ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
ՄԱՅԻՍԻ 18-ից ԿԱՇԽԱՏԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ,
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ, ՄԱՅԻՍԻ 25-ԻՑ ԴԻՄԱԿ ՉԿՐՈՂԸ ԿՏՈՒԳԱՆՎԻ
Ազգային ժողովը մայիսի 14-ին գումարել է հատուկ նիստ, որն ըստ էության, ձևական նիստ էր, ընդամենն ունկնդրելու համար այն որոշումը, որը մինչ այդ արդեն կայացվել էր կառավարությունում: Եվ այսպես, ՀՀ կառավարության որոշմամբ՝ կերկարաձգվի ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչեւ 2020 թվականի հունիսի 13-ը` ժամը 17:00-ն:
Այդ որոշման հիմքում դարձյալ չկա արտակարգ իրավիճակի, տվյալ դեպքում՝ համաճարակի վերաբերյալ մասնագիտական գնահատական: Ընդամենը թվական տվյալներ են, որոնք ինչ-որ իրավիճակ են նկարագրում, այն համաճարակ է, թե՞՝ ոչ նշված չէ: Սա թույլ է տալիս արձանագրել, որ ընդունվել է հերթական անհիմն որոշումը: Ի դեպ, նախօրեին արտակարգ ռեժիմը երկարաձգելու լուրերը ճշտելու առնչությամբ զրույց ունեցանք պարետի խոսնակ Վահան Հունանյանի հետ և համոզվեցինք, որ տեղյակ չէին հանրային դժգոհություններին, ավելին՝ համավարակը հոմանիշ են համարում համաճարակին և կարծում, որ արտակարգ ռեժիմը երկարաձգելու որոշման մեջ կարող է բացակայել <<համաճարակ>> բառը, այսինքն՝ այն, ինչ հիմք է հանդիսանում իրավիճակն ըստ ՀՀ օրենքների՝ արտակարգ գնահատելու, դրանով իսկ արտակարգ ռեժիմը երկարաձգելու համար: Այս առումով պարետի խոսնակը նշեց, թե առաջնորդվել են ԱՀԿ-ի գնահատականով, իսկ երբ նշեցինք, թե մեր երկրում ՀՎԿԱԿ-ն է գնահատողը, հավելեց, թե նրանք չեն որոշում արտակարգ ռեժիմի ու դրա երկարաձգման հարցը:
Դե, իհարկե, դա որոշվում է վարչապետ-պարետ մեկ մեկուց առաջ անցած ելույթներով կամ <<լայվերով>>: Դժվար էր հավատալ, բայց, ի վերջո, ըմբռնեցին հանրային տրանսպորտի կարևորությունը ժողովրդի զգալի մասի համար, որը կարիք ունի, դիցուք, հաց ու դեղամիջոց հասցնելու իր վիրահատված հարազատին: Ի վերջո, մեր երկրում հիվանդացության ցուցանիշով կորոնավիրուսը շատ ավելի հետին հորիզոնականներում է, մահացություն գրանցվում է ավելի շատ ուղեկցող հիվանդություններից՝ քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն, որոնք մեր երկրում ավելի գերակա են, բայց անտեսվել էին այս ողջ ընթացքում: Այս մասին նշել էինք նաև մեր նախորդ հրապարակումներում:
Մասնավորապես՝
- Վերացվելու է հանրային տրանսպորտի գործունեության արգելքը: Հանրային տրանսպորտով երթևեկությունը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով:
- Վերաբացվելու են առևտրի իրականացման վայրերը:
- Հանվելու է հանրային սննդի ոլորտում միայն բացօթյա տարածքում գործունեություն իրականացնելու սահմանափակումը:
- Մարզասրահների աշխատանքի արգելքը նույնպես կհանվի:
- Վերաբացվելու են բացօթյա պատմամշակութային վայրերը:
- Հանվելու է մշակութային ստեղծագործական խմբերի գործունեության սահմանափակումը, սակայն բացառապես փոքր խմբերով փորձերի համար:
- Թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն մանկապարտեզները կկարողանան գործել:
Կանոններ
- Վերաբացվող բոլոր ոլորտների համար սահմանվելու են հստակ անվտանգության կանոններ, որոնց պահպանմամբ է միայն հնարավոր գործունեության իրականացումը:
- Պարտադիր է լինելու մարդկանց մոտ պաշտպանիչ դիմակի առկայությունը հանրային բաց տարածքներում:
- Հանրային միջոցառումներին մասնակիցների քանակը սահմանվելու է առավելագույնը 5 հոգի:
Կանոնները չպահպանելու դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Մանրամասները՝ տե՛ս հետևյալ հղմամբ:
Թեմայի առնչությամբ հոդվածն ամբողջությամբ տե՛ս <<Գործընթաց>> թերթի 15.05.2020թ. թիվ 275 համարում: