԼՂ-ի շրջանները ցեղասպանագործ Թուրքիայի հանցակից Ադրբեջանին հանձնելու մասին: Ձեր կարծիքով դա Ձեզ չի՞ դարձնում հանցակից նոր ժամանակների ցեղասպանությանը: 
  12. Ադրբեջանի քարտեզը վերջին 29 տարվա ամենամեծ ՖԵՅՔ-ն է: 30.12.1991թ. հռչակելով իր անկախությունն, այն իրավունք չուներ նկարել այդ քարտեզում իր համար վիճելի տարածքները, պատերազմներ են եղել 1988-1991թթ., մինչ նրա անկախացումը Ղարաբաղն արդեն հռչակել էր իր անկախությունը: Արցախում 29 տարի գերիշխում են օրենքներ՝ լեգիտիմ ժողովրդի համար: Ըստ քաղաքագիտության՝ ինքնիշխան պետությունն ունենում է լիիշխանություն իր ողջ տարածքում, լիարժեք և բացառիկ, այնպես, որ եթե պետությունը չունի լիիշխանություն, այն դադարում է որպես պետություն գոյություն ունենալ: Ադրբեջանը 29 տարի չի ունեցել այդպիսի իշխանություն իր նկարած քարտեզի շրջանակում: Արցախի ժողովրդի համար լեգիտիմ ընդունվում է միայն ընտրյալ իշխանությունը, որը լիազորված է գործել Արցախի ժողովրդի անունից և արդեն ստացել է ճանաչում միջազգային հարաբերությունների 10-նյակ սուբյեկտների կողմից: Փաստացի ՌԴ-ն ճանաչել է Ադրբեջանի կեղծ քարտեզը, արդյո՞ք ժամանակը չէ ,,ռեալ քաղաքականության՛՛, գոնե 29 տարի անց ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, որի իշխանությունը միակ լեգիտիմն է Արցախի ժողովրդի համար:
  13. Ի տարբերություն Սիրիայի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է,  նրա սահմանամերձ մարզերը՝ Գեղարքունիքը և Սյունիքը հրթիռակոծվում են, կան զոհեր, վիրավորներ: Պատերազմն ընթանում է հիմնականում հարավում և հյուսիսում, դրանով իսկ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Արևմուտքի առջև հերքել իրենց ոչնչությունը և հասնել միավորման մի գծով, որ գրավեն ՆԱՏՕ-յի շահերը: ՌԴ-ն ունենալով ռազմաբազա Հայաստանում՝ հայտարարում է, թե օգնություն կցուցաբերի, ,,եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջական Հայաստանի տարածք,,: Այսինքն, Դուք չգիտե՞ք, որ Գեղարքունիքը, Սյունիքը Հայաստանի տարածքում են, այդ երբվանի՞ց հրթիռակոծումները չեն հանդիսանում ռազմական բախումներ: Լաչինը և Քարվաճառը, որոնք Հայաստան-Արցախ հումանիտար միջանցքն են, ևս հրթիռակոծվում են: Արևմտյան երկրների իշխանությունները Հայաստան են ուղարկում հումանիտար օգնություններ միլիոնավոր դոլարների: ՀԱՊԿ-ը դրսևորում է ծայրահեղ պասիվություն, ձևական ներկայություն>>:

Այս հարցադրումներին գրավոր պաշտոնական պատասխանելու առնչությամբ ՌԴ նախագահի գրասենյակից կապվեցին մեզ հետ՝ նշելով, թե նախագահը փոխանցել է իր սեղմ գրաֆիկի պատճառով անհնարինությունը՝ սահմանված ժամկետում հարցերին պատասխանելու առումով, ապա ակնարկեցին՝ վերաֆորմատավորել հարցերն, ինչից ակնհայտ էր, որ ծանոթացել էին հարցերի բովանդակությանը, սակայն մերժեցինք վերաֆորմատավորել, քանի որ դրանք կարևոր են իրենց ձևակերպմամբ հանդերձ: Բացի այդ, վերաֆորմատավորումը ոչ այլ ինչ է, քան խորհրդային գրաքննություն: Հարցրեցինք գրասենյակի պատասխանատուին, գուցե դուր չե՞ն եկել անկախ թերթի դիպուկ հարցերը կամ նախագահի համար դժվա՞ր են եղել, ի պատասխան նշեց, թե նախագահ Պուտինն ինտենսիվ զբաղվում է այդ հարցով: <<Այսինքն՝ շրջանների հանձնմա՞ն>>,-հարցրեցինք, ասաց, որ ավելին չի կարող փոխանցել: Օրեր անց հայտնի դարձավ նոյեմբերի 9-ի Փաշինյան-Պուտին-Ալիև հայտարարության մասին, որից առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էր մեկնել Մոսկվա:

Բոլոր դեպքերում մեր հարցերը, որ առանց վերաֆորմատավորման ուղարկել ենք Պուտինի խոսնակ Դ. Պեսկովին, մի շարք կետերով շարունակում են մնալ ակտուալ, դրանց կպատասխանեն օրենքով սահմանված ժամկետում, որը ՌԴ-ում 30 օր է: ՌԴ ԱԳՆ-ում Լավրովին ուղղված նույն հարցերը ևս ընթացքի մեջ են: 

Օրերս Վ. Պուտինը Սոչիից, ուր կնքել էր Թուրքիայի հետ նշյալ համաձայնագիրն, ասաց, թե 13 հարվածից հետո Իդլիբում ոչնչացվել են բոլոր տեռորիստական բազաները /ապացույցներ չտարածվեցին/: Սա ամենևին էլ չի նշանակում, թե վերացվել են տեռորիստական խմբերը, դրանք ենթակա էին տեղափոխման: 2000 տեռորիստներին վերաբերվող Լավրովի հայտարարությանն էլ Ալիևն արձագանքեց էմոցիոնալ ջղաձգումներով, ապա եղավ միջադեպը Նախիջևանի կողմից ՀՀ տարածքում՝ Արարատի մարզում խոցված ռուսական ռազմաբազայի ուղղաթիռի հետ կապված, որի 2 օդաչու զոհվեցին, մեկն էլ վիրավոր է: Դրան հաջորդած սրընթաց զարգացումները կարող էին սահմանափակվել ռուս խաղաղապահների տեղակայմամբ, բայց թույլ տրվեց նաև տեռորիստական վերջնագիր, ինչը մերժելի է:

Հրապարակվել է ,,Գործընթաց,, թերթի 13.11.2020թ. թիվ 288 համարում: