ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ժողովուրդը դեմ է Ամուլսարի շահագործմանը
06.08.2020 18:09

  ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ   ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾՈՒՄ Է, ԿԱՐՈՂ Է ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼ

Վայոց ձորի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ամուլսարի համար պայքարը զարգացման նոր փուլ է անցել: Իրավիճակը կտրուկ լարվեց այն սադրանքից հետո, երբ օգոստոսի 4-ի գիշերն Ամուլսարի պահապանների 2-րդ պահակակետի վագոն տնակները «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի ցուցումով տեղափոխվեցին դիմացի ճամփեզր և տեղադրվեցին ընկերության տնակները։ Ըստ ՀՀ ոստիկանության կողմից բնակչությանը տրված բացատրության՝ ընկերությունն իբր վարձակալել է ճամփեզրի հատվածը: Հանրային պահանջն է՝ ներկայացնել վարձակալության փաստաթղթերը, որին սակայն, մինչ օրս  պատասխան չկա: Մինչդեռ ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ 2019թ-ի հունիսին որակավորված մասնագետն իրականացրել է գույքային միավորների նշահարում տեղանքում և եզրակացություն տվել, որ Ամուլսարի պահապանների վագոն տնակները չեն գտնվում «Լիդիան Արմենիա»-յին պատկանող անշարժ գույքային միավորների տարածքում:

Այս իրավիճակը բորբոքել է կրքեր, Ամուլսարի շուրջ հավաքել բազմություն, որի օբյեկտիվ պահանջների հանդեպ  վարչապետ Ն.Փաշինյանն ու նրա թիմը <<հեղափոխական>> լռություն են պահպանում, ինչը հակասում է կոռուպցիայի դեմ պայքարի սկզբունքներին:

Գրեթե ամեն օր Ամուլսարի շուրջ բախումներ են ծավալվում, բերման են ենթարկվում ակտիվիստներ ինչպես պահնորդներից, այնպես էլ Ամուլսարի պահապաններից: Հիշեցնենք, Ջերմուկն ունի առողջարանային համայնքի կարգավիճակ, ինչը սկզբունքորեն մերժելի է դարձնում այստեղ որևէ հանքի շահագործումը: 

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԵՏԵՎՅԱԼՆ ԵՆ.

• ՀՀ կառավարությունը պետք է անվավեր ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական եզրակացությունը:

• Պահնորդական ընկերությունը, որը կոչված է իրականացնելու «Լիդիան Արմենիա»-ի գույքի պահպանություն, պետք է լքի տարածքը, քանի որ պահնորդները զինված են մետաղյա իրերով, շղթաներով: Հեռացնել սադրանքներ հրահրող զինված վարձկաններին ԱՄՈՒԼՍԱՐԻՑ։

• «Լիդիան Արմենիա» ընկերության տեղադրած տնակները պետք է 30 մետրով հետ տեղափոխվեն դեպի Ամուլսարի ծրագրի տարածք՝ ազատելով ճամփեզրը: Այլ կերպ ասած, հեռացնել Ջերմուկ տանող մայրուղու վրա տեղադրված տնակները։

<<ԱՄՈՒԼՍԱՐԸ ՊԵՏՔ Է ՍԱՐ ՄՆԱ>>-սա հանրության անփոփոխելի դիրքորոշումն է, որին եթե կառավարությունը կասկածում է, կարող է հանրաքվե անցկացնել ու համոզվել, որ ժողովուրդը դեմ է Ամուլսարի շահագործմանը: