ԻՐԱԶԵԿՈՒՄ
Շարունակում է դիմակից բացի պարտադիր լինել անձը հաստատող փաստաթղթի առկայությունը
Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ, որը կգործի օգոստոսի 19-ից։ Պարետ Տիգրան Ավինյանի իրազեկմամբ՝ կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։
Վերաբացվել են՝
- Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
- Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
- Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
- Գրադարանները
- Թանգարանները
- Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
- Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
- Գրադարանների և թանգարանների
- Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
- Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
- Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
- Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
- Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
- Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։
Ի դեպ, շարունակում է դիմակից բացի պարտադիր լինել անձը հաստատող փաստաթղթի առկայությունը: Որոշման մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4301.pdf
Հիշեցնենք, օրեր առաջ էլ՝ օգոստոսի 12-ին, հայտնի դարձավ, որ ուժի մեջ են մտել հետևյալ փոփոխությունները.
- թույլատրվում է հավաքների անցկացումը և դրանց մասնակցելը՝ սահմանված կարգով դիմակ կրելու և միմյանցից նվազագույնը 1,5 մետր հեռավորություն պահպանելու պայմանով,
- թույլատրվում է ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումների անցկացումը՝ ոչ ավել քան 40 հոգու մասնակցությամբ և պարետի կողմից սահմանված կարգով և կանոների պահպանմամբ,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան,
- Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից,
- հանվել են որոշ բժշկական նշանակության ապրանքների և դեղորայքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակումները։