ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
29 ՏԱՐԻ ԱՐՑԱԽՆ ԱՆԿԱԽ ՈՒ ԻՆՔՆՈՐՈՇՎԱԾ
02.09.2020 16:00

     ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ           Ազատամարտը վերահաստատեց բնիկ ժողովրդի՝ հայերի իրավունքը հինավուրց հայկական հողում՝ Արցախում

29 տարի Արցախի Հանրապետության Անկախության տարեդարձին՝ սեպտեմբերի 2-ին, աշխարհի տարբեր անկյուններից ստացվում են ուղերձներ, որոնց խորհուրդը ոչ միայն տոնի առթիվ շնորհավորելն է, այլև վերահաստատումն այն փաստի, որ Արցախն արժանիորեն վաստակել է անկախության ու ինքնորոշման իր իրավունքը: Սա անշրջելի իրողություն է, որը մինչ օրս չի ընկալում Ադրբեջանը, քոչվորականներից բաղկացած մի խառնամբոխ երկիր, որը ստեղծվել է ընդամենը 20-րդ դարում ոչ թե ժողովրդավարական, այլ խորհրդային կարգերի հաստատման շրջանում: Ի սկզբանե զբաղեցնելով Աղվանքի տարածքը, Ադրբեջանը պատեհապաշտորեն Խորհրդային իշխանությունից Լենինի ու Ստալինի օրոք ստացել է շռայլ նվեր՝ ի հաշիվ հայկական հողերի՝ Արցախի, ուր հիմնվել է քրիստոնյա աշխարհի առաջին եկեղեցին՝ Դադիվանքը, նաև Նախիջևանի հաշվին, որը մինչ այդ Երևանի նահանգի կազմում էր: Դրանք ԽՍՀՄ կազմում ի սկզբանե ստացել են ինքնավար կարգավիճակ: Ադրբեջանը գիտակցելով, որ չունի այդ ինքնավար միավորների հանդեպ այն իրավունքը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առներ իր տիրապետության ներքո, 1980-ականների վերջից սկսեց հրահրել պատերազմ և հայերի ջարդեր՝ նրանց հայրենազրկելու և Արցախի հողը վերջնականապես զավթելու նպատակով: Արդյունքում ծավալված արյունալի Ազատամարտը վերահաստատեց բնիկ ժողովրդի՝ հայերի իրավունքը հինավուրց հայկական հողում՝ Արցախում: Ազատագրվեց հողերի զգալի մասը, կնքվեց 1994թ. զինադադարը, որն այս 29 տարիներին Ադրբեջանը բազմիցս խախտել է:

Փոխվել է աշխարհը, քաղաքական ռեժիմը, հաստատվել են ժողովրդավարական կարգեր: Այսօր Արցախի Հանրապետությունը՝ որպես անկախ ու ինքնորոշված երկիր, հայտնի է աշխարհի ավելի մեծ թվով մարդկանց, քան Ադրբեջանն էր հայտնի խորհրդային տարիներին իր ստեղծման ու սահմանադրության ընդունման շրջանում: Արցախի ճանաչման գործընթացը շարունակվում է թե՛ տարբեր ակտերի ընդունման, թե՛ համագործակցության տարբերակներով և թե՛ երկիր պաշտոնական ու ոչ պաշտոնական այցերով: Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում զարգացնում է ագրեսիան՝ հրադադարը խախտելով ոչ միայն արցախա-ադրբեջանական սահմանից, այլև Նախիջևանի կողմից: Այն փաստը, որ ի սկզբանե Ադրբեջանը զբաղեցրել է Աղվանքի տարածքը, որի կազմում չեն եղել ո՛չ Արցախը, ո՛չ էլ Նախիջևանը, չի կարող հերքել նաև Ռուսաստանը, որի առաջնորդությամբ էլ ԽՍՀՄ օրոք Ադրբեջանի հետ կնքված կամայական գործարքում անկարող են եղել հաշվի չառնել Արցախի ու Նախիջևանի հայկական ծագումն ու ինքնավար կարգավիճակ տալ այս տարածքներին: 

Ողջամիտ չէ ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի և արևմտյան երկրների դիրքորոշումը պետական մակարդակով չճանաչելու ժողովրդավարական հանրաքվեի արդյունքում Արցախի ինքնորոշումն ու անկախությունը: Դա աշխարհաքաղաքական տեսակետից անհեռատես քայլ է: Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, այն ԽՍՀՄ փլուզումից հետո ունի հնարավորություն՝ ուղղելու խորհրդային իշխանության սխալը և ադեկվատ գնահատելու առկա փաստերը: Անթույլատրելի է բանակցային գործընթացը վերածել ադրբեջանական շուկայի սակարկությունների: Արցախի անկախությունն ու ինքնորոշումը կուրորեն ժխտում են նրանք, որոնց Ադրբեջանը սնել ու սնում է սերնդեսերունդ, իսկ Արցախը շարունակում է բացահայտել ճշմարտությունն՝ իր երկիր այցելող բազմաթիվ զբոսաշրջիկների, պաշտոնական ու ոչ պաշտոնական հյուրերի առջև՝ ձևավորելով միջազգային հանրության կարծիքն առ այն, որ Արցախն այլևս անկախ ու ինքնորոշված պետություն է արդեն 29 տարի: 

Շնորհավորելով տարեդարձն Արցախի՝ մաղթե՛նք խաղաղություն, անառիկություն սահմաններին և անկոտրում կամք, առողջություն ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ: 

<<Գործընթաց>> թերթի խմբագրակազմ