ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
Մինչև 2020 թվականի հուլիսը 119 բուժկառույց կֆինանսավորվի կանխավճարային սկզբունքով
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել է առցանց մամլո ասուլիս, որը ենթադրում էր լրագրողների կողմից նախապես ուղարկված, արդեն իսկ հայտնի հարցերին նախապես որոշված պատասխաններ:
Նա նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակում Հայաստանն ակտիվորեն համագործակցում է իր գործընկերների և միջազգային կառույցների հետ: Այդ համագործակցության շրջանակում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ շուրջ 96 մլն եվրոյի, ԱՄՆ-ն՝ 1.7 մլն դոլարի, Համաշխարհային բանկը՝ 3 մլն դոլարի դրամական կամ նյութատեխնիկական աջակցություն։ Մի շարք միջազգային կառույցներ և գործընկեր երկրներ նախատեսում են մեծացնել Հայաստանին տրամադրվելիք աջակցության ծավալները։ Մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր, որով Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 մլն եվրոն։
Հաղորդվել է, որ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված ֆինանսական դժվարությունները մեղմելու նպատակով մինչև 2020 թվականի հուլիսը թվով 119 բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումը կիրականացվի կանխավճարային սկզբունքով:
Հաղորդվել է, որ նոր կորոնավիրուսային հիվանդությանը դիմակայելու նպատակով ձեռք են բերվել շուրջ 100000 թեստեր, և շարունակում են ձեռք բերվել բժշկական սարքեր, անհատական պաշտպանիչ պարագաներ։ Մասնավորապես, Հայաստանին կմատակարարվեն լրացուցիչ 70 թոքերի արհեստական օդափոխության սարքեր: Նախատեսվում է ձեռք բերել հավելյալ շտապօգնության, բարձր անցողունակության ավտոմեքենաներ։ Վարակի ախտորոշման և բուժման նպատակով մեկնարկել է շարժական և էլեկտրոնային ռենտգեն և այլ անհրաժեշտ բժշկական սարքավորումների գնման գործընթացը։ Հայաստանում ստեղծվել են պաշտպանիչ դիմակների արտադրություններ, որոնք ի վիճակի են բավարարել ներքին պահանջարկը և իրականացնել արտահանում: Նույնը վերաբերում է նաև ալկոգելերի արտադրությանը: