ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԿԱ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԲԱԽՈՒՄ
26.09.2020 19:58

    ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ     

Հանրային պահանջն  է՝ բարեփոխել ողջ իրավական համակարգը՝ սկսած ՍԴ-ից մինչև այլ ատյանների դատարաններ…

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 15-ին 3 քաղաքական ուժից բացառապես <<Իմ քայլի>> բավարար գլխաքանակով Երվանդ Խունդկարյանին, Արթուր Վաղարշյանին և Էդգար Շաթիրյանին ընտրեց ՍԴ դատավորներ: …Ընդամենը 1 քաղաքական ուժից ընտրված լինելն արդեն իսկ կասկածի տակ է առնում նշյալ դատավորների հետագա անկախությունն ու անաչառությունը, քանզի նման իրավիճակում հաճախ գործում է <<ումից ընտրված է, նրան էլ կծառայի>> սկզբունքը: Այս առումով, թերևս, առավել արդյունավետ կլիներ, եթե դատավորներն առհասարակ ընտրվեին ժողովրդի կողմից, քանզի որքան մեծ է ընտրողների թիվն, առավել մեծ է շանսն ունենալու անկախ գործող մարմին, որը դատարանի դեպքում օրենքով հրամայական է, բայց գործնականում չգործող նորմ է: Հետևանքը՝ հանրային խոր անվստահությունն է դատաիրավական համակարգի հանդեպ՝ ՍԴ-ից մինչ 1-ին ատյանի դատարաններ, այլ իրավապահ օղակներ: Հանրային պահանջն այս առումով ԱԺ-ում բարձրաձայնեցին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ավելի ուշ նաև ԼՀԿ-ից պատգամավորներ Անի Սամսոնյանը, Տարոն Սիմոնյանը:

Մասնավորապես՝ պատգամավոր Ա. Բաբաջանյանը սեպտեմբերի 14-ի նիստի իր ելույթում նկատառում հայտնեց, որ. <<Իշխանության ներսում կա գաղափարական բախում, և ես ուզում եմ հույս հայտնել, որ արդյունքում կհաղթի իշխանության հեղափոխական հատվածը, որին համարում եմ դաշնակից: Իրականում դատաիրավական բարեփոխումը սոսկ դատավորների փոփոխություն չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Դատաիրավական բարեփոխումները պետք է ընդգրկեն ողջ իրավական համակարգը, բոլոր կառուցակարգերը՝ սկսած ՍԴ-ից մինչև այլ ատյանների դատարաններ, քննչական կառույցներ, դատախազական համակարգեր, բոլոր այն ենթահամակարգերի ամբողջությունը, որն ապահովում է երկրում արդարադատությունն ու իրավականությունը…Հեղափոխությունից 2,5 տարի անց մենք հադուրժում ենք նախկին իշխանության ամենաապօրինի ու ստոր հրահանգները կատարած դատավորների, տարբեր գնահատականներով 35-50 դատավորների, որոնց մի մասի Մարտի 1-ով կայացրած դատավճիռները բեկանվել են Վճռաբեկ դատարանում, որոնց առնչությամբ ՄԻԵԴ-ը խայտառակ, Հայաստանի հեղինակությունը խարանող վճիռներ է կայացրել: Եվ այս պայմաններում նման հանցավոր ու արատավոր բեռ ունեցող դատավորներից ակնկալել, որ նրանք կգործեն նոր Հայաստանի հռչակումներին համապատասխան, ուղղակի միամտություն է…Ոչ թե ժողովրդավարությունը պետք է պաշտպանենք դատական համակարգից, այլ հակառակն՝ արդար դատական համակարգով պետք է պաշտպանենք ժողովրդավարությունը>>: Պատգամավոր Ա. Բաբաջանյանը կոչ արեց՝ հետ կանգնել նահանջի խորտակող ճանապարհից:…

Ելույթից հետո ի պատասխան <<Գործընթաց>> թերթի հարցմանը, թե ի՞նչ նկատի ուներ՝ ասելով՝ <<իշխանության ներսում գաղափարական հակադրություն կա>>, Ա. Բաբաջանյանը հստակեցրեց՝ մասնավորաբար նշելով.<<Ես խոսեցի իշխանության ներսում գաղափարական հակադրության մասին, որտեղ պրոֆեսիոնալները հակադրության մեջ են հեղափոխականների հետ>>՝ հույս հայտնելով, թե իշխանությունը լռության չի մատնի հասարակական սպասումները դատաիրավական համակարգում խորը, արմատական քայլերի առումով, դատական իշխանության ներսում ամենաթողությունը կանխելու առումով: Փաստերը, սակայն, ցույց են տալիս, որ Փաշինյանը համերաշխ է իր նախորդի՝ Սերժի կադրերի հետ՝ ի դեմս Խունդկարյանի և նախագահի աշխատակազմում գործած ԲՊԱ Էթիկայի հանձնաժողովին տարիներով անդամակցած Է. Շաթիրյանի հետ և Վաղարշյանի, որը խուսափեց քննադատել իրավական հետընթացի հանգեցրած նախորդ իշխանությանը:

Դատավորների ընտրությունից հետո որևէ խմբակցությունում չընդգրկված ԱԺ պատգամավոր Ա. Բաբաջանյանը, որ հայտարարել էր բոլորին դեմ քվեարկելու մասին՝ արձանագրեց.<<Իշխող մեծամասնությունը ՍԴ նոր դատավորներ ընտրեց ՍԴ նախկին դատավորներից ոչնչով չտարբերվող թեկնածուների: ՍԴ-ի՝ նախկին իշխանությունների կամակատարներին փոխարինելու են գալիս կաշառակեր գիտնականն ու դասախոսը, նախկին իշխանությունների ձեռնածու դատավորն ու մի անդեմ իրավաբան, ինչի առիթով շնորհավորում եմ իշխող մեծամասնությանը: Սա էր իշխանությունների մոտիվացիան՝ նախկին հանցավոր ՍԴ-ն փոխարինել նոր հանցավոր ՍԴ-ով: Սա իշխանության գիտակցված ընտրությունն էր, որով էլ իշխանությունը դավաճանեց հարյուր հազարավոր քաղաքացիներին ու հեղափոխության հռչակումներին>>: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն բոյկոտել էին քվեարկությունը:

Այսպիսով, ի հակառակ այն փաստի, որ դատական իշխանության <<խոտան>> որոշումների մեծ մասը կայացվում է դատական 1-ին ատյանում, ապա բեկանվելու փոխարեն, <<դակվում>> Վերաքննիչ, ապա Վճռաբեկ ատյաններում, հաճախ ոչ թե քննության արդյունքում, այլ աննշան տեխնիկական պատճառներով չքննվելով՝ արգելափակում է արդար դատաքննության իրավունքի իրացումը,<<հեղափոխական>> համարվող քաղաքական ուժն՝ <<Իմ քայլն>> ԱԺ-ում դատավոր ընտրեց բազմաթիվ անձանց բողոքների մերժումով հանրահայտ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին ու ևս 2 թեկնածուի, որոնք դատավոր չեն եղել: Տարիներ ի վեր անթույլատրելի պարադոքս է գործում - Հայաստանում որքան բարձր է դատական ատյանը, դատավորի աշխատավարձն, այնքան ավելի հաճախ են դատարան դիմող անձանց բողոքները մերժվում՝ ընդամենը տեխնիկական, ձևական պատճառներով, ըստ էության դատարանն արդարադատության մարմնից վերածելով սոսկ տեխզննման կետի: Արդյունքում Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների դատավորներն անում են այն, ինչ տարիներ առաջ վերապահված էր դատարանի քարտուղարությանն ու տեխանձնակազմին: Այդ էր պրակտիկան Սերժի օրոք, այդպես է նաև Նիկոլի օրոք և կշարունակվի ՍԴ-ում, քանզի Խունդկարյանը դատավորի պաշտոնում կշարունակի արդեն սովորական դարձած գործելաոճը:

Հեղինակ՝ Ինարա Դանիելյան

Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթի 21.09.2020թ. թիվ 285 համարում: