ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ ԻՐԱՎԱԿԱՆ
ԱԺ-ի դիմաց պահանջում են թույլատրել խաղաղ ցույցերի անցկացումը
Կառավարությունն այսօր՝ հունիսի 12-ի արտահերթ նիստում որոշում ընդունեց Հայաստանում արտակարգ դրությունը նորից երկարաձգելու մասին՝ մինչև հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ։
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների հետևյալն է. հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 նոր դեպք և 173 առողջացած։
Կառավարության նոր որոշմամբ կան փոփոխություններ: Սահմանափակվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները՝ բռնագանձումների գործերով:Հանվել է նաև համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկ սահմանելու իմպերատիվ պահանջը՝ դա թողնելով ըստ իրավիճակի՝ առողջապահության նախարարի կողմից սահմանելուն:
Նշենք, որ սա 3-րդ երկարաձգումն է և կարանտինային 4-րդ ամիսը արտակարգ դրության մեկնարկից՝ մարտի 16-ից հաշված, որ արգելված են բոլոր տիպի հավաքները։
Ըստ օպերատիվ տվյալների՝ այս պահին մի խումբ իրավապաշտպաններ ԱԺ-ի դիմաց պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլատրել խաղաղ ցույցերի անցկացումը: Ազգային ժողովում կայանալիք հատուկ նիստում քննարկվելու է կառավարության նոր որոշումը՝ կարանտինի երկարաձգման մասին, ուստի ակնկալվում է, որ պատգամավորները՝ լիազորված լինելով վերացնել այս սահմանափակումը, կարող են հիմք ընդունել հանրային պահանջը։
Ի. Դանիելյան