ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ԱԺ-Ն ՁԵՎԱԿԱՆ ՆԻՍՏՈՎ ԸՆԴՀԱՏԵՑ ՀԱՆԳԻՍՏԸ, ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑՈՎ՝ ՈՉ
12.08.2020 19:40

    ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ      ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄԸ ՁԳՎԵՑ ՄԻՆՉԵՎ 11.09.20Թ.,

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ՓՈԽՎԱԾ, ՀԱՎԱՔՆԵՐՆ՝ ԸՍՏ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 17:00-ը ներառյալ ժամկետով: <<Մենք պատրաստվում ենք սեպտեմբերի 15-ից ամբողջ հանրակրթությունը՝ ներառյալ միջին մասնագիտական կրթությունը, բացել, իսկ բուհական համակարգի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են: Այստեղ անխուսափելիորեն թվերի որոշակի աճ լինելու է, և մեր հիմնական ռիսկը դա է: Եթե մենք կանոնները պատշաճ կատարենք, իրավիճակը կլինի այնպիսին, որ մեր այսօրվա խոսակցության բովանդակությունը չի փոխվի, բայց եթե պատշաճ կարգապահություն չպահվի՝ մենք նորից վերադառնալու ենք ճգնաժամային իրավիճակի»,-նշել է վարչապետ Ն. Փաշինյանը: Արդարադատության նախարար Ռ. Բադասյանը նշել է, որ նախատեսվում են մի շարք մեղմացումներ: Նախարարը ներկայացրել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշման փոփոխությունները: Նախ վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը: «Միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ   մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն կա մեկ նորամուծություն. 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեսթ, բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է»,-ասել է նա:

Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, որը փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմաններով: Մասնավորապես, անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումն անձանց միջև՝ առնվազն 1,5 մետր: Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց կազմակերպումն, անցկացումը և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները: Վերացվում է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիրների կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը՝ ոչ ավելի, քան 14-օրյա ժամկետի կտրվածքով:    

 Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ օդային սահմանի անցակետով օտարերկրացիների մուտքի արգելքի վերացման դեպքում օտարերկրացիների ՀՀ ժամանման ծավալների կառավարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հակահամաճարակային միջոցառումների իրականացման համադրմամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է կանոնակարգել ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրումը՝ ժամանումից հետո սահմանային անցակետում դրա տրամադրման դեպքերը հասցնելով խիստ նվազագույնի: Կստեղծվի հնարավորություն ՀՀ ժամանել պատրաստվող անձանց ՀՀ տարածքում մնալու հակահամաճարակային պայմաններին (ինքնամեկուսացման կամ թեստավորման այընտրանք, նախապես թեստավորման հնարավորություն) մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի շրջանակում նախապես իրազեկելու համար: Ինչպես նաև նախատեսվում է  վերահսկելի դարձնել մոտ 70 պետություններից օտարերկրացիների հոսքի ծավալները՝ նախքան ՀՀ տարածք նրանց ժամանելը։ Արդյունքում սահմանային անցակետում մուտքի արտոնագրի տրամադրումը կնախատեսվի միայն որոշակի կատեգորիայի անձանց համար՝ միաժամանակ պահպանելով օտարերկրյա այլ քաղաքացիների համար հեշտացված կարգով մուտքի արտոնագիր նախապես ստանալու այլ եղանակները (դիվանագիտական ծառայության մարմիններում առանց հրավերի կամ e-visa էլեկտրոնային համակարգով)։ 

ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շտապ հայտարարություն տարածեց՝ խնդրելով արձակուրդում գտնվող պատգամավորներին շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ՝ հատուկ նիստի, որն ըստ էության ձևական է և ընդամենը պահանջում է՝ ապահովել գլխաքանակ, ներկայություն՝ նիստը կայացած համարելու համար, քվեարկություն չի արվում:

Փաստորեն պատգամավորներն ընդհատեցին իրենց հանգիստն այդ ձևական նիստի համար, մինչդեռ օգոստոսի 10-ին Ազգային ժողովի այգում հանուն Ամուլսարի պաշտպանության` քաղաքացիների ակցիային անտարբեր եղան: Ակցիայի մասնակիցներն իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող արդար եւ անկոտրում պայքարին։ Պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին այդ ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

«Կառավարության և ԱԺ-ի ներկայացուցիչները շարունակում են պահպանել քար լռություն: Ամուլսարի պահապանները միայնակ են մնացել «Լիդիան» ընկերության եւ վերջինիս ապօրինությունների ու լրատվական ձեռնածությունների դեմ՝ միաժամանակ բախվելով ոստիկանության աննախադեպ բռնությունների և իշխանության տոտալ անտարբերության։ Ամուլսարը սար է մնալու․ այլընտրանք չկա»,- հայտարարել էին նրանք՝ հիշեցնելով, որ Ամուլսարի հանքի շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ ջրային ռեսուրսների աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը:

Ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին և ցրեցին բողոքավորներին:

Հեղինակ՝ Ի. Դանիելյան