ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ԱՐԿԱԾԱՅԻՆ
ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐՆ ԱՄԻՍՆԵՐ ԱՆՑ ՊԱՐԶԵՑԻՆ, ՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՅՐԵՆԻ
ԳՅՈՒՂԻ <<ԷԿԶՈՏԻԿ ՏՈՒՐԻՍՏԸ>> ՀՈՎԱԶ Է
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը հաղորդագրություն է տարածել , ըստ որի՝ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ /հովազ/ են ֆիքսել։ Այս արձանագրումը կատարվել է տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունն ընդլայնելու արդյունքում անցած տարվա` 2019թ.-ին Ենոքավանում գրանցված հայտնի միջադեպից հետո, երբ հովազը հարձակվել էր մի բնակչի՝ Ա. Գաբրիելյանի վրա: Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչներն ու տեղի տուրիստական ընկերությունը։
Նշենք, որ <<Գործընթաց>> թերթն այդ ժամանակ՝ 23.11.19թ. թիվ 267 համարում հրապարակել էր <<ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ - ՀՈՎԱԶԸ ԵՆՈՔԱՎԱՆՈՒՄ <<ՍՊԱՌՆՈՒՄ Է ԻՐԱՎԻՃԱԿ ՓՈԽԵԼ>>>> հոդվածը, որից մի հատված ներկայացնում ենք ստորև:
<<Տավուշի մարզի Ենոքավան գյուղը <<հեղափոխական>> վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի հանգստավայրն է, սակայն վերջերս այն դարձել է <<Կարմիր գրքում>> գրանցված կովկասյան հովազի ազատ որսատեղի: Տեղաբնակների այս կարծիքներին չեն հավատում բնապահպանները: Նրանք ցնցված են, քանի որ <<թակարդ>> տեսախցիկներ էին տեղադրել երկրի հարավում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, ուր մեկումեջ երևում էր այս նախշամորթ կենդանին: Ըստ երևույթին նա դուրս գալով տեսադաշտից <<իր ցատկն>> է կատարել հարավից հյուսիս, ամենայն հավանականությամբ, Ենոքավանից պարբերաբար տարածվող խորովածի բույրի <<կանչով>>:
Ենոքավանի նորահայտ <<էկզոտիկ տուրիստը>>, սակայն, անտառում հարձակվել է մոլորված խոզերի վրա՝ հոշոտելով մի քանիսին, ինչը նկատել է խոզերի տերը: Նա լինելով որսորդ, տեղի տուրիստական հանգստյան գոտու ձիարշավարանի պատասխանատու, որոնելիս է եղել իր խոզերին: Բնապահպանների կարծիքով՝ հովազը կարող էր հարձակվել գուցե զգալով, որ նա կարող էր խանգարել իրեն սնվելիս: Հովազի անակնկալ հարձակումից որսորդ Արմանը վնասվածքներ է ստացել՝ տեղափոխվելով մոտակա բուժկենտրոն: Նա մանրամասներ է ներկայացրել, թե ինչպե՞ս է իրեն հաջողվել դուրս պրծնել հովազի ճանկերից: Մինչ բնապահպանները պարզում են հովազի ծագումը, վերջինս շարունակում է ազատ շրջել <<սպառնալով իրավիճակ փոխել>> Ենոքավանում՝ ազդելով տուրիստական բիզնեսի վրա՝ անակնկալի բերելու արկածային տուրիզմի այցելուներին: Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2019թ.-ը հայտարարել էր կովկասյան հովազի կամ ընձառյուծի տարի, թեպետ ըստ աստղակերպի՝ 2019թ. խոզի տարի էր>>:
Հ. Գ. Այս տարի՝ 2020թ.-ին կատարված հետազոտությունները տվեցին իրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսեցին ընձառյուծին: Արձանագրվեց, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։
Հոդվածն ամբողջությամբ՝ <<Գործընթաց>> թերթում