ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
Ի՞ՆՉ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՔԱՋԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ, ԶՊՄԿ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ
25.05.2020 17:29

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ       ԻՐԱՎԱԿԱՆ    

ՔԿ-ն՝ Քաջարանում  անձի առերևույթ առևանգման դեպքով քր.գործի վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական  կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք,  Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան: Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին « Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է: Քրեական գործի նախաքննության ընթացքում, Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Իրականացվում են մեծածավալ քննչական  գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն  հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա  համար  նախատեսված է քրեական պատասխանատվություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հ.Գ. Տեղեկացնենք, որ Մանվել Փարամազյանը 1994-1995թթ․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում աշխատել է փոխարկիչի մեքենավար: 2016թ.-ից զբաղեցնում է Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնը, ներառյալ համայնքի խոշորացումից հետո, որը դժգոհությամբ ընդունեցին համայնքի կազմի մեջ մտնող գյուղերը՝ զրկվելով աշխատատեղերից ու բյուջեներից, մնալով չնչին գումարների հույսին, որոնք գյուղեր ուղղվում են Փարամազյանի ղեկավարած կառույցի քմահաճությամբ: Հավելենք, որ մինչ նշված միջադեպը Քաջարանը հայտնի չէր՝ որպես աղմկահարույց քաղաք:

Թեմայի շուրջ առավել մանրամասն՝ <<Գործընթաց>> թերթում: