ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԻՐԱՎԱԿԱՆ
2 միլիարդ դրամ գրավն աննախադեպ էր, բայց դատախազությունը դրան ևս դեմ է, որոշումը կբողոքարկի
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավով ազատ կարձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է մոտ մեկ տարի անընդմեջ կալանքի տակ գտնվող պաշտոնաթող նախագահի փաստաբանների դիմումը։ Գլխավոր դատախազությունն այդ որոշումը պատրաստվում է բողոքարկել Վճռաբեկ ատյան։ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի առնչությամբ դատարանում հայտնել է, որ իր ողջ գույքը կալանքի տակ է և որ պետք է գրավադրի իր որդու և դստեր գույքը։ «Ուզում եմ ընդգծել նաև, որ այս ժամանակահատվածում, այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ բարձր վարկանիշ ունեցող դատավոր՝ վերաքննիչ քրեական դատարանում պարոն Ազարյանից հետո, ըստ էության, քննություն կատարեց՝ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ խափանման միջոցի հետ կապված, և գտավ, որ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը պետք է բավարարվի: Իհարկե, պետք է նշել, որ թիվը, որը սահմանվեց 2 միլիարդ դրամ գրավը, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետության մեջ չափը՝ որպես այդպիսին, աննախադեպ է: Կտեսնենք, իհարկե, արդեն հետագա զարգացումները», - ասաց նրա փաստաբան Ա. Վարդևանյանը:
Հիշեցնենք, 2008-ի մարտի 1-2-ի հետընտրական արյունալի դեպքերին առնչվող քրեական գործը չի քննվում սպանությունների հիմքով, այլ սահմանադրական կարգը տապալելու և այլ մեղադրանքներ են առաջադրված: Կալանքի մեջ էր միայն երկրորդ նախագահը, մյուս մեղադրյալները Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը ստորագրություն են տվել չհեռանալու մասին: Քոչարյանի ազատության համար երաշխավորել էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին չորս ղեկավարները։ Նրանց թվում վերջինը՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր, որի միջնորդությունը ևս մերժվել էր:
Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվել էր 2018-ի հուլիսին, ապա ազատ արձակվել օգոստոսի 13-ին՝ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ, որի դեմ հետո հակազդող քայլեր եղան։ Երկրորդ կալանավորումը 2018 թ.-ի դեկտեմբերին էր, հետո ազատ արձակվեց 2019-ի մայիսին՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ, որը բողոքարկվեց և Քոչարյանը կրկին կալանավորվեց 2019թ.-ի հունիսին։ Վերոնշյալ որոշումը երրորդն է՝ նրա ազատ արձակման։ Ենթադրվում է, որ այդ դատավորի նկատմամբ ևս քայլեր կլինեն իշխանության կողմից:
2-րդ նախագահի փաստաբանները, որոնց բողոքները Քոչարյանին կալանքից ազատելու հետ կապված նախկինում մերժվել են, վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորել են, որ 65-ամյա Քոչարյանը խոցելի տարիքային խմբում է և կորոնավիրուսի համավարակի պայմաններում անթույլատրելի է նրան կալանքի մեջ պահելը։ Քոչարյանը շեշտել է, որ իր խոսքի տեր մարդ է, պատասխանատվությունից չի խուսափում և որ ազատության մեջ քննության համար խոչընդոտներ չի ստեղծի։
Ի. Դանիելյան