ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՄԱՆԿՈՒՑ ԹՐԱՖԻՔԻՆԳ ԱՊՐԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱԴՐՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ՎԱՐՁՈՒ ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐ
27.10.2020 20:37

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ    

ԵՄ-Ի ՏՎԱԾ  663 ՄԼՆ-Ը  ԿԱՐՈՂ  ԷՐ  ԾԱՌԱՅԵԼ  ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐԻ  ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ

    Վերջին օրերին Թուրքիայում ակտիվացած ընդդիմության կոչերն՝ արտահերթ ընտրության պահանջներով, բացահայտում են Էրդողանի դեպրեսիվ վարքագծի սրման պատճառները: Նրա կոնֆլիկտային, կործանարար վարքագիծն աշխարհի բոլոր թեժ կետերում օրեցօր դարձնում է Թուրքիան խորշելի, ինքնաոչնչացման գնացող երկիր, մինչդեռ Էրդողանն իր ընդդիմությանն ասում է, թե երկրում հերթական ընտրության տարեթիվը 2023թ.-նն է: Թե ինչի՞ կվերածվի երկիրը մինչ այդ, կարելի է կանխատեսել Էրդողանի հոգեբանական չհաղթահարված բարդույթներից ու սթրեսներից, որոնք գալիս են մանկուց:

    Ըստ Էրդողանի կենսագրական մանրամասները բացահայտող հրապարակային հավաստի աղբյուրների, դեռևս անչափահաս տարիքում աղքատ ընտանիքի օրահացի կարիքներով նրան ենթարկել են աշխատանքային թրաֆիքինգի Թուրքիայի մայրաքաղաքի ոչ անվտանգ փողոցներում ջրեղեն վաճառելու: Փողոցային մանրավաճառն ավելի ուշ երիտասարդ տարիքում կուսակցական է դարձել: 1980թ. երկրում ռազմական հեղաշրջում է եղել և բոլոր կուսակցություններն արգելվել են: Այդ ժամանակ Էրդողանն իր աշխատավայրում ղեկավարի հետ կոնֆլիկտ է ունեցել, որի արդյունքում վերջինս պահանջել է նրանից՝ սափրել բեղերը, հակառակ դեպքում՝ սպառնացել հեռացնել գործից: Մի կողմից՝ ռազմական հեղաշրջումը, մյուս կողմից՝ աշխատանքը կորցնելու վախն, այն էլ ոչ թե քաղաքական պատճառով, այլ բեղերը սափրելու պահանջով, նրա մեջ խորացրել են վախերն ու բարդույթները՝ դարձնելով դրանք անհաղթահարելի: Դրա վկայությունն է այն, որ Էրդողանը մինչ օրս պահում է բեղերը, հանուն որոնց պահպանման՝ ժամանակին զրկվեց գործից:

    Իր ծայրահեղականության, հընթացս նաև բռնության քարոզների համար ժամանակին Էրդողանը նաև դատվել է թրքական դատարանի առջև և մի քանի ամիս անցկացրել բանտում: Ու քանի որ ըստ այդ ժամանակներում գործած օրենքների, դատվածն իրավունք չուներ հետագայում ընտրվելու, իր կյանքի այդ դրվագն Էրդողանն ընկալել է՝ որպես դաժան պատիժ, ինչից ավելացել են և՛ նրա վախերն՝ ապագայի հանդեպ, և՛ բարդույթը՝ դժվար ձեռքբերած իշխանությունը երբեք չզիջելու առումով, քանզի իշխանությունը նրա համար միջոց է՝ երբեմնի փողոցային մանրավաճառի ինքնահաստատման հոգեբանական բարդույթներն ու բռնատիրական ամբիցիաներն իրագործելու համար: Բանտը՝ որպես դաժան պատիժ Էրդողանն իր օրոք կիրառեց շատերի դեմ, հիշենք, թե ինչպես էր մասսայական բանտ նետում նրանց /շարունակում է մինչ օրս/, ում կասկածում էր ռազմական հեղաշրջման մեջ, որոշներն էլ հետապնդման մեջ են, ապաստանել են ԱՄՆ-ում և այլուր: Եթե նշվածին հանրագումարենք այն փաստը, որ Էրդողանի՝ իբրև մասնագիտությամբ տնտեսագետի օրոք Թուրքիան հայտնվել է մուրացիկության կարգավիճակում՝ աչք դնելով հունական ռեսուրսների վրա, որոնք ըստ նրա մի քանի տարի կպահեին իր երկիրը, ինքն էլ ազատ ժամանակ շատ կունենար համաշխարհային պատերազմ հրահրելու, ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն չկայացած, այլև ձախողակ ու անգրագետ, երկիրը շարունակ ցնցումների մեջ պահող տնտեսագետի հետ, որն ի հավելումն բարդույթների, ունի դեպրեսիա, որը պաթոլոգիկ է:

  Մանկուց ճնշված Էրդողանի բռնատիրական ամբիցիաների հիմքում նրա հանդեպ առաջին հերթին իր իսկ ընտանիքի վարած թրաֆիքինգն ու դրա ընթացքում կրած ապրումներն են, որոնք նա սառնասրտորեն փոխադարձում է սիրիական փախստականների հանդեպ, որոնց կարիքներն իբր լուծելու պատրվակով նախ՝ աջակցություն մուրաց ԵՄ-ից և 2019թ. նոյեմբերին ստացավ 663 մլն եվրո, որից հետո պարզվեց, որ այդ փախստականների թվում առավել արմատականներին դրդել է տեռորիզմի, նրանց ստորացրել, որ օրահացի համար իրեն ցմահ պարտք են և, որպես վարձու տեռորիստ, ,,քշել,, Ադրբեջան, այնտեղից՝ Արցախ՝ մահվան դատավճռի, որ չվճարի նրանց՝ յուրացնելով տալիք գումարը:

    Ուշագրավ է, որ թե ադրբեջանաթուրքական զորավարժություններին զուգահեռ ռազմատենչ հռետորաբանության աճը և թե հենց բուն Արցախյան պատերազմի վերսկսումը եղան Թուրքիայի կողմից նշյալ 663 մլն եվրոն ԵՄ-ից ստանալուց հետո: Բացառված չէ, որ հենց այդ գումարն էլ Թուրքիան օգտագործում է Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից տեռորիստներ վարձելու, Ադրբեջանին զենք մատակարարելու համար, այլ կերպ ասած, տեռորիզմի ֆինանսավորման համար: Մինչդեռ այդ գումարը նա ստացել էր Թուրքիայում գտնվող մոտ 3,6 մլն սիրիացի փախստականների մուտքը դեպի Եվրոպա բացելու սպառնալիքով, ապա խոստացել աջակցություն ստանալու դեպքում՝ 1-ին փուլով փախստականներին տեղափոխել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտի: Հիշեցնենք, դա խնդրահարույց էր համարել ՄԱԿ-ը՝ նշելով, որ այնտեղ դրա համար պայմաններ չկան: Ավելի ուշ Թուրքիան հայտարարեց, որ բացել է Եվրոպայի հետ սահմանը մի քանի տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների համար: Նա սպառնացել էր, որ նրանց արտագաղթի բացասական հետևանքն իրենց վրա կզգան ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպական երկրներում, առաջին հերթին՝ Հունաստանում:

    Նշենք, որ Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու ձախողված քայլից հետո Թուրքիայից պահանջվել էր դադարեցնել ռազմական գործողություններն Իդլիբում: Էրդողանը և Պուտինը 2018թ. Սոչիում համաձայնվել էին, որ Իդլիբում պետք է ստեղծվեր 15-20 կմ-անոց բուֆերային /ապառազմականացված/ գոտի: Թուրքիայի հսկողությամբ պետք է շրջանից դուրս բերվեին ողջ ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներն ու ծանր զինտեխնիկան, ինչը մինչ օրս տեղի չի ունեցել: Ավելի կոնկրետ, դրանք տեռորիստական օջախ են դարձել, այդ թվում՝ ընդդեմ Արցախի պատերազմում օգտագործվող:

    Մի՞թե ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն անտեղյակ են Էրդողանի վարած կեղտոտ թրաֆիքինգից, ԵՄ-ից տրված 663 մլն եվրոյի ճակատագրից: Այս դեպքում այն ծառայում է Թուրքիայի ցեղասպանական կիսատ մնացած հանցագործությունը շարունակելուն: Եվ սա այն Արևմուտքն է, որն ամեն մի դրամի համար հաշիվ է պահանջում: Նրանք խաբվել են Էրդողանին, որի համար սիրիացի փախստականները միջոց են սպառնալու աշխարհին, այդ թվում՝ Եվրոպային: ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պարտավոր էին հսկել Թուրքիայի պարտավորությունների կատարումը փախստականների համար տրված 663 մլն գումարի տնօրինման հարցում, դրանք ըստ հայտարարված նպատակների չկատարվելու դեպքում՝ պատժամիջոցներ կիրառել: Վերահսկողության իրավասու է նաև ՌԴ-ն՝ որպես Էրդողանի հետ համաձայնագիր կնքած երկիր:

    Հրատապ պատժամիջոցներ չկիրառելը տարատեսակ կասկածներ է հարուցում: Եվ ավելի քան 20 օր շարունակ Արցախում հայ ժողովուրդը միայնակ պայքարում է Իդլիբից ,,արտահանված,, տեռորիստների դեմ: Միայն վերջերս լուր տարածվեց, թե ՌԴ-ն օդային հարված է հասցրել Իդլիբում ահաբեկչական խմբավորումներին, որոնք պատրաստվում էին մեկնել Ադրբեջան, ապա՝ Արցախ: Միաժամանակ ՌԴ-ն Կասպից ծովում՝ ադրբեջանական Աբշերոնին մոտ շրջանում զորավարժություններ է սկսել ռազմական նավատորմի մասնակցությամբ: Էրդողանն էլ հիշեցրեց նրանից գնած C-400-ի մասին, որի փորձարկումները ողջամիտ կասկած հարուցեցին ՆԱՏՕ-յին, որ ցնորված Էրդողանը կարող է վտանգել իր անդամ երկրներին:

    Ավելի վաղ, մամուլը գրել էր, որ Էրդողանն ու նրա ընտանիքը բիզնես շահեր ունեն սիրիական և իրաքյան նավթից, որն արդյունահանում է ,,Իսլամական պետություն,, տեռորիստական խմբավորումը: Էրդողանը մեկ անգամ չէ, որ մեղադրվել է տեռորիստներին ոչ միայն զենք վաճառելու, այլև զինելու մեջ: Նրա փեսան դստեր հետ ամուսնանալուց հետո, ըստ միջազգային մամուլի, ներգրավվել է այն անօդաչուների արտադրության բիզնեսի մեջ, որոնք ևս օգտագործվում են Արցախի դեմ:

Հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի 19.10.2020թ. N287 համարում