ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Արցախի դեմ կիրառվել են միջազգային իրավունքով արգելված ռումբեր. փորձագիտական եզրահանգում
06.10.2020 22:09

       ԻՐԱՎԱԿԱՆ      

 ՄԻԵԴ-ում Հայաստանի գանգատը հիմնված է լրջագույն  ապացույցների վրա

ՄԻԵԴ-ն ըստ Հայաստանի կողմից ստացված գանգատի՝ Ադրբեջանի և Թուրքիայի դեմ միջանկյալ միջոցներ է կիրառել՝ կոչ անելով բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված  երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ Ըստ ՄԻԵԴ ներկայացված Հայաստանի գանգատի՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ թիրախավորվել են քաղաքացիական անձինք, պահանջվել է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը Հայաստանի և Արցախի շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը փաստեր է ներկայացրել նաև Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին՝ թուրքական զինտեխնիկայի, Սիրայից և Լիբիայից ահաբեկիչ-վարձկանների ներգրավման, Ադրբեջան տեղափոխման և այլ փաստեր:

ՀՀ գանգատի հիմքում դրված փաստերը հիմնավորվում են ի թիվս մի շարք ապացույցների, նաև միջազգային Amnesty International կազմակերպության փորձագիտական եզրահանգմամբ, ըստ որի՝ Ստեփանակերտը /Արցախի Հանրապետության մայրաքաղաքը/ ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով: Այս հեղինակավոր փորձագիտական կազմակերպությունն արձանագրել է, որ միջազգային իրավունքով այդ ռումբերի որևէ կիրառում արգելված է։ Մինչդեռ դրանք կիրառվել են անզեն խաղաղ բնակչության դեմ, ինչն ըստ փորձագետների կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը, քանի որ արգելված կասետային զինամթերքով կարող են արձակել հարյուրավոր ռումբեր։ 

Հայկական կողմը ՄԻԵԴ-ում պնդել է, որ դրանք արգելված են ավելի քան 100 երկրի կողմից։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը մամուլին հայտնել է, որ Ստրասբուրգ կուղարկի նաև Amnesty International-ի եզրահանգումը։ Հիշեցնենք, դեռ անցած շաբաթ Հայաստանի դիմումի հիման վրա դատարանը միջանկյալ միջոց էր կիրառել Ադրբեջանի դեմ։ ՄԻԵԴ-ում փաստեր են ներկայացվել նաև, որ հայկական կողմը խաղաղ բնակչությանն ու քաղաքացիական օբյեկտները չի թիրախավորում։ Եթե պատասխան չստացվի, այս հարցը կքննարկվի Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում, կողմերից կպահանջեն բացատրություններ ներկայացնել:

<<Գործընթաց>> թերթ

Ի. Դանիելյան