ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Մանկան անեղծ աշխարհի դեմ Ալիեվի կասետային ռմբահարումներն ու դրանց անդառնալի հետեվանքները
20.10.2020 14:38

      ԻՐԱՎՈՒՆՔ   

Պատերազմն ընդհատեց 24 հազար երեխայի կրթության իրավունքն՝ անորոշ ժամանակով  

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով վերջերս ՀՀ ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ առաջին հերթին մեծ հաշվով խախտվել է երեխաների ԿՅԱՆՔԻ իրավունքը. նրանք թիրախի տակ են: Մի երեխա զոհվել է, կան ծանր վիրավորված երեխաներ, նաև Հայաստանի տարածքում: Հոկտեմբերի 15-ի դրությամբ, Արցախի Հանրապետությունում իր բնակության վայրում սպանվել է 9-ամյա մեկ աղջիկ: Նրա 2 տարեկան եղբայրը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ` Մարտունի քաղաքի հրետակոծության ժամանակ: Ադրբեջանի ուժգին հրետակոծության պատճառով ԱՀ-ի Մարտակերտ քաղաքի իրենց տնից հեռանալու ճանապարհին ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է 13-ամյա տղա, ով 5 օր մնացել է կոմայի մեջ: ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ ունեն: Հոկտեմբերի 14-ին Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի մերձակայքում դարձյալ ադրբեջանական ԱԹՍ-ի խոցման հետևանքով վիրավորվել է 14 տարեկան ևս մեկ տղա: Մեծապես վտանգված է նաև երեխաների ԿՐԹՈՒԹՅԱՆ իրավունքը: Սեպտեմբերի 27-ից սկսած Արցախում ուսումնական բոլոր հաստատություններն անորոշ ժամանակով փակվել են: Արցախի Հանրապետության ավելի քան 24 հազար երեխա չի հաճախում դպրոց` չունի կրթության իր իրավունքն իրացնելու հնարավորություն: Ի լրումն Արցախի Հանրապետության դպրոցահասակ ավելի քան 24 հազար երեխաների պատերազմական վիճակով պայմանավորված` Հայաստանի տարբեր մարզերի սահմանամերձ 119 համայնքների ավելի քան 10.815 երեխա սեպտեմբերի 27-ից սկսած զրկված է առկա ուսուցման հնարավորություններից: Անվտանգության նկատառումներից ելնելով` այս համայնքների դպրոցներն, ինչպես նաև նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները կազմակերպել են հեռավար դասեր: Հազարավոր երեխաներ նույն համայնքներում չեն կարողանում մանկապարտեզ հաճախել: ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարմամբ` քայլեր են տարվում ապահովելու իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականների կրթության շարունակականությունը: Երեխաները կարող են հաճախել իրենց` այս պահի փաստացի բնակության վայրի մոտակա դպրոցը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` երեխաներն ընդգրկվում են ուսումնական գործընթացում` անկախ լիցենզիայով նախատեսված տեղերի քանակից և դիմելու պահին փաստաթղթերի առկայությունից: Ինչպես նշվում է, բոլոր դպրոցականներին կապահովեն դասագրքերով և, անհրաժեշտության դեպքում, նաև գրենական պիտույքներով:

Հ.Գ. Ըստ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի այսօր հաղորդված վերջին տվյալների. <<Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա: Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում: Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն>>:  

<<Գործընթաց>> թերթ

Իրինա Դանիելյան