ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ
07.10.2020 21:35

       ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ     

Թշնամու տեռորիստական զորքի ջախջախումը, խուճապահար նահանջը՝ հերթական ապացույցով /տեսանյութ/


<<Լեռնային Ղարաբաղը պայքարում է միջազգային ահաբեկչության դեմ, ինչը շատ բան է փոխում ԼՂ հարցի համատեքստում>>,-այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է հերթական հարցազրույցի ընթացքում՝ հավելելով <<Իրավիճակն արդեն դուրս է եկել տարածաշրջանի սահմաններից: Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանի սահմաններից, քանի որ երբ այստեղ արդեն ներկա են արմատականներ, միջազգային ահաբեկիչներ, սա արդեն իրենից վտանգ է ներկայացնում մեր տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար: Եվ սա սպառնալիքի օջախ է հանդիսանում ամբողջ աշխարհի անվտանգությանը, գլոբալ անվտանգությանը: Այսինքն՝ սա արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սահմաններից: Եվ, իհարկե, Թուրքիայի ներգրավածությունը փոխում է համատեքստը: Դրա մասին բազմիցս ասել եմ վերջին շաբաթվա, վերջին տասը օրերի ընթացքում. ինչո՞ւ է Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել Հարավային Կովկաս: Երկու պատճառով: Որպեսզի շարունակի հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Ինչի՞ համար է Թուրքիային անհրաժեշտ այս քաղաքականությունը: Որպեսզի շարունակի ընդլայնման իր քաղաքականությունը, կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելեք, հարավ-արևելեք: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան իրականացնում է Միջերկրական ծովում, Մերձավոր արևելքում, Հունաստանի և Կիպրոսի հանդեպ և այլն: Սա թուրքական կայսրության վերականգնման քաղաքականություն է: Եվ սա արդեն սպառնալիքի օջախ է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար՝ նեղ իմաստով, այլ նաև գլոբալ անվտանգության համար՝ լայն իմաստով: Եվ ես վստահ եմ, որ միջազգային գործընկերները պետք է կոնկրետ եզրակացություններ անեն սրանից, քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անվտանգության հարցը չէ: Սա երկրների, տերությունների և նույնիսկ՝ գերտերությունների լայն շրջանակի անվտանգության հարց է>>:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ <<Երեկ օրվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են ջախջախիչ հարվածներ հասցնել հակառակորդին՝ էապես բարելավելով դիրքերը: Մասնավորապես երեկ՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման և «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը»: 

Ի հավելումն նշվածի՝ նա ԱԺ-ում տեղեկացրել է. «Պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաև հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել: ...Հաղթանակը մերն է լինելու: Մեր զինված ուժերը հստակ կատարում են իրենց խնդիրը»,- նշեց Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերվա ընթացքում հակառակորդն առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով: Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուքային նյութերի խոշոր պահեստ:…Կարելի է ասել, որ գլխովին ջախջախվել է 3 բրիգադ իր գրեթե ամբողջ հարձակողական ներուժով, զինտեխնիկայով, անձնակազմով: Մոտ 60 դիակ թողել են դաշտում, մնացածն էլ անհասկանալի է, թե ինչ վիճակում են: Մեծ թվով զրահատեխնիկա են կորցրել՝ մի մասը ջախջախված, մի մասն էլ սարքին վիճակում: Մնացածն էլ դաշտից ուղղակի փախել են»,- նշեց Հովհաննիսյանը:

«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»,-նշել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Այսպիսով, թշնամու զոհերի թիվը մոտավոր հասնում է 4000-ի, առավել ստույգ թիվը հայտնի կդառնա պատերազմի դադարի կամ ավարտի դեպքում:

<<Գործընթաց>> թերթ