ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ
Հուլիսի 1-ին տասնօրյակից հետո հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը վերսկսել է իրավիճակի պարբերական սրացումները, որոնք ուղեկցվում են սադրիչ գործողություններով, հայկական դիրքերի ուղղությամբ շարունակական հրետակոծումներով։ Նրանք 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ապա թիրախավորել են Բերդ քաղաքը, Այգեպար բնակավայրը: ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Ադրբեջանը հայտնել է իր 12 զոհերի, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների մահվան ու 4 վիրավորների մասին։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում:
Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները։ Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից վարված կրակով կասեցվել է, իրականացվել են պատժիչ գործողություններ: Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը: