ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ // ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ
ԽՈԶԱԳՐԻՊԸ 2009թ. ՊԱՆԴԵՄԻԱ ԷՐ, ԲԱՅՑ ՀՀ-ՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄ ՉՍԱՀՄԱՆՎԵՑ
Մեկամսյա ձգձգումից հետո, ի վերջո, <<Գործընթաց>> թերթը ՀՀ առողջապահության նախարարության միջոցով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացավ ապրիլի 13-ին ուղղած մի շարք հեղինակային հարցերի պատասխանները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
<<Գործընթաց>> - Խնդրում ենք պարզաբանել ՀՀ-ում ընդունված իրավական ակտերով <<համաճարակ>> հասկացությունը, թե ի՞նչ տոկոսային ընդգրկում պետք է ունենա հիվանդությունը մեր բնակչության շրջանում, որ իրավիճակը գնահատվի՝ որպես համաճարակ:
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ - Համաճարակը (էպիդեմիա) կոնկրետ ժամանակահատվածում մեկ կամ մի քանի վարչատարածքային միավորի տարածքում կամ դրանց մի մասում, կամ հանրապետության ամբողջ տարածքում հանրային առողջության համար վտանգ ներկայացնող միևնույն հիվանդության` ամենամյա միջին ցուցանիշը գերազանցող դեպքերի աճն է, որն ունի տարածման միտում: Համաճարակը բնութագրվում է վարակիչ հիվանդության զգալի արագությամբ տարածմամբ և լայն տարածքների ընդգրկվածությամբ, որի ժամանակ տվյալ տարածքում հիվանդացության ցուցանիշը զգալիորեն աճում է և կարող է առաջացնել արտակարգ իրավիճակ: Իսկ համավարակը (պանդեմիա) համաճարակային զարգացման փուլ է, երբ հիվանդությունն արձանագրվում է բոլոր մայրցամաքներում և տեղայնացնելու գործընթաց չի կարող գոյություն ունենալ:
<<Գործընթաց>> - Արդյո՞ք Հայաստանում կորոնավիրուսը հիմք է իրավիճակը գնահատելու որպես համաճարակ, եթե նման գնահատական տրվել է ՀՀ որեւէ իրավասու գերատեսչության կողմից, խնդրում ենք նշել հղումը: Մինչ օրս ՀՀ-ում նման պաշտոնական գնահատականի չենք հանդիպել:
Սույն հարցին պատասխան չի տրվել, իսկ նախորդ հարցի պատասխանում ՀՎԿԱԿ-ի նշածը, թե պանդեմիայի դեպքում <<տեղայնացնելու գործընթաց չի կարող գոյություն ունենալ>>, հարակից հարցերի տեղիք է տալիս: Չէ՞ որ 2009-2010թթ.-ին խոզագրիպի տարածման պայմաններում ևս ԱՀԿ-ի կողմից հայտարարվել էր պանդեմիա, սակայն Հայաստանում այն հիմք չընդունվեց իրավիճակն արտակարգ համարելու և արտակարգ դրության ռեժիմ մտցնելու համար, իսկ ներկայիս եռափուլ արտակարգ ռեժիմի ողջ ընթացքում ՀՎԿԱԿ-ն իր պաշտոնական հաղորդագրություններում այդպես էլ չօգտագործեց <<համաճարակ>> հասկացությունը, փոխարենն ամեն անգամ դեպքերի թվաքանակը ներկայացնելիս նշում է <<կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում>> արտահայտությունը...:
Մեկ այլ հարցով կոնկրետ ակնկալել էինք ստանալ անցած գրիպային սեզոնին՝ աշնանը, նաեւ նախորդ տարիներին արձանագրված սուր շնչառական հիվանդացության դեպքերի տարեկան կամ սեզոնային պաշտոնական միջին ցուցանիշը: Արդյո՞ք արտակարգ դրության հայտարարման պահին եւ ներկայում գերազանցվել է այդ ցուցանիշը, եթե՝ ոչ, ինչու՞ է երկարաձգվել արտակարգ ռեժիմի ժամկետը: Ի պատասխան այս հարցի՝ ՀՎԿԱԿ-ը խառն է ներկայացրել տարեկան ցուցանիշները և նշել, թե 2018-2019թթ. գրիպի սեզոնի ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակների դեպքերի թիվը 140.685 է (ցուցանիշն ըստ 100.000 բնակչի՝ 473.2), իսկ 2019-2020թթ. գրիպի սեզոնի ժամանակահատվածում արձանագրված սուր շնչառական վարակների դեպքերի թիվը 158.308 է (ցուցանիշն ըստ 100.000 բնակչի՝ 533.8):
ՀՎԿԱԿ-ն ըստ մեր հարցի պետք է կոնկրետ նշեր տարեկան ցուցանիշները 2019թ.-ի և 2020թ.-ի մասով տարանջատված, ինչը չի արել, մինչդեռ տարբերությունն ահռելի մեծ է: Հաշվի առնելով, որ արդեն ավարտված է տարվա առաջին կեսը՝ գարնանային սեզոնով հանդերձ և որ մեր հարցերի պատասխանները ձգվել էին 1 ամսից ավել, անիմաստ էր նույն հարցը 2-րդ անգամ ուղղելը, ուստի հիմք ընդունեցինք ՀՎԿԱԿ-ի կայքի այս տարվա հաղորդագրությունները 2020թ. տարեսկզբից սկսած մինչ արտակարգ ռեժիմի սահմանումը: Պարզվեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքում փաստել են, որ 2020թ. հունվարի 16-ի դրությամբ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով դիմել է 848 պացիենտ, նախորդ տարվա նույն օրվա 1960 պացիենտի փոխարեն՝ նվազելով 2,3 անգամ: Մարտի 5-ի հաղորդագրությամբ ևս նշել էին, որ համաճարակաբանական դիտարկումների արդյունքով՝ սուր շնչառական վարակներով դեպքերն ունեն նվազման միտում: Դրանից օրեր անց՝ մարտի 11-ին արձանագրվեց կորոնավիրուսի 1-ին դեպքը, որից հետո մինչ օրս՝ մայիս 30-ի դրությամբ 57081 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդամենը 8927 դեպք, որոնցից 3317-ն` առողջացած, 127-ը` մահվան ելքով:
Վերոնշյալ թվերից բխում է, որ մոտավոր հաշվարկով տարանջատելով 2019թ. և 2020թ. ցուցանիշները՝ ստացվում է, որ 2019թ. գրանցվել է գրիպի մոտ 152000 դեպք: Հանրության շրջանում էլ առավել տարածված են այն տեղեկությունները, որ 2019թ.-ին տարածված է եղել ծանր գրիպ, բայց հաղթահարել են: Թե քանի՞ մահ է գրանցվել 2019թ.-ին, թերևս, ՀՀ ԱՆ-ն չպետք է խուսափի առաջիկայում հաղորդել հանրությանը, որ հնարավոր լինի համեմատել իրավիճակներն ու ավելորդ խուճապ չտարածել: Նշված թվերը հակառակի մասին են փաստում, որ համաճարակից այս տարի հեռու ենք, գուցե, ինչպես ժողովուրդն է ասում, այն արդեն եղել է 2019թ.-ին: Նշենք, որ կորոնավիրուսի 1-ին թեստերը Հայաստանն ունեցել է փետրվարի սկզբին՝ ըստ ՀՎԿԱԿ-ի կայքի:
Մի ուշագրավ նկատառում ևս, վարակակիրների թվի կտրուկ աճ սկսեց հաղորդվել, երբ ստացանք ՀՎԿԱԿ-ից երկար սպասված հարցերի պատասխանները, դրանով հանդերձ ՀՎԿԱԿ-ը զերծ է մնում <<համաճարակ>> բառն օգտագործելուց իրավիճակի վերաբերյալ իր պաշտոնական հաղորդումներում: Առաջ անցնելով մասնագիտացված օղակից, <<համաճարակ>> բառը պարբերաբար օգտագործում է քաղաքական իշխանությունը, թեպետ այն քաղաքական տերմին չէ, այլ բժշկագիտական և պետք է այս առումով առաջնորդող լինեն ՀՎԿԱԿ-ի ձևակերպումները:
Հ.Գ. Տեղեկացնենք, որ նշված հոդվածը՝ բացառիկ հարցազրույցով հրապարակվել է 30.05.20թ. <<Գործընթաց>> թերթի N 276 համարում, որից հետո կորոնավարակման դեպքերի պաշտոնական թիվը հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ կազմել է ընդհանուր 13325 դեպք, որոնցից 4099-ն` առողջացած, 211-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8943 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 70000 թեստավորում: Այս թվերը վերահաստատում են հոդվածում նշված այն փաստը, որ հեռու ենք համաճարակից, քանզի անցած տարվա՝ 2019թ. ցուցանիշը չի գերազանցվել:
Հոդվածն ամբողջական հարցազրույցով կարդացե՛ք <<Գործընթաց>> թերթում: