ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են շուրջ 13 ԱԹՍ
Հուլիսի 14-ին, ժամը 23.00-ին, Տավուշի մարզպետարանում անցկացվել է ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի առաջին ճեպազրույցը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ, նշել, որ երեկոյան 18:00-ից հետո նկատվել է լարվածության թուլացում:
Օրվա ընթացքում հակառակորդի կողմից հրետակոծվել են Չինարի, Այգեպար, Կարմիր Աղբյուր, Բերքաբեր գյուղերն ու Բերդ քաղաքը: Հակառակորդի կողմից կիրառվել են ականանետեր, հրետանային, ռեակտիվ հրետանային միջոցներ և տանկեր: Բարեբախտաբար քաղաքացիական ազգաբնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան, հրետակոծության արդյունքում բնակավայրերին հասցվել է նյութական վնաս. վնասվել են բնակելի տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ա. Հովհաննիսյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը, իրենց ձեռագրին հավատարիմ, շարունակում են թիրախավորել սեփական քաղաքացիական ազգաբնակչությանը՝ հայկական հենակետերի ուղղությամբ կրակ վարող հրետանային միջոցները տեղակայելով սահմանամերձ բնակավայրերի մերձակայքում: Նշվել է նաև, որ այս օրերի ընթացքում ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են հակառակորդի շուրջ 10 ԱԹՍ, այդ թվում նաև՝ իսրայելական արտադրության «Հերմես-900» հետախուզական անօդաչու թռչող սարքը:
Հաջորդ ճեպազրույցն անցկացվել է հուլիսի 15-ի առավոտյան: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերվա օպերատիվ իրավիճակը, արձանագրել, որ սահմանագոտում գիշերվա ընթացքում և առավոտյան չեն կիրառվել խոշոր տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ: Ըստ ՀՀ ՊՆ-ի տեղեկացման՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում։ Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուս զինծառայողներն առաջիկա շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 22:20-ից 23:00-ի սահմաններում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում։ Ըստ վերջին ամփոփ տվյալների՝ խոցված ԱԹՍ-ների ընդհանուր թիվը 13 է: