ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՈՇԻ ԲԻԶՆԵՍԸ, ԱՆՀԵՏԱՔՐՔԻՐ՝ ԴԵՍՊԱՆԱՏԱն ԴԻՄԱՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ
23.10.2020 19:31

       ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ          Ինչու՞ է  Լ. Թրեյսիի  ՀՀ այցերի թվում գերակայում Սյունիքը

 Արցախում        ադրբեջանաթուրքական   ահաբեկչական պատերազմի արդյունքում Հայաստանում ապաստանած  արցախցի կանայք՝ ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների հետ օրեր շարունակ ցույցեր են անում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ակնկալելով հանդիպել դեսպան Լին Թրեյսիին՝ անձամբ ներկայացնելու իրենց բողոքը: Հանդիպումից խորշող դեսպանին ի տես՝ նրանք իրենց պահանջները ցուցադրում են պաստառներին առկա հետևյալ գրառումներով. «Ձեր լռությունը նոր Ցեղասպանություն է», «Մենք պահանջում ենք պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», «Դադարեցրեք ահաբեկչությունը»,     

«Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ի անդամը սպանում մեզ», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Կույր մի՛ եղեք», «Մի լռեք», «Կանգնեցրե՛ք Էրդողանին», «Ճանաչե՛ք Արցախը» և այլն: Նրանց վանկարկումներին պարբերաբար միանում են նաև անցուդարձ անող մեքենաների ազդանշանները:

    Նրանք առայժմ հանդիպել են ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական բաժնի պետին և բաց նամակ հանձնել, որի պատասխանը խոստացվել էր, որ կտրվի այսօր: Ակցիայի մասնակիցները պահանջում են ՆԱՏՕ-յի գլխավոր անդամ ԱՄՆ-ից համարժեք արձագանք Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Լիանա Ադամյանը նշել է, որ պահանջել են հանդիպում դեսպան Լին Թրեյսիի հետ. «Մենք հանձնեցինք նամակի տեսքով ձևակերպված մեր պահանջը և ասացինք, որ պատասխանը պետք է շատ արագ լինի, այլապես հնարավոր է, որ դիմենք ծայրահեղ քայլերի: Անհրաժեշտության դեպքում վրաններ կդնենք ու կապրենք այստեղ: Մենք չունենք ուրիշ հայրենիք, ուրիշ բնակավայր չունենք»,- ասաց Ադամյանը և հավելեց, որ իրենք պահանջել են, որպեսզի ԱՄՆ-ը միայն հայտարարություն անելով հանդես չգա: Դեսպանատան դիվանագիտական բաժնի պետն իրենց պատասխանել է, որ կփորձի  հանդիպում կազմակերպել դեսպանի հետ, սակայն մինչ օրս դեսպանը խուսափում է հանդիպել նրանց հետ:

    Ի հեճուկս այն փաստի, որ Իդլիբից Արցախ  «արտահանված» վարձկան ահաբեկիչներն, ըստ երևույթին, Արևմուտքի կողմից Սիրիայի ներքին գործերին միջամտելու արդյունքում ձևավորված սիրիացի փախստականներից են, որոնց ճակատագիրը թողնվեց Թուրքիայի կամայականության, որն էլ նրանց թրաֆիքինգի ենթարկելով օգտագործում է իր կիսատ մնացած պանօսմանական ցեղասպանական ծրագրի իրագործման համար, ԱՄՆ-ը լռում է Թուրքիայի շանտաժի ներքո, որ վերջինս ԱՄՆ չուղարկի սիրիացի փախստականների, նրանց թվում նաև տեռորիստների:  

    ՆԱՏՕ-ԱԿԱՆՆԵՐ ԱՄՆ-Ը ԵՎ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՊԱՍԻՎ ԴԻՏՈՐԴԻ ԴԵՐՈՒՄ ԵՆ՝ ԳԼԱԴԻԱՏՈՐԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻՆ ԱԿԱՆԱՏԵՍ  «ՓԵՏՐԱՎՈՐ ԿԱՆԱՆՑ» ՊԵՍ: Ուշագրավ է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսիի ներհայաստանյան այցերի թվում գերակշռում են ՀՀ հարավում, Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզ այցերը: Անկախ նպատակներից՝ դա ուղղորդված հետաքրքրություն է արտահայտում, ոչ հավասարաչափ:

    Տարօրինակ է, որ հետխորհրդային երկրներում ժողովրդավարության արժեքներ քարոզող ԱՄՆ-ի դեսպանը խորշում է հանդիպել ադրբեջանաթուրքական ահաբեկչական պատերազմից տուժած արցախցի կանանց հետ, մինչդեռ նա անսահման ժամանակ ունի շրջելու Հայաստանի տարբեր մարզերի հատապտղանոցներում, ծանոթանալ օրգանական ազնվամորու և մոշի աճեցման բացառիկ պայմաններին, ավելի մեծաքանակ և որակյալ բերք ստանալու հնարավորություններին, կարծես, ոչ թե դեսպանի հետ գործ ունենք, այլ գյուղատնտեսի կամ ագարակատիրուհու, որը ոչ մի վայրկյան չի ուզում բաց թողնել իր բիզնես շահերը։

<<Գործընթաց>> թերթ

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան