ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, կերկարաձգվի ևս 1 ամսով
Հայաստանում երբևէ հայտարարված արտակարգ դրության իրավիճակներից նոր տիպի կորոնավարակն ակնհայտորեն առանձնանում է արհեստական չափազանցությամբ, թեպետ էականորեն զիջում է իր հետևանքների ծավալով և՛ 1988թ. Երկրաշարժին, և՛ 1990-ականների դժնդակ օրերին տարածված այլ հիվանդություններին, 2009թ. խոզագրիպին, որը պանդեմիա էր հայտարարված, բայց ողջ երկրով մեկ արտակարգ ռեժիմ չսահմանվեց: Այս առումով Հայաստանի համար աննախադեպ էր 2020թ. մարտի 16-ից 5 անգամ երկարաձգված արտակարգ դրությունը, որը կտևի մինչև 2020թ. օգոստոսի 12-ը, ժամը 17:00-ն:
Իշխանության առաջ քաշած <<Աշխատի՛ր Հայաստան>> կարգախոսն այս 4,5 ամսում կտրուկ փոխվեց <<Չաշխատի՛ր Հայաստանի>>: Սկզբում արգելափակեցին գրեթե բոլոր գործունեության տեսակներն, ապա թույլատրեցին մասամբ՝ այնպիսի պայմանների առաջադրմամբ, որոնց մի մասն ակնհայտորեն ձևական է և անիմաստ, ու շատերի օբյեկտիվ նկատառմամբ՝ տուգանք կորզելու, գործունեությունը կասեցնելու միտում է հետապնդում…:
Հետահայաց դիտարկելով կորոնապայքարի ձախողման պատասխանատուներին՝ շատերը մատնանշում են այն փաստերը, թե ինչու՞ իշխանությունը տարածված համավարակի պայմաններում թույլատրեց Իտալիայից Հայաստան չվերթներ՝ արդյունքում երկիր բերելով վարակակիրների: Ժամանակին չկանխվեցին նաև Չինաստանից Հայաստան չվերթները: Ո՛չ քաղավիացիայի ղեկավար Տ. Ռևազյանը հրաժարական տվեց, ո՛չ էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, թեպետ ակնհայտ էր, որ նա չունի բավարար կարողություններ և հմտություններ նման իրավիճակներում օպերատիվ կողմնորոշման և անհրաժեշտ քայլերի ժամանակին ձեռնարկման համար: Վրաստանն էլ օրինակ չծառայեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որը պարտավոր էր այս 4 ամսում գոնե 4 անգամ ախտահանելու բնակչության զգալի մասն ընդգրկող Երևանի փողոցները…: Պարետատունն՝ ի դեմս պարետ Տ. Ավինյանի շռնդալից ու անզիջում տուգանքներ է կիրառում, տնտեսվարողների գործունեություններ կասեցնում: Այդ 1000-ավոր որոշումները նպաստել են ավելի շատ <<Չաշխատի՛ր Հայաստան>> կարգախոսին, քան վարակի կանխմանը: Արդյունքում ընդլայնվել է հայաստանաբնակ գործազուրկների բանակը, մինչդեռ վարչապետ Ն. Փաշինյանը ձեռքբերում է համարում իշխանական աշխատակազմում 100 սփյուռքահայերի ընդգրկումը, որոնց համար Հայաստանը, կարծես, խոպան է, ուր կարելի է գալ միայն, երբ գործ են առաջարկում….: Կորոնավարակից մահերն ավելանում են, վերոնշյալ պաշտոնյաները քողարկում ձախողումները՝ մնալով անփոխարինելի:
,,ՀԱՋՈՂՎԱԾ <<ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ>>, ՁԱԽՈՂՎԱԾ ԿՈՐՈՆԱՊԱՅՔԱՐ. 4,5 ԱՄԻՍ <<ԱՇԽԱՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԻ>> ՓՈԽԱՐԵՆ՝ <<ՉԱՇԽԱՏԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ>> ԿԱՐԳԱԽՈՍՈՎ,, հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ <<Գործընթաց>> թերթի 31.07.2020թ. թիվ 283 համարում:
Հ.Գ. Օգոստոսի 5-ին ՀՀ կառավարությունը վերահաստատեց իր ձախողումը. փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանում արտակարգ դրությունն օգոստոսի 12-ից հետո կերկարաձգվի ևս մեկ ամսով, այսինքն՝ 6-րդ անգամ։ Նա ընդգծել է, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու են օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը։…Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը…Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»:
Հեղինակ՝ Ի. Դանիելյան