ԳՈՐԾԸՆԹԱՑ թերթ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ // ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԸ 1994Թ. ԶԻՆԱԴԱԴԱՐԸ ԿՆՔԵՑ՝
2-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՊԵՍ ԱՆՁՆԱՏՈՒՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Որպես պատերազմներում հաղթական շրջադարձի օր` մայիսի 8-9-նն առանձնանում են պատմական տոնացույցում: 1992 թ. այդ օրերին Արցախյան ազատամարտում բեկումնային եղավ Շուշիի ազատագրումը՝ փառահեղ հաղթանակ, որով ծնվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, որը շարունակում է լինել ազատ և անկախ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Մայիսի 8-ը նաև որպես Երկրապահի օր՝ ամբողջացնում է հաղթական եռատոնը:
Այս տարի մայիսի 9-ին նշում ենք ոչ միայն Շուշիի ազատագրման 28-ամյակը, այլև Մեծ Հայրենականում հաղթանակի 75-րդ տարեդարձը: Հայ ժողովրդի լրջագույն ներդրումը երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի գործում անուրանալի է: Համաշխարհային պատմության փառքի էջերին հավերժացած են բազմաթիվ հերոս հայորդիների անուններ, որոնք ապացուցեցին իրենց նվիրումը՝ հանուն արդար հաղթանակի: Երկրորդ համաշխարհային պատերազմը, ներգրավված լինելով 60-ից ավելի երկրների՝ 1,7 մլրդ բնակչությամբ, զոհաբերեց մոտ 50 մլն մարդու կյանք: Վիրավորների թիվն անցնում էր 90 մլն-ից: Մոտավոր հաշվարկներ կան նաև նյութական կորուստների մասով, որոնք միլիարդավոր դոլարների են հասնում:
Ի տարբերություն Հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի պարագայում թշնամին այնքան խորամանկ եղավ, որ տեսնելով հայկական կողմի շարունակական հաղթանակները՝ մայիս 9-ին Շուշիի, ապա Լաչինի, 1993-1994թթ.-ին Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի և այլ տարածքների ազատագրումը, շտապեց զինադադարի կնքմանը 1994թ. մայիսին: Ադրբեջանը կանխազգում էր իր մոտալուտ անձնատվության պահը: Գնալով զինադադարի՝ նա կանխեց Բաքվի կորուստը՝ գուցե հենց հետահայաց հիշելով Երկրորդ համաշխարհային պատերազմին խորհրդային ուժերի Բեռլին հասնելուց հետո Գերմանիայի անձնատվությունը, սակայն ի տարբերություն վերջինիս, Ադրբեջանը խորամանկորեն շրջանցեց անձնատվության պահը՝ հույս ունենալով հետագայում վերստին դիմել արկածախնդրության: Ամեն տարի տոնելով պատմական առանցքային օրերը, թերևս, առավել ոգևորվում ենք հաղթանակներով, որոնք առավելապես հաջողել ենք ինքնապաշտպանության համար մղված մարտերում: Բավարարվելով ինքնապաշտպանությամբ և չլինելով ագրեսիվ հարձակվող, խնդիր ունենք հաղթական արդյունքների ամրագրման առումով: 1994թ.-ին Հայաստանն արագ ընդունեց զինադադար կնքելու Ադրբեջանի խնդրանքը, այնինչ պետք է չընդունեինք. մինչև թշնամու լիակատար անձնատվություն, քանի որ նա էր եղել հարձակվողը: Այդ ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սխալ կողմնորոշման արդյունքում 26 տարի բանակցություններ են տարվում` ընդամենն ամրագրելու համար պատերազմի արդյունքները ու դեռ խոսվում է փոխզիջման մասին: Նշենք, որ զինադադարի փաստաթուղթը ստորագրել էր նախ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը, ապա Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը, ապա նամակ են հղել Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին` հայտնելով 1994թ. մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի` կրակը դադարեցնելու պատրաստակամությունը: Մեր հերոսների ձեռքբերած հաղթանակների արդյունքները արձանագրելու համար մինչ օրս տևական ջանքեր են գործադրվում, մինչդեռ դրա ամենհարմար պահը 1994թ.-ին էր:
Ու առայսօր Ադրբեջանը փորձեր է կատարում տարածել պատերազմական կոչեր, որոնց հիմքում արդեն ոչ միայն Արցախը զավթելու, այլև Հայաստանի, այդ թվում՝ Տավուշի, Սյունիքի, ընդհուպ Երևանի զավթման հին հավակնություններն են: Ադրբեջանաթուրքական քոչվոր ցեղախմբերի ու ներկայիս նրանց պետական սուբյեկտների նկրտումները փաստացի չեն տարբերվում, և այսօր էլ խաղաղությունը մնում է անկայուն, քանզի Ադրբեջանը վաղուց կորցրել է իրականության գիտակցումը, որ Արցախն այլևս երբեք իրեն հասու չի լինի:
Մայիսի 9-ը խորհրդանշում է Հայաստան-Արցախ միակամ ուժերի մաքառումն՝ ընդդեմ ցեղասպանագործների պանթուրքիստական ծրագրերի, խորհրդանշում է Արցախի ազատագրության կամավորագիրների, հերոս ազատամարտիկների ջանադիր նվիրումը` հանուն արդար հաղթանակի ու խաղաղության, որ ձեռքբերվեց արյամբ և մեծագույն նյութական կորուստներով, բայցև պարգևեց անշրջելի հաղթանակ, անսահման բերկրանք, ազգային բարձր հպարտություն հաղորդելով ամեն հայի:
Ադրբեջանը մինչ օրս անդադար զինվում է ու դրա դրդապատճառներից մեկն էլ այն գիտակցումն է, որ 1990-ականներին հայ կամավորականները հաղթանակ էին ապահովում անգամ ոչ ժամանակակից զենքերով, երբեմն էլ առանց զենքի կամ այն խլելով թշնամուց: Բացի այդ, Ադրբեջանը հաշվարկում է, որ հայերը կարողացան հաղթել կռվելով խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ, նաև ԱՊՀ-ից ու Թուրքայից վարձկանների դեմ: Հայաստանը և Արցախը կռվում էին ոչ միայն պաշտպանելու սահմաններն, այլև ազատագրում հայկական հողերն, այն հենակետերն, այդ թվում՝ Քելբաջարը, Աղդամը, Լաչինը և այլ տարածքներ, որոնք Ադրբեջանն ուզում էր վերահսկել հայության ոչնչացման և Արցախի տարածքները յուրացնելու համար:
Հարգանք ու խոնարհում բոլոր հայ քաջերին, դյուցազուններին, որոնց շնորհիվ անառիկ է մեր սահմանը: Նրանց ազատատենչ ոգին կոտրեց ուժերի անհավասարակշռության անհաղթահարելի թվացող շղթան: Կյանք ու մահի այդ հերոսամարտում զոհեր ունեցանք, որոնց անմահ հիշատակը թույլ չի տա երբևէ որևէ զիջում անել թշնամուն:
Այսօր ունենք բանակ՝ ի տարբերություն 1990-ականների, և նրա հենարանն է ժողովուրդը, իսկ ոգին՝ հայոց հողերն ազատագրած նահատակ թե կենդանի անպարտ կամավորականներն, այդ թվում՝ Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Թաթուլ Կրպեյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Սուրիկ Խաչատրյանը, Սեյրան Սարոյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը, Մանվել Գրիգորյանը, Մանվել Եղիազարյանը, Շահեն Մեղրյանը, Մելիքսեթ Պողոսյանը, Վուրգը, Հովիկ Ազոյանը, Աշոտ Մինասյանը, Սուրիկ Բաղդասարյանը, Մանվել Օհանյանը, Պավլիկ Մանուկյանը, Արայիկ Խանդոյանը, Մանվել Վարդանյանը, Արամ Ավանեսյանը և այլք: Փա՛ռք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր մասնակից են եղել ազատագրական շարժմանն ու հայոց սահմանների պաշտպանությանը, բանակաստեղծմանն ու բանակաշինությանը՝ դրանով իսկ պետության անվտանգության երաշխավորմանը: Ուժ ու կորով մաղթե՛նք մեր կենդանի հերոսներին, առողջություն, սահմաններին ՝ խաղաղություն, որ բոլոր հայ զինվորները ողջ ու առողջ դառնան տուն՝ մեզ բոլորիս ու իրենց հարազատներին բերելով հպարտություն:
Հոդվածի հեղինակ՝ քաղաքագետ Ինարա Դանիելյան