ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԾԻՐԱՆԻ ՎԱՃԱՌՔԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄՈՌԱՑԵԼ ԷԻՆ, ՈՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՈՒՂՆ ԱՎԵԼԻ ՔԱՂՑՐ Է ԼԻՆՈՒՄ

Մոսկվայի իշխանությունները վստահեցնում են՝ ծիրանով բեռնված հայկական պետհամարանիշներով մեքենաները կրկին կարող են մտնել ադրբեջանցիներին պատկանող Food City շուկա:
Ինչպես հայտնի է, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության ֆոնին ադրբեջանցիներին պատկանող Food City շուկայում արգելել էին հայկական պետհամարանիշներով բեռնատարների մուտքը: Հաջորդ օրն իսկ մոսկվայաբնակ հայերն, ի պատասխան ադրբեջանցի գործարարների, գնել էին Ռուսաստանի մայրաքաղաքում մնացած գրեթե ամբողջ բերքը: <<Տաշիր>> խմբի ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի որոշմամբ էլ անվճար տեղեր են հատկացվել հայկական ապրանքների վաճառքի համար, ինչի մասին տեղեկացրեց նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանն իր հերթին մեծ խմբաքանակով գնված ծիրանը նվիրաբերեց բուժաշխատողներին, որոնք համավարակի այս օրերին անձնվեր պայքար են մղում:
Հայկական ծիրանի վաճառքն արգելափակած ադրբեջանցիները ցնցվել էին՝ ականատես լինելով այն հերթերին, որոնք գոյացել էին Մոսկվայում՝ ծիրանի վաճառակետերում: Սպառողներն անգամ ֆուռերից էին գնում ծիրանը: Թերևս, ադրբեջանցիները մոռացել էին, որ արգելված պտուղն ավելի քաղցր է լինում, առավել ևս հայկական ծիրանը, որի առողջարար հատկանիշները հայտնի են աշխարհի բազմաթիվ երկրների, ուր արտահանվում է այս քաղցրահամ միրգը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարեց՝ առաջացած խնդիրների վերաբերյալ դիմել են Մոսկվայի իրավապահ մարմիններին: Դեսպանատունը հայերին կոչ է անում զգոն լինել, սադրանքների չտրվել, զերծ մնալ չհամաձայնեցված ակցիաների մասնակցելուց ու չխախտել Ռուսաստանի օրենսդրությունը:
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ իր հերթին դիմել է Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործընկերներին՝ մասնավորապես ընդգծելով, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում: ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:
Հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթում