ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Առաջադեմ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչմամբ կերաշխավորվի նրանց կյանքի իրավունքը
26.10.2020 18:02

       ԱՐՑԱԽԻ ՃԱՆԱՉՈՒՄ      Ֆրանսիայի խորհրդարանականների այցը ՀՀ Ազգային ժողով

Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանականների շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները  Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

Հոկտեմբերի 25-ին նրանք ՀՀ Ազգային ժողովում էին, ուր նրանց շնորհակալություն հայտնեցին այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար: Մանրամասներ ներկայացվեցին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ: Պատվիրակության անդամները նշեցին, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը    հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:

Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ նրանք  հայտնեցին, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ: ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք: Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:  Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները:  Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում:

<<Գործընթաց>> թերթ