ՄԱՄՈՒԼԸ /ՏՊԱԳԻՐ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ/, ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՎ 17-ՐԴ ԴԱՐԻՑ Ի ՎԵՐ, ԱՌԱՋԱԴԵՄ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԴԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ ՄԱՄՈՒԼԻ ԿԱՅԱՑՄԱՆՆ Ի ՆՊԱՍՏ` ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է «ԳՈՐԾԸՆԹԱՑ» ԱՆԿԱԽ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ՝ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՑ՝ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՑ Ի ՎԵՐ
ՊԵԿ-ը մաքսանենգ ծխախոտի արտահանման աղմկահարույց միջադեպերի շուրջ
21.05.2020 22:38

    ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ      ՔԱՂԱՔԱԿԱՆ   

ՎԱՐՉԱՊԵՏ  ՓԱՇԻՆՅԱՆԸ  ՉԻ  ՀԵՐՔԵԼ  Մ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ՝

ԸՍՏ  ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԵՐԻ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը վերջերս հրապարակել էր տեսաշար՝ հաղորդելով տեղեկություններ, ըստ որոնց տոնական մայիսի 9-ին Հայաստանից ՌԴ է մեկնել մաքսանենգ ծխախոտով լի երկրորդ ինքնաթիռը, ու դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ։ Որպես դրա հիմնավորում՝ Մինասյանը նշում է, որ «Հայաստանը գտնվում է մի ժամանակաշրջանում, որ Նիկոլ Փաշինյանն անվանում է հատուկ դրություն, երբ Հայաստանը հատուկ ռեժիմի մեջ է, բոլոր ինքնաթիռները, որոնք մեկնում են Հայաստանի տարածքից և Հայաստանի տարածքով, պետք է ունենան կառավարության թույլտվությունը»:

Ավելի վաղ Մ. Մինասյանն իր տեսաուղերձում նշել էր, որ ՀՀ գործող վարչապետը «ներքաշել է Հայաստանը միջազգային մաֆիոզական համակարգի մեջ»՝ հղում անելով ՌԴ-ում հայտնաբերված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին, որն ըստ նրա՝ առնչվում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի՝ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ: Մինասյանի տեղեկություններով` Սիփանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը՝ այնտեղ իր «դրածո» ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Իսկ որպես միջնորդ նա նշել է Աննա Հակոբյանի եղբոր՝ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անունը: Տեսաուղերձում նշվում էր նաև, որ ռուսաստանյան աղբյուրների հաղորդմամբ՝ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ և մաքսային ծառայության աշխատակիցների կողմից Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել է մաքսանենգ ծխախոտի 2700 տուփ, և որ տարբեր ապրանքանիշների տուփերի վրա եղել է հայկական ակցիզ:

Անդրադառնալով 2-րդ միջադեպին, նշենք, որ ըստ Միքայել Մինասյանի այն ևս «բռնվել» է և ողջ խմբաքանակն առգրավվել է, հետաքննություն է սկսվել։ Ըստ նրա՝ հետքերը մաքրելու համար հայկական բոլոր ռեգիստրներից հանել են այդ թռիչքը՝ մոռանալով միջազգային թռիչքների ռեգիստրների մասին, որոնցում էլ Երևան-Վորոնեժ թռիչքը նշված է։

Այս առնչությամբ այսօր՝ մայիսի 21-ին, ՊԵԿ-ը տարածել է պարզաբանում՝ ՀՀ-ից մաքսանենգ ծխախոտի արտահանման վերաբերյալ, դրանում նշելով, որ ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործողություն, այդ թվում՝ մաքսային հսկողություն: Դրանից բխում է, որ նրանք չեն հերքել Մինասյանի հաղորդած միջադեպերի առկայությունը:

ՊԵԿ-ը մանրամասնել  է հետևյալը. <<Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:  Կոմիտեն հայտնում է, որ 29.05.2014 թ.-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ պայմանագրով նախատեսված դեպքերի: Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։ Իսկ համաձայն պայմանագրի 29-րդ հոդվածի. «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` 1) մարդու կյանքի և առողջության պահպանման, 2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, 3) շրջակա միջավայրի պահպանության, 4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, 5) միջազգային պարտավորությունների կատարման, 6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման  (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու: Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։ Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից: Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են>>:

Ինարա Դանիելյան