ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ
ՈՐՈՇ ԲՈՒԺԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ՝ ԿԱՆՑՆԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ իրավիճակով պայմանավորված Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի 1-ից հավանաբար կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոն Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կդադարեն միայն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ զբաղվել և կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։ Ըստ նախարարի՝ բուժման մեջ գտնվող պացիենտների թիվն այժմ նվազում է, և հիվանդանոցներում կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ վերակենդանացման բաժանմունքներում։ «Այս պատճառով պլանավորվում է աստիճանաբար գնալ դեպի մահճակալային ֆոնդի հետծավալման, սակայն պատրաստ լինելով 1-2 օրվա ընթացքում այն նորից նույն ծավալով աշխատեցնելու, եթե իրավիճակը կրկին փոխվի։ Եթե դեպքերի թվերը նորից սկսեն աճել ու հավելյալ մահճակալների կարիք լինի, 2700-2800-անոց մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու 1-2 օրվա մեջ ծավալվելու»,- ասել է նախարարը։
Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի առողջապահության համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին։ Նրա խոսքով՝ առողջապահական համակարգի պատրաստվածության աստիճանը մնալու է մոտավորապես այն մակարդակի, ինչպես հիվանդացության գագաթնակետի ժամանակ։ Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կրկին կկատարեն այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։ Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ առաջիկայում մի շարք ոլորտների գործունեության հետ կապված կընդունվեն պարետի որոշումներ, որոնք հնարավորություն կտան հստակ կանոնների պահպանմամբ վերսկսել գործունեությունը: