ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԶԵՆՔԻ ԲԱԶԱՐ, ԹԵ՞ ,,ՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ,, ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
06.10.2020 20:11

      ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ       

ՀԱՆՈՒՆ ԳՈՅԱՊԱՅՔԱՐԻ՝ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀՐԱՏԱՊ Է

<<Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>> վիճելի է 30 տարի

Մինսկի խմբի անդամ երկրները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և ՌԴ-ն՝ ի դեմս նախագահների, համատեղ հայտարարությամբ կոչ են արել՝ դադարեցնել կրակը: Ի պատասխան դրա՝ Էրդողանն իր երկրի Մեջլիսում վրդովմունք է հայտնել, նախքան Ադրբեջանը կարձագանքեր նրանց կոչին: Նշենք, որ այս կոչի նախօրեին Հայաստանը հստակ հաղորդագրություն էր տարածել, որ դիտարկում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, որն ինչպես երևում է, շատերին է մտահոգել:

29 տարի բանակցելով հակամարտության կարգավորման շուրջ, Հայաստանն ու Արցախը համբերատար սպասում էին առաջադեմ աշխարհի ողջամտությանը, որը հաճախ է թմբկահարում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների գերակայությունը, որից բխում է հավաքական առումով ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ հարգանքը՝ հիմնված բնիկ ժողովրդի՝ 1000-ամյակների բնօրրան հանդիսացող տարածքում ապրելու իրավունքի վրա: Մինչդեռ 1991թ. սեպտեմբերից անկախացած Արցախի՝ մինչ օրս չճանաչման ու <<շրջանների հանձնման>> ինչ-ինչ առաջարկների քննարկումն անթույլատրելիորեն հենվեց՝ հօգուտ Ադրբեջանի կողմնակալ պահանջների վրա: Այս առումով բանակցությունը վերածվեց <<ադրբեջանական շուկայի>> սակարկության, որում <<շրջաններ հանձնելը>> մատուցվեց՝ իբրև առաջարկ, մինչդեռ, կարծես, դոգմատիկ նախապայման է բացառապես 1-ի դեմ՝ հայկական կողմի դեմ առաջադրված:

Մինսկի խմբի սկզբունքային և կոպտագույն սխալն էր այն, որ խաբվել են իբրև Ադրբեջանի տարածք մատուցված կեղծ քարտեզին: Վիճելի հարցեր դիտարկելիս սկզբունքային կարևորություն ուներ հաշվի առնել այն փաստը, որ մինչ Ադրբեջանի ԽՍՀՄ-ից անկախանալը, Արցախը՝ որպես ԽՍՀՄ տարածքային միավոր անկախացել էր ԽՍՀՄ-ից, ուստի նրա տարածքները՝ որպես առանձին Հանրապետության տարածքի ապօրինաբար է Ադրբեջանը ներառել իր քարտեզի մեջ: Եթե տարածքները վիճելի են համարվում, ուրեմն վիճելի են նաև Ադրբեջանի անկախության ճանաչման ակտերը, որոնց հիմքում դրված է վիճելի քարտեզ: Այս մասին Մինսկի խումբն իր հաղորդագրություններում պարտավոր էր նշել, բայց քողարկել է՝ գիտակցված, թե չգիտակցված: Փաստացի կեղծ դիվանագիտություն է վարվում, եթե չի արձանագրվում, որ <<Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը>> վիճելի հասկացություն է: Ի հավելումն դրա՝ շրջանառվել է <<շրջաններ հանձնելու>> առաջարկ, որն առիթավորել է ցեղասպանագործ Թուրքիային ձեռնամուխ լինելու անվիճելիորեն հայաբնակ Արցախի՝ տարածքների բռնազավթման փորձին, որը ձախողելու ենք՝ հանուն պատմական արդարության: Հարկ է նշել, որ Մինսկի խմբին ի տես, Ալիևը Փաշինյանի հետ հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցրել էր փաստ, որը հաստատում է դեռևս ԽՍՀՄ տարիներին Լեռնային Ղարաբաղում հայերի թվական գերակշռությունը:

Եթե Թուրքիային և Ադրբեջանին տարածքներ են պետք՝ առանց բնիկների, դրանք անխոչընդոտ կգտնեն անմարդաբնակ մոլորակներում: Այս տարածաշրջանի համար խաղաղությունը հրամայական է, բայց հակամարտության կարգավորման գործընթացը 29 տարի ընթանում է զենք արտադրող երկրների <<բազարներով>>, որին այս անգամ բացահայտ մասնակցում է նաև Թուրքիան: Էրդողան-Ալիև զույգն Արցախում պատերազմ վերսկսելով՝ Պուտինին մարտահրավեր է նետել, որի շրջանակում հաշիվ է պարզում , թե ինչու՞ են զենք վաճառել Հայաստանին: Այս համատեքստում հավանաբար Ալիևին հորդորվել է Պուտինին չզանգել ու նա զանգում է Էրդողանին:

Զենքի գործարքներ է վարում նաև ԱՄՆ-ը, որն ըստ որոշ լուրերի մտադիր է իր ռազմաբազան Թուրքիայից տեղափոխել Հունաստան, հատկապես հունական ծովային հանքի հետ կապված Թուրքիայի հնչեցրած հավակնությունից հետո: Թուրքիան խորշելի է դարձել և վտանգավոր տարածաշրջանի համար՝ դատելով նաև Սիրիայի, Լիբիայի նախադեպերից:

Արցախի գոյապայքարը հրատապ է դարձնում ՀՀ կողմից դե յուրե /իրավաբանորեն/ նրա անկախության ճանաչումը, հատկապես, որ Ադրբեջանը հրաժարվել է բանակցել, սահմանի ողջ երկայնքով էլ 4-րդ անգամ զինադադարից ի վեր պատերազմ է վարում: Մեծ հավանականությամբ ՀՀ-ից հետո Արցախի անկախությունը կճանաչեն Աբխազիան, ինչու չէ Ղրիմը, եթե փոխադարձ ճանաչման շուրջ պայմանավորվեն: Հանուն ՀԱՊԿ-ի, որը <<շրջաններ հանձնելու>> նախապայմանի կողմնակիցն է, չենք կարող հավերժ զոհեր տալ: Ի վերջո, ՌԴ-ն կմբռնի իրավիճակը, գուցե ոչ այնքան համեմատելի, բայց դիցուք, Ղրիմի օրինակով:

Հավելենք, որ Արցախի ԱԳՆ-ը հայտարարությամբ դիմել է միջազգային հանրությանը՝ նշելով. <<Լրջագույն մտահոգություն է առաջացնում տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Մերձավոր Արևելքից՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու համար: Ադրբեջանի նմանատիպ գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ: Հարկ է նշել, որ ինչպես Արցախի Հանրապետությունը (1993 թ. հունվարի 26-ից), այնպես էլ Ադրբեջանը նշված Կոնվենցիայի կողմ են:…Ադրբեջանի հակաիրավական արարքները հետզհետե ավելի սպառնալից են դառնում քաղաքացիական բնակչության համար՝ մասնավորապես, և տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար՝ ընդհանրապես` ի խախտումն ՄԱԿ-ի կանոնադրության:… Հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրների քաղաքական և հասարակական գործիչների հայտարարությունները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության վերաբերյալ: Համոզված ենք, որ դա առավել գործուն մեխանիզմ է` ապահովելու Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ որպես միջազգային հանրության անդամ, ինչպես նաև կանխելու միջազգային հակաիրավական արարքներ իրագործելու իր հետագա մտադրությունները: Տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության զինանոցում առկա գործիքակազմից Արցախի միջազգային ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է: Արցախի Հանրապետությանը միջազգային իրավասուբյեկտայնությամբ օժտումը հանրապետության անվտանգության ապահովման ռազմական միջոցներին կավելացնի նաև իր քաղաքացիների հիմնարար իրավունքները պաշտպանելու իրավական մեխանիզմներ>>:

Արցախի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրում հրապարակված են այն սուբյեկտներն, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից և այլ երկրներից որոնք ճանաչել են Արցախի անկախությունը, տե՛ս http://www.nkr.am/hy/international-recognition-of-karabakh հղմամբՆշենք, որ ըստ կարգի՝ անկախության ճանաչումից հետո կարող է կնքվել ռազմաքաղաքական դաշինք: Այդ կարգավիճակը վերջնականապես կզրկի թուրք-ադրբեջանական դաշինքին օգտագործելու <<օկուպացիա>> եզրույթը:

Հրապարակվել է <<Գործընթաց>> թերթի 01.10.2020թ. թիվ 286 համարում

Հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան