ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Հրթիռակոծված Շուշիի եկեղեցում` Կոմիտասի «Կռունկը» /տեսանյութ/
13.10.2020 15:30

     ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ    

Ադրբեջանը խոչընդոտել է եկեղեցու, խաղաղ բնակչության կրած վնասների ապացույցները հավաքագրելուն


Վարձու տեռորիստների խառնամբոխով համալրված ադրբեջանաթուրքական զինյալները, թիրախ ընտրելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը և հոգևոր-մշակութային խորհրդանիշները՝ օրեր առաջ մի քանի անգամ հրթիռակոծեցին Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցին՝ հարուցելով ողջ քաղաքակիրթ աշխարհի ցասումն ու ամրապնդելով դատապարտման արժանի Թուրքիայի ու նրա հովանավորյալ Ադրբեջանի ցեղասպանագործ ձեռագիրը, որ չի փոխվել 1915թ.-ից ի վեր:

Ի հիշեցում աշխարհի՝ Ս. Ղազանչեցոց եկեղեցում հնչեց Կոմիտասի «Կռունկը»՝ բելգիահայ թավ-ջութակահար Սևակ Ավետիսյանի կատարմամբ: Կոմիտասն աշխարհին հայտնի է՝ որպես  երաժշտագետ, բանահավաք, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: Նա 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերից է, որ շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ թուրքական՝ օսմանյան կառավարության կողմից ձերբակալվեց և աքսորվեց՝ հետագայում կնքելով իր մահկանացուն:

Նշենք, որ Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Արցախի Հանրապետության Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կենտրոնը։ Ընդգրկված է Շուշիի քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում և հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը։ Կառուցվել է 1868-1887 թվականներին։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, դատապարտելով Ադրբեջանին, որակում է լրագրողներին և եկեղեցուն թիրախավորելը՝ որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Ադրբեջանը խոչընդոտել է եկեղեցուն և խաղաղ բնակչությանը պատճառված վնասների ապացույցները հավաքագրող լրագրողներին, որոնցից մի քանիսը մարմնական ծանր վիրավորում են ստացել հրթիռակոծման արդյունքում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս ընթացքում դիմել է միջազգայինն կառույցներին, դեսպանություններին։ Ըստ Արման Թաթոյանի, Շուշիի Մայր տաճարին ուղղված հրթիռային հարվածն արվել է տաճարին վնաս հասցնելու և նկուղում գտնվող երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու մտադրությամբ:

Ավելի ուշ տարածվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչը, որից բխում է, որ Ադրբեջանը պետք է կատարի միջազգային հումանիտար իրավունքով, մասնավորապես, «Զինված ընդհարման ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. Կոնվենցիայով և դրա երկու (1954 թ. և 1999 թ.) արձանագրություններով ստանձնած պարտավորությունները` կանխելու վնասի պատճառումը բոլոր տեսակի մշակութային ժառանգությանը: Սա ներառում է նաև «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության դեպքում լրագրողների, մեդիամասնագետների և հարակից անձնակազմի պաշտպանության մասին» 2222 (2015 թ.) բանաձևով ստանձնած պարտավորությունները: Դրանք միտված են աջակցելու ազատ, անկախ և անկողմնակալ լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից մեկը, ինչն էլ իր հերթին նպաստում է քաղաքացիական անձանց պաշտպանությանը:

Հոդվածն ամբողջությամբ <<Գործընթաց>> թերթում

Իրինա Դանիելյան